Աղբիւր՝ www.yerakouyn.com

Հայկական ուղղաթիռի Զգետնումը Ադրբեջանի զինուած ուժերի կողմից լրջօրէն մտահոգել է Մ.Ա.Կ.-ի գլխաւոր քարտուղար Բան Քի Մունին, որ կոչ է արել կողմերին թոյլ չտալ իրավիճակի յետագայ լարուածութեան: Ինչպէս հաղորդում է «Արմէնփրես»-ը, այս մասին Նիւ Եորքի մէջ տեղի ունեցած ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Մ.Ա.Կ.-ի գլխաւոր քարտուղարի մամուլի խօսնակը:

«Մ.Ա.Կ.-ի գլխաւոր քարտուղարը կիսում է Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց միջազգային գործընկերների մտահոգութիւնը` կապուած 2014 թուականի նոյեմբերի 12-ին շփման գծի վրայ հրադադարի խախտման հետ` ինչպէս նաեւ այն գործողութիւնների, որոնք յանգեցրեցին ռազմական ուղղաթիռի զգետնումին եւ անձնակազմի մահուան»,- նշել է մամուլի խօսնակը:

Բան Քի Մունը դիմել է բոլոր կողմերին` կոչ անելով կատարել իրենց պայմանաւորուածութիւնը հրադադարի համաձայնագրի շրջանակում:

Նա յորդորել է նաեւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք յանգեցնում են իրավիճակի յետագայ լարմանը, ինչպէս նաեւ իրագործել բազմիցս տրուած խոստումները հակամարտութեան խաղաղ կարգաւորման հասնելու վերաբերեալ: Բան Քի Մունը նաեւ իր աջակցութիւնն է յայտնել Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբին եւ նրա երեք համանախագահներին: