Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Դեմոքրաթ հաբեր» կայքը հաղորդում է, որ Ուրֆայում գտնւող հայկական եկեղեցիներից երկուսը, որոնք Թուրքիայի հանրապետութեան տարիներում մզկիթների են վերածւել, բնակիչների ուշադրութեան կեդրոնում են յայտնւում միայն Ռամազան ամսւայ ընթացքում:

Ռամազան ամսւայ արեւածագից մինչեւ մայրամուտ ծոմ պահող թուրք հաւատացեալները սիրում են հանգստանալ եւ ծոմի աւարտին սպասել այս եկեղեցիներում:

Ուրֆայում 1915-ին Հայոց ցեղասպանութեան պատճառով դատարկւած եկեղեցիներից Ս. Աստւածածինը եւ Ս. Առաքելոցը տասնամեակներ յետոյ մզկիթների վերածւեցին:

Հին լուսանկարներում երեւում է, որ քաղաքի համայնապատկերի մէջ ի՛նչ կարեւոր տեղ է գրաւել Ս. Աստւածածինը, որի կողքին հայկական քոլէջ եւ մէկ այլ եկեղեցի էր գտնւում, իսկ այժմ նրա տեղ թրքական դպրոց է:

Ցեղասպանութիւնից յետոյ մինչեւ Ուրֆայի բերդ երկարող հայկական թաղամասի հետ «ջնջւած» եկեղեցին նախ Անատոլուի նմանատիպ եկեղեցիների նման երկար տարիներ անխնամ մնաց` աւերակի վերածւեց, ապա ելեկտրականութեան կայան դարձաւ: 1993-ին վերածւեց մզկիթի եւ մէկ տարի յետոյ վերաբացւեց արդէն իսլամ հաւատացեալների համար:

Նման ճակատագրի արժանացաւ նաեւ Ս. Աստւածածնից 37 տարի առաջ` 1956-ին մզկիթի վերածւած Ս. Առաքելոց եկեղեցին, որի կառուցման ճշգրիտ թւականը յայտնի չէ:

Նահանգապետարանի կայքի վրայ եկեղեցու հայկական անցեալի մասին ոչ մի խօսք չկայ: Միայն նշւում է, որ այս երկու հին եկեղեցիները քրիստոնէական կարեւոր կնտրոններ են եղել:

Սակայն այս կառոյցների քրիստոնէական անցեալը շարունակում է մնալ բնակիչների յիշողութեան մէջ: 11 ամիս շարունակ այն չի գրաւում իսլամ հաւատացեալների ուշադրութիւնը: Այն օրերին, երբ շրջակայքի մզկիթները լեցուն ե լինում նամազ անող իսլամներով, այս մզկիթի վերածւած եկեղեցիներն այցելուներ չեն ունենում: Նրանք լցւում են տարւայ մէջ միայն մէկ ամիս: Այդ հետաքրքրութեան պատճառը Ուրֆայի 40 աստիճան տաքութիւնն է, երբ իսլամ համայնքը նախընտրում է տաքութիւնից պատսպարւել եկեղեցու մէջ եւ սպասել ծոմապահութեան աւարտին: