Աղբիւր՝ www.hyeli.com

 

Ատպատականի Հայոց Թեմի Հիմնադրութեան 770 ամեակի ծիրից ներս, Հինգշաբթի 11 Սեպտեմբեր 2014-ին, առաւօտեան ժամը 11-ին, սկսեց Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայ Վանքի տարեկան ուխտագնացութիւնը, Տաճարում մատուցւած Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագով: Եկեղեցական արարողութեան եւ ազգային տօնախմբութեանը ներկայ գտնւեցին հայորդիներ, որոնք Վանքերի Ուխտագնացութեանց Յանձնախմբի տնօրինումով դասաւորւած հանրակառքերով եկել էին Թաւրիզից, իսկ ուխտաւորների այլ խմբեր եկել էին նաեւ Ռահւայից եւ Գեարդաբադից: Պետական պատասխանատուներ, Ջուլֆայի սահմանապահ բանակի գնդապետներ եւ զինւորներ, ինչպէս նաեւ փոքրամասնութիւնների Բաժանմունքի պատասխանատուներ եւս ներկայ էին, հարկ եղած դիւրութիւնները մատուցելու համար ուխտաւորներին:

Եկեղեցական թափօրը տօնական հանդերձանքով ծայր առաւ Վանքի վանահօր վերջերս վերանորոգւած սենեակից, եւ պատմական Դպրեվանքի շրջափակից անցնելով, «Հրաշափառ»ով մուտք գործեց Տաճար:

Ս. պատարագը մատուցեց եւ իր պատգամը փոխանցեց Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Եպիսկ. Չիֆթճեանը: Խորանին սպասարկում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Առաքել Քհնյ. Տմտմեանը: Իսկ սրբազան երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի: Կրտսերաց դպրաց դասի անդամները ծառայում էին խորանին բուրվառակրութեամբ, քշոցակրութեամբ եւ մոմակրութեամբ:

Իր պատգամում, Առաջնորդ Սրբազանը անդրադառնալով Վանքի դարաւոր պատմութեանը, արխիւատան փոշեծածկ դարաններից դուրս բերած թանկարժէք վաւերաթուղթերի վրայից ներկայացրեց Ս. Նախավկայ վանքի հիմնադրութիւնից մինչեւ Համաշխարհային Առաջին պատերազմի տարիները երկարող ժամանակահատւածը: 996 թւին, Հայոց Աշոտ Գ. Ողորմած թագաւորի Վանքին տւած այցին անդրադառնալով, նա յիշեց թէ Բագրատունի արքան ինչքա՜ն հոգածու վերաբեր մունք էր ցուցաբերել հոգեւոր ու մշակութային լուսատու այս կենտրոնի նկատմամբ, եւ բարբարոսներու արշաւանքներից պաշտպանելու համար, հրամայել էր պարսպապատել Վանքը, այն վերածելով վանական գեղատեսիլ համալիրի: Ի վերջոյ նա մէջբերեց հայոց թագաւորի վանքին նւէր թողած թանկարժէք խաչի արծաթեայ պատւանդանի յիշատակարանը. «ՅԻՇԱՏԱԿ Է ՍՈՒՐԲ ԽԱՉՍ ՅՈՎԱՆԷՍ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՀԱՅՈՑ ԵՒ ԿՈՂԱԿԻՑ ՇՈՒՇԱՆ ՏԻԿՆՈՋՆ. ԵՍ ՈՐԴԻ ԱՇՈՏ ԹԱԳԱՒՈՐՆ ԲԱԶՈՒՄ ԶՕՐՕՔ ԵԿԻ ՍՈՒՐԲ ՈՒԽՏՍ, ԵԴՈՒ ՇԱՄԲԱ ՋԱՂԱՑՆԵՐՆ, ԵՐԱՍԽԻ ՆԱՒՆ, ԱՍՏԱՊԱՏՈՒ ՀՈՂՆ ՍՈՒՐԲ ՆԱԽԱՎԿԱՅԻՆ ՅԻՇԱՏԱԿ ՄԵԶ ԵՒ ԾՆՈՂԱՑ ՄԵՐՈՑ, ԹՎԻՆ ՆԺԵ (966)»: Սրբազանը իր քարոզում յիշեց վանքի վերջին վանահայրերից Ղեւոնդ Վրդ. Բարսեղեանի յուզախառն նամակները Թեմի Առաջնորդ՝ Ներսէս Արք. Մելիք Թանգեանին ուղղւած, որոնք բացատրում են ողբերգական այն իրավիճակը, որը տիրում էր այդ օրերին վանքում՝ խարխլած ու փլատակ եւ գրեթէ անբնակելի վանական խուցերով, նիւթական անտանելի դրութեամբ, շրջակայ բնակիչների հարստահարութիւնների դիմաց անզէն ու անպաշտպան վիճակով եւ այլ կենցաղային դժւարութիւններով:

Իր քարոզի երկրորդ բաժնով, Առաջնորդ Սրբազանը վեր հանեց Ատրպատականի Հայոց Թեմի ներկայի յուսալի կացութիւնը, Իրանի Պետութեան եւ Իւնեսքոյի կողմից իրագործւող վանքերի վերանորոգութիւններին տրւած հովանաւոութիւններով, եւ Թեմի հնարաւորութիւնների սահմաններում, Ազգային  Իշխանութեան կողմից իրականացւող կալւածային բազմապիսի աշխատանքներով. «770 տարւայ իր անցեալով ու հարուստ փորձառութեամբ, Ատրպատականի Հայոց Թեմը շարունակում է իր հայրերի աւանդ թողած ժառանգութեանը տէր կանգնել, ու հնարաւորինս այն ծաղկեցնել, Հիւսիսային Իրանում պահպանելով հայոց հոգեւոր ու մշակութային գանձերը, միաժամանակ տարածաշրջանում դարերով ապրած հայութեանը իր հոգեւոր ու ազգային ծառայութիւնը մատուցելով», ասաց Սրբազանը:

Ս. պատարագից անմիջապէս յետոյ, քանդակազարդ որմերով հոյակապ Տաճարի զանգակատան ներքեւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, հոգիների խաղաղութեան համար Վանքում ծառայած եւ այնտեղ թաղւած բոլոր վանահայրերի եւ միաբանների, ինչպէս նաեւ Դարաշամբի գիւղում թաղւած հայերի:

Եկեղեցական արարողութիւնների աւարտին, Թաւրիզի Եկեղեցիների Կանանց Խնամակալ Մարմնի կողմից սիրոյ սեղան տրւեց հոգեւորականաց դասին, Ազգային Իշխանութեանը, երգչախմբի անդամների եւ հիւրերի համար: Մաղարդայ լեռնաշղթայում  բազմած  գոհարատեսիլ  վանքի  դահլիճում  տեղի  ունեցած ճաշկերոյթի ընթացքում բաժակաճառեր արտասանւեցին վերյիշելով անցեալը, Վանքի փայլուն օրերը, երբ վարպետ գրչագրերի կողմից նոյն սրբավայրում ինքնագիր հեղինակների ձեռագրերն ու ընդօրինակւած հատորները Նախավկայ վանքի փառքն էին կազմում: 


Ատրպատական, Ազգային Առաջնորդարան