Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».– «Հայերն այնպէս են ձեւափոխում իրենց ազգանունները դրսում, որ մտքովդ էլ չի անցնի, որ նախնիները հայ են եղել: Ինչո՞ւ: Ուրեմն ինչ որ խնդիր կայ, որ այդպէս մարդիկ ազգութիւնները փոխում են, դպրոցներ չեն յաճախում… ընդ որում շատ բացասական ազդեցութիւն են ունենում Հայաստանից արտագաղթածները, ովքեր ե՛ւ վարկաբեկում են հայերին ու Հայաստանը, ե՛ւ հայութիւնից հիասթափուած են գնում՝ դուռը շխկացնելով: Այո՛, իրենց էլ է հասկանալի, բայց բաներ կան, որ ամէն ինչից բարձր է, օրինակ ազգութիւնը»: 24 Յուլիսին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքին այս մասին յայտնել է «Համշէն» հայրենակցական-բարեսիրական կազմակերպութեան փոխնախագահ, «Ձայն Համշէնական» թերթի գլխաւոր խմբագիր Սերգէյ Վարդանեանը:
Նրա համաձայն՝ շատ քիչ է թիւը այն հայերի, որոնք իրենց երեխաներին հայկական դպրոց են ուղարկում, եւ պատճառը այդ դժգոհութիւններն են: Ս. Վարդանեանը նշել է, որ հսկայ Արմաւիր քաղաքի մէջ հազիւ 20 երեխայ հաւաքւած է կիրակնօրեայ հայկական դպրոց յաճախելու համար, մինչդեռ Արմաւիրը 18-20 հազար հաշւող հայկական համայնք ունի:
«Հայերի հետ խօսում ես, ասում են՝ հայերէնը մեզ ինչների՞ս է պէտք, մենք հոյ յետ չե՞նք գնալու: Անկեղծ որ լինենք՝ Եղեռնի տարիներին անգամ այսպէս չի եղել, Եղեռնի ժամանակ մարդիկ մտածել են, որ պէտք է յետ գնան, եւ շատերը յետ են գնացել», նշել է նա։
Ըստ բանախօսի, Աբխազիոյ մէջ, ուր աբխազահայութեան 80 տոկոսը համշէնցիներ են, վիճակը աւելի լաւ է: Բայց միեւնոյն է, «եթէ այսպէս շարունակւի ու հրաշքներ չլինեն, ապա տասը տարի յետոյ միայն ալեհեր մարդիկ են համշէնահայերէն խօսելու»: