Աղբիւր՝ www.alikonline.ir

Ինչպէս դեռ սրանից 3 շաբաթ առաջ էինք իրազեկել «Ալիք»-ի պարսկերէն յաւելւածում, դոկտ. Կարէն Խանլարեանի «Հայաստանի աշխարհագրութեան նկարագրութիւնը հիմնւած իսլամական աղբիւրների վրայ» աշխատութեան հատորի հրատարակման մասին, սակայն հարկ համարեցինք այդ առթիւ անմիջական կիսւել հեղինակի հետ:

Կարէն Խանլարեանը խօսելով գրքի մասին, «Ալիք»-ի լրագրողին յայտնեց, որ հատորը ներկայացնում է շուրջ 110 գիտական յօդւածների ու աղբիւրների հիման վրայ կազմւած ուսումնասիրութիւն, որով ներկայացւում է իսլամական աղբիւրներում կատարւած ուսումնասիրութիւններն ու փաստերը Հայաստանի աշխարհագրութեան ու քարտէզների մասին:

Հեղինակը նշեց նաեւ, որ լինելով նշւած աղբիւրների ու ուսումնասիրութիւններից մի քանիսի հեղինակը, դրանք մինչեւ գրքի հրատարակումը լոյս են տեսել ՎԷՄ-ում՝ հայերէն եւ «Պայման»-ում՝ պարսկերէն լեզուներով, երկու առանձին յօդւածներով (ժամանակին վերահրատարակւել են «Ալիք»-ի պարսկերէն յաւելւածով):

Դոկտ. Խանլարեանը յաւելեց, որ մտածում է գրքի երկրորդ տպագրութեան մասին, որով հեղինակը «Հայաստանի աշխարհագրութեան նկարագրութիւնը հիմնւած իսլամական աղբիւրների վրայ» գրքով ներկայացւած աշխատութեանն է կցելու եւս 100-ի հասնող նոր աղբիւրների ու յօդւածների հիման վրայ կատարւած ուսումնասիրութիւնը, ինչը շուտով պատրաստ կը լինի գրքի 2-րդ տպագրութեան համար:

Պատմութեան գիտութիւնների թեկնածու՝ խորհրդարանի պատգամաւորը պատասխանելով «Ալիք»-ի այն հարցին, թէ գիրքը ե՞րբ է ունենալու իր հայերէն թարգմանութիւնը, նշեց, որ գրքի հայերէն թարգմանութեան աշխատանքներն արդէն իսկ ընթացքի մէջ են (կատարւել է գործի աւելի քան 60 տոկոսը) եւ շուտով այն հասանելի կը լինի հայ ընթերցողներին: Իսկ գրքի թուրքերէն տարբերակի մասին յայտնեց, որ աշխատանքներն ընթացքի մէջ են եւ շուտով այդ մասին նորութիւններով հանդէս կը գայ ինքը՝ հեղինակը:

«Գրքի անգլերէն, յունարէն եւ արաբերէն լեզուներով թարգմանութեան համար եւս առաջարկներ կան, որոնցից արաբերէնի դէպքում՝ առաջարկը եղել է Եգիպտոսից»,-նշեց դոկտ. Խանլարեանը:

Հեղինակը պատասխանելով գրքի գիտական քաշի եւ այն մասին, թէ հնարաւոր է արդեօք գիրքը տեսնել ԲՈՒՀ-ական հարթակներում՝ որպէս դասագիրք-ձեռնարկ, նշեց, որ դեռ շուտ է այդ մասին կարծիք յայտնել, չնայած նման բան ունենալու համար, գրքում հարկաւոր է ունենալ հակառակ կարծիքների ու պնդումների գլուխը եւս, «...Ինչի մասին, ի դէպ, պիտի ասեմ, որ գտել եւ ծանօթացել եմ շուրջ 30 յօդւածների ու աշխատութիւնների էութեանը, որոնք հակառակ պնդումներ ունեն, չնայած պատկանում են միեւնոյն մի քանի հեղինակներին: Այնուամենայնիւ, ԲՈՒՀ-երի համար դասագիրք լինելու համար գրքին պէտք կը լինի փաստարկ-հակափաստարկ ձեւաչափով ուսումնասիրութիւնների փաթեթ, ինչը առայժմս (երեւի) օրակարգում չէ»,- յաւելեց հեղինակը:

Յիշեցնենք, որ գիրքը կազմւած է 211 էջից, եւ արդէն գտնւում է գրախանութներում: Գիրքը տպագրւել է «Սալէս» հրատարակչութիւնում: