Աղբիւր՝ www.yerkir.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին յաջողւել է ԻՒՆԵՍԿՕ-ի անյապաղ պաշտպանութեան կարիք ունեցող ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում ընդգրկել հայկական ժողովրդական հանրայայտ պարը՝ քոչարին: ԻՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցւել է որպէս Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ եալլը անունով: Մշակութային դաշտում տեղի ունեցածը, սակայն, իր մէջ քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում. այսպէս պաշտօնական Բաքուն հնարաւորութիւն է ստանում միջազգային ասպարէզում Նախիջեւանը հետագայում ներկայացնել որպէս ադրբեջանական տարածք, իսկ որպէս ապացոյց բերել ԻՒՆԵՍԿՕ-ի որոշումը, թէ իբր դարեր շարունակ նախիջեւանի տարածքում եղել է ոչ թէ հայկական քոչարի, այլ «եալլը» պարը: 

Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմն այդպէս էլ չի փորձել կամ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը: Ընդ որում, Ադրբեջանի նախաձեռնութեան դէմ պետք էր պայքարել ոչ թէ վերջին պահին, երբ ԻՒՆԵՍԿՕ-ն արդեն որոշում էր կայացնում, այլ աւելի վաղ, երբ նրանք փորձում էին նման քայլեր անել:  ՀՀ մշակոյթի փոխնախարար Նազենի Ղարիբեանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում ասել է. «Իհարկէ, Մշակոյթի նախարարութիւնն ունի իր դերը, բայց  մենք ոչ մի քայլ չենք անում  առանց Արտաքին գործերի նախարարութեան  հետ համաձայնութեան»: Մինչդեռ նախիջեւանագետ Արգամ Այւազեանն իշխանութիւններին մեղադրել է անգործութեան մէջ. «Մեր իշխանութիւնների ու գիտական միջավայրի լռութիւնն է նրանց արտօնում, որ Նախիջեւանը «դարձնեն» ադրբեջանական»: