Աղբիւր՝ www.asbarez.com

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Ազգային վիճակագրական ծառայութեան (ԱՎԾ) հրապարակած տւեալներու համաձայն՝ 2017ին Հայաստանէն արտագաղթը շարունակւած է նախորդ տարւան հետ համեմատած՝ նւազ թիւերով: Արդարեւ, 2017ին Հայաստանէն հեռացած եւ չեն վերադարձած աւելի քան 37.5 հազար քաղաքացիներ: Այս թիւը 30 տոկոսով նւազ է 2016ի ցուցանիշէն. 2016ին անվերադարձ հեռացածներու թիւը  առաւել քան 55 հազարէն էր: Ըստ ԱՎԾի՝ Հայաստանի մշտական բնակչութեան թիւը, 2016ին արձանագրւած ցուցանիշին հետ համեմատած՝ նւազած է 1300ով, կազմելով 2 միլիոն 972 հազար 900:

ՄԱԿի բնակչութեան հիմնարկի հայաստանեան գրասենեակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետեան խօսելով այս մասին՝ յայտնեց. «Արտագաղթի բացասական սալդոն (հանրագումարը-Խմբ.) այս տարի մօտ 20 հազարով պակասել է: Դա, կարծում եմ՝ բաւականին լաւ ցուցանիշ է: Իհարկէ պէտք է դեռ հասկանալ նւազման պատճառները, բայց փաստը մնում է փաստ, որ այս տարի 20 հազարով աւելի պակաս արտագաղթ ունենք, քան նախորդ տարի: Երկրորդ դրական ցուցանիշն այն է, որ սեռերի յարաբերակցութիւնը նւազեց եւս մէկ հաշւարկային ցուցանիշով եւ դարձաւ 110: Այսինքն՝ տղայ եւ աղջիկ յարաբերակցութիւնը 115ից (100 աղջիկ-115 տղայ), ինչը մենք ունէինք 5 տարի առաջ, նւազել է եւ դարձել 110»:

Ըստ անոր՝ արձանագրւել են նաեւ բացասական ցուցանիշներ։ «Դրանցից մէկն այն է, որ Հայաստանում ծնունդների բացարձակ թիւը նւազել է մօտ 3000ով: Պատճառն այն չէ, որ նւազել է ծնելիութիւնը. զոյգերը նորից միջին հաշւով ունենում են 1.6 երեխայ, այլ այն, որ նւազել է երիտասարդ ծնողների թիւը», յայտնեց Հայրապետեան: