Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աւարտւած նստաշրջանի ընթացքում հայկական պատւիրակութեան անդամները հակազդել են ադրբեջանցի պատւիրակների հակահայկական քարոզչութեանը:

Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանեան պատւիրակութեան ղեկավար Կորիւն Նահապետեանը յայտնեց, որ քաղաքական հարցերի յանձնաժողովում Ռուսաստանի հետ կապւած զեկոյցի քննարկման ժամանակ ադրբեջանցիները փորձել են ընդգծել Ռուսաստանի բացասական դերակատարումը հակամարտութիւնների ստեղծման եւ կարգաւորման հարցերում: «Մասնաւորապէս, Հայաստանի մասով այսպիսի ուղղակի անդրադարձ եղաւ, որ Ռուսաստանը արտօնեալ պայմաններով զէնք է վաճառում Հայաստանին: Քանի որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը ներկայացւած չէ, ադրբեջանցիները փորձում են արեւմտեան երկրների ներկայացուցիչների մօտ ցոյց տալ, որ Ռուսաստանը բացասական դերակատարում ունի մեր տարածաշրջանում: Մենք, իհարկէ, արձագանքեցինք այս ամէնին եւ յստակեցրինք, թէ ինչի մասին է խօսքը: Նախ մենք նշել ենք, որ հակառակը` հէնց Ադրբեջանն է եւ Ռուսաստանից, եւ բազմաթիւ այլ երկրներից ձեռք բերում յարձակողական զէնք-զինամթերք եւ ահռելի գումարներ է ծախսում դրա վրայ»,- «Արմենպրես»—ի փոխանցմամբ` ընդգծեց Նահապետեանը

Նա յաւելեց, որ եւրոպացի խորհրդարանականներն արդէն յոգնել են նման իրավիճակներից, երբ ադրբեջանցի պատւիրակներն ամէն անգամ հանդէս են գալիս օրակարգից դուրս ելոյթներով: Կորիւն Նահապետեանը շեշտեց, որ իրենք արձագանքում են ադրբեջանական պատւիրակութեանը, երբ նրանք փորձում են սուտ տեղեկատուութիւն տարածել, սակայն զգում են, որ եւրոպացի պատւիրակներն արդէն յոգնել են այդ բախումներից, քանի որ նոյն մարդիկ միշտ նոյն բաներն են ասում` օգտագործելով այդ հարթակը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանեան պատւիրակութեան անդամ Էդմոն Մարուքեանն էլ ընդգծեց, որ անվտանգութեան եւ քաղաքացիական չափման յանձնաժողովում քննարկւել է զեկոյց` կապւած Սեւծովեան տարածաշրջանի խնդիրների հետ, որի ժամանակ ադրբեջանցիները եւս փորձել են հակահայկական դրոյթներ ներառել զեկոյցում: «Նրանք փորձում էին այդ փաստաթղթում աւելի լայն մեկնաբանութեան հիմք ստեղծել այդ փաստաթղթի, որտեղ խօսք էր գնում Սեւ ծովին ուղիղ հարող երկրների մասին: Նրանք փորձում էին զեկոյցում ներառել ՙ Սեւ ծովի աւազանին հարող երկրներ՚ ձեւակերպումը, որպէսզի Ադրբեջանը նոյնպէս ներառեն, իսկ դրանից յետոյ միւս հարցերը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը, այդ համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը եւ սոււերենութեանը: Այդ առաջարկներից որեւէ մէկը չանցաւ, քանի որ հիմնական զեկուցողը քարտէզի վրայ ցոյց տւեց Սեւ ծովը եւ դրան ուղիղ հարող երկրները` նշելով, որ Ադրբեջանին օրակարգի հարցը չի վերաբերում»,- յայտնեց Մարուքեանը: