Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ազգային ժողովը միաձայն` 117 կողմ ձայնով ընդունեց Օսմանեան Թուրքիայում յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնը դատապարտող յայտարարութիւնը:

Յայտարարութիւնում ասւում է, որ Հ.Հ.-ի Ա.Ժ.-ն, առաջնորդուելով Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր վեհաժողովի 1946 թուականի դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձեւի, 1948 թուականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թուականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» Մ.Ա.Կ.-ի կոնուենցիաների, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների վերաբերեալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրոյթներով, արձանագրելով հայ, յոյն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական յարաբերութիւնները, յայտարարում է որ դատապարտում է Օսմանեան Թուրքիայի կողմից 1915-1923 թուականներին իրականացուած յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնը:

Որպէս հիմնաւորում նշւում է այն հանգամանքը, որ 1948 թուականին Մ.Ա.Կ.-ը ընդունել է «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնուենցիան», որում յստակ նշուած են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացուած քաղաքականութիւնը որակւում է որպէս ցեղասպանութիւն:

«Հիմնուելով այդ փաստարկների վրայ՝ 2007 թուականին ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը Օսմանեան Թուրքիայում 1915-1923 թուականներին քրիստոնեայ ազգաբնակչութեան, այսինքն՝ հայերի, ասորիների, փոքրասիական եւ Պոնտոսի յոյների դէմ իրականացուած բռնութիւնները որակում է որպէս ցեղասպանութիւն»: