Աղբիւր՝ www.yerkir.am 

 

«Առաւօտի» ունեցած տեղեկութիւններով` հրաժարական է ներկայացրել պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը: Կայքի տեղեկութիւններով` այդ պաշտօնում նրան կը փոխարինի ՀՀ վարչապետի գլխաւոր խորհրդական Վաղարշակ Յարութիւնեանը, որը 1999-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանութեան նախարար:

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Իմ կարծիքով` միակ պատասխանատու մօտեցումը կարող է լինել կառավարութեան եւ իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիւ գնահատելը եւ սեղմ ժամկէտում ճանապարհային քարտէզ ներկայացնելը, որով կը նախատեսւեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկէտները, որոնց արդիւնքում հնարաւոր կը դառնայ իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններ, իսկ մինչ այդ կառավարումը կը յանձնւի բարձր որակաւորում ունեցող Ազգային համաձայնութեան կառավարութեանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին, իր կոչում նշել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը:

Նա, մասնաւորապէս, ասել է.

«Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում,

Աշխարհասփիւռ հայութիւնը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամեայ պատմութեան ամենաշրջադարձային պահերից մէկը:

Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից յետոյ, սասանւած են:

Մենք պարտւեցինք մեզ պարտադրւած պատերազմում` ինչպէս ռազմի դաշտում, այնպէս էլ դիւանագիտական եւ միջազգային հանրային հարթակներում:

Կրկին ցաւակցում եմ զոհւածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում:

Մենք զաւակներն ենք Ցեղասպանութիւնը վերապրած եւ յաղթահարած ժողովրդի:

Կարելի է պարտւել ճակատամարտը, բայց անթոյլատրելի է պարտւել որպէս ազգ:

Սեփական ձեռքերով վառած տունը եւ կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձեւով` վերագտնելով մեր յաղթանակը եւ կառուցելով այն պետութիւնը, որով բոլորս իրապէս հպարտ կը լինենք:

Եւ մենք դա վստահաբար կարող ենք անել` սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թոյլ տրւած սխալներից եւ համախմբւած լծւելով ազգային վերածնունդին:

Ինչպիսին էլ լինեն անցեալի վերաբերեալ մեր գնահատականների տարբերութիւնները, ակնյայտ է, որ յայտնւել ենք աննախադէպ խնդիրների առջեւ:

Արցախը ծանր վիրաւոր է:

Ունենք ալեկոծւած հասարակութիւն:

Վիրաւոր տնտեսութիւնը ծանրաբեռնւած է սոցիալական վիթխարի խնդիրներով:

Արցախից Հայաստան տեղափոխւածների մեծ հոսքի արդիւնքում առկայ է մարդասիրական աղէտ:

Չափազանց բարդ է նաեւ համաճարակով պայմանաւորւած իրավիճակը:

Ի վերջոյ, խոցւած է հայի ոգին` աշխարհի ցանկացած անկիւնում:

Մեր երկիրն այսօր այլեւս այն երկիրը չէ, որն ունէինք սեպտեմբերի 26-ին, եւ նոյնիսկ այն չէ, ինչ ունէինք նոյեմբերի 8-ին:

Մենք չենք կարող անտեսել այս իրականութիւնը եւ շարունակել ապրել սովորական կեանքով:

Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցութիւններ եւ մի քանի տասնեակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպութիւնների ու անհատների հետ: Հեռախօսազրոյցներ եմ ունեցել Սփիւռքի տարբեր կառոյցների եւ մեր հայրենակիցների հետ:

Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնութիւնը համակարծիք են մէկ հարցում` Սահմանադրութեանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտօնավարման դադարեցում եւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

Ակնյայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը եւ ողջ հայ ժողովուրդը թեւակոխում են նոր փորձութիւնների շրջան, որում իւրաքանչիւր սխալ կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ:

Ստեղծւած իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկայ, քան լինել միասնական եւ համախմբւած:

Այս օրերին մեզանից իւրաքանչիւրը, յատկապէս քաղաքական գործիչները եւ պետական պաշտօնեաները պէտք է դրսեւօրէն բարձր պատասխանատւութիւն եւ զսպւածութիւն` ջանքերը կենտրոնացնելով բացառապէս ստեղծւած ճգնաժամը յաղթահարելու ուղիներ փնտրելու վրայ:

Այս իրավիճակում ուզում եմ դիմել իրաւապահ մարմիններին:

Դուք այսօր շատ մեծ պատասխանատւութիւն ունէք` նախ եւ առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միեւնոյն ժամանակ, իւրաքանչիւր անգամ, իւրաքանչիւր առիթով յիշելով, որ ձեր դիմաց ձեր քոյրն է կամ եղբայրը:

Որեւէ շեղում, օրէնքի եւ օրինականութեան որեւէ խախտում, անընդունելի եւ աններելի է: Կոչ եմ անում ձեզ` պահպանել ու պաշտպանել օրէնքը եւ օրինականութիւնը:

Հանդիպումների եւ խորհրդակցութիւնների արդիւնքում ձեւաւորւած իմ դիտարկումները հետեւեալն են`

Հաշւի առնելով ստեղծւած իրավիճակը եւ այն արժանապատւօրէն յաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնյայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջոյ անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնները:

Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մօտեցումը կարող է լինել կառավարութեան եւ իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիւ գնահատելը եւ սեղմ ժամկէտում ճանապարհային քարտէզ ներկայացնելը, որով կը նախատեսւեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկէտները, որոնց արդիւնքում հնարաւոր կը դառնայ իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններ, իսկ մինչ այդ կառավարումը կը յանձնւի բարձր որակաւորում ունեցող Ազգային համաձայնութեան կառավարութեանը:

Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան ու աշխարհի տարբեր երկրներում բնակւող ողջ հայ ժողովրդի համար այս դժւարին օրերին ճգնաժամը յաղթահարելուն ուղղւած իմ վերոնշեալ դիտարկումները բխում են բացառապէս համապետական եւ համազգային շահերից:

Յուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կը գիտակցեն պահի պատասխանատւութիւնը եւ արժանապատւօրէն կիրականացնեն պատմական առաքելութեան իրենց մասը:

Ուզում եմ յիշեցնել, որ այսօր Հայաստանին հետեւում են բոլորը` թէ՛ մեր բարեկամները, ե՛ւ թէ մեր թշնամիները:

Մենք ուրիշ պարտականութիւն չունենք, բացի մեր երկիրը հզօրացնելը:

Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը` տուրք չտալով հասարակութեան պառակտման վտանգ պարունակող որեւէ խօսքի եւ քայլի:

Միայն միասնականութեամբ մենք կը կարողանանք պարտութեան բեռի տակ ճկւած վիճակից ուղղել մեր մէջքը, եւ թէ՛ մեզ, թէ՛ ապագայ սերունդներին ու համաշխարհային հանրութեանը ներկայանալ որպէս զաւակներն այն ժողովրդի, որին յաղթելն անհնարին է:

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատւով եւ յաղթական դուրս կը գայ ստեղծւած դժւարին իրավիճակից:

Աստւած պահապան բոլորիս»:

 

 ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Այսօր (13 նոյեմբեր 2020) համաձայն նախապէս ձեռք բերւած պայմանաւորւածութեան մեկնարկել է զոհւածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացւում է ՌԴ խաղաղապահ առաքելութեան համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի եւ Արցախի Հանրապետութեան արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան մասնակցութեամբ:

Իմ երախտագիտութիւնն եմ յայտնել ՌԴ խաղաղապահ զօրակազմին առաքելութեան արագ կազմաւորման ու իրականացման, ինչպէս նաեւ զոհւածների մարմինների փոխանակման կարեւոր մարդասիրական գործընթացի անվտանգութեան համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայութեանը` գործուն մասնակցութեան համար»:

 

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականութիւնը ջլատող արտայայտութիւններից ու քայլերից։ Արամ Ա-ն այս մասին գրել է «Ֆէյսբուք»-ի իր էջում:

Պարտադրուած համաձայնութիւններուն նկատմամբ, որքան ալ անխուսափելի ըլլան, մեր ժողովուրդի զաւակներուն մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականութիւնը ջլատող արտայայտութիւններէ ու քայլերէ։ Աշխարհը պէտք է իմանայ, թէ բոլոր պայմաններուն մէջ Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնայ այսօ՛ր ու յաւիտեան։

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Նոյեմբերի 10-ին տեսաուղերձով հանդէս եկաւ ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը: Խօսելով Շուշիում ծաւալւած ռազմական գործողութիւններից նա նշեց, որ նոյեմբերի 7-ին  ամբողջութեամբ հայկական կողմն արդէն իսկ կորցրել էր վերահսկողութիւնը Շուշի քաղաքի նկատմամբ: Յարութիւնեանը մեկնաբանեց նաեւ Արցախի կապիտուլեացիայի համաձայնագիրը, շեշտելով, որ  այդ որոշումը, որը կայացրել են, չգիտի թէ պատմութիւնն ինչ գնահատական կտայ․ «բայց ստիպւած ենք եղել»: 

«եթէ մարտական գործողութիւնները շարունկվէր այդ նոյն տեմպերով, օրերի ընթացքում կը կորցնէինք ամբողջ Արցախը: Շատ մեծ կորուստներ ենք ունեցել մարդկային առումով միայն երէկ Մարտունու շրջանում` վերջին ժամերի ընթացքում: Ամէն օր մարտական գործողութիւնների մէջ, ամէն օր զոհեր, վիրաւորներ, հրետանակոծութիւն, բայց կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետութեան զինւած ուժերի»,-նշեց նա, հեւելելով, որ չէին ուզում հաւատալ, որ անհնար է արդէն կռւել այն մարդկային եւ զինտեխնիկայի ներուժով, որը կար:  

«հաստատ մենք Ադրբեջանի դէմ չենք կռւել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում եւ մարտական գործողութիւնների ընթացքում. Թուրքիայի զինուորների մասնակցութիւնը եւս եղել է, ահաբեկիչների, վարձկանների` տարբեր երկրներից: Կռւում էին հայ կամաւորը եւ հայ զինուորը»:

Արցախի Հանրապետութեան ղեկավարը նաեւ եթերում նշեց, որ  խոնարհւում է առաջին հերթին մեր զինուորների առջեւ:

«աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկէտային զինծառայողները: Խոնարհւում եմ բոլոր զոհւածների ընտանիքների, հարազատների առջեւ: Ստիպւած էինք, որ այդ նոյն ժամկէտային զինուորների կեանքը խնայէինք, փրկէինք»:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

 

Յայտարարութիւն Ադրբեջանի Հանրապետութեան Նախագահ, ՀՀ վարչապետ եւ Ռուսաստանի Դաշնութեան Նախագահը Մենք ՝ Ադրբեջանի Հանրապետութեան Նախագահ Ի. Հ. Ալիեւը, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլայ Փաշինեանը և Ռուսաստանի Դաշնութեան Նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարեցին հետեւեալը.

  1. Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի ռեժիմ և բոլոր ռազմական գործողութիւնների դադար 2020 թւականի նոյեմբերի 10-ի `Մոսկւայի ժամանակով 00: 00-ից: Ադրբեջանի Հանրապետութիւն եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց դիրքերում:
  2. Աղդամի շրջանը եւ Ադրբեջանի Հանրապետութեան Ղազախի շրջանում հայկական կողմից պահւող տարածքները վերադարձւում են ադրբեջանական կողմին մինչև 2020 թ. Նոյեմբերի 20-ը:
  3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւելու է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը ՝ 1960 փոքր զինատեսակներով, 90 զրահամեքենաներով, 380 միաւոր աւտոմեքենայով և յատուկ տեխնիկայով զինծառայողներ:
  4. Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի տեղակայումը կատարւելու է Հայաստանի զինւած ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրամիաւորման մնալու տեւողութիւնը 5 տարի է `յաջորդ 5-ամեայ ժամանակահատւածների համար ինքնաբերաբար երկարաձգմամբ, եթէ Կողմերից ոչ մէկը չի յայտարարում սոյն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրութեան մասին, ժամկէտի լրանալուց 6 ամիս առաջ:
  5. Հակամարտութեան կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողութեան արդիւնաւէտութիւնը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայւում է խաղաղապահ կենտրոն:
  6. Հայաստանի Հանրապետութիւնը Քելբաջարի շրջանը կը վերադարձնի Ադրբեջանի Հանրապետութեանը մինչև 2020 թ. Նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը մինչև 2020 թ. Դեկտեմբերի 1-ը ՝ թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնութեամբ), ինչը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնոյն ժամանակ չի վերաբերի Շուշի քաղաքին: Կողմերի համաձայնութեամբ, առաջիկայ երեք տարիներին որոշւելու է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկի նոր երթուղու կառուցման պլանը, որն ապահովում է կապը Ստեփանակերտի և Հայաստանի միջեւ, հետագայում այդ խաղաղ ճանապարհը պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զօրախմբի վերաբաշխմամբ: Ադրբեջանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկի անվտանգութիւնը երկու ուղղութիւններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների համար:
  7. Ներքին տեղահանւած անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և յարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան տակ:
  8. Իրականացւում է ռազմագերիների և այլ ձերբակալւածների և մահացածների մարմինների փոխանակում:
  9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակւած են: Հայաստանի Հանրապետութիւնն ապահովում է տրանսպորտային կապեր Ադրբեջանի Հանրապետութեան արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ ՝ երկու ուղղութիւններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հսկողութիւնն իրականացնում են ՌԴ ԱԴS Սահմանապահ ծառայութեան մարմինները: Կողմերի համաձայնութեամբ կը տրամադրւի Նախիջևանի Ինքնավար Հանրապետութիւնը Ադրբեջանի արեւմտեան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցութիւնների կառուցում:

 

2020 թւականի նոյեմբեր

Նախագահը Ադրբեջանի Հանրապետութիւն

Վարչապետ Հայաստանի Հանրապետութիւն

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Նիկոլ Փաշինեանը ստորագրել է կապիտուլացիայի մասին համաձայնագիր

 

Սիրելի հայրենակիցներ, քոյրեր եւ եղբայրներ.

Անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղեան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին յայտարարութիւն եմ ստորագրել: Յայտարարութեան տեքստը, որ արդէն հրապարակւել է, անասելի ցաւոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրութեան խորը վերլուծութեան եւ այդ իրադրութեանը ամենալաւը տիրապետող մարդկանց գնահատականի արդիւնքում: Նաեւ հիմնւելով այն համոզմունքի վրայ, որ ստեղծւած իրավիճակում սա ՀՆԱՐԱՒՈՐ ամենալաւ հանգուցալուծումն է: Այս ամէնի մասին առաջիկայ օրերին հանդէս կը գամ մանրամասն ուղերձով:

Սա յաղթանակ չէ, բայց չկայ պարտութիւն, քանի դեռ ինքդ քեզ պարտւած չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտւած չենք ճանաչի եւ սա պէտք է դառնայ մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պէտք է վերլուծենք մեր անկախութեան տարիները, մեր ապագան պլանաւորելու եւ անցեալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհւում եմ մեր բոլոր այն զինւորների, սպաների, գեներալների, կամաւորների առաջ, ովքեր իրենց կեանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացութեամբ փրկել են արցախահայութեանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք յաղթելու ենք: Արցախը կանգուն է:

Կեցցէ՛ Հայաստանը: Կեցցէ՛ Արցախը:

 

Արցախի Հանրապետութեան նախագահն այսօր վաղ առաւօտեան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱՀ նախագահ Արային Յարութիւնեանը:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վաղ առաւօտեան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանութեան բանակի մարտիկների ու աշխարհազօրայինների հետ, ովքեր աւելի քան մէկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրայ Շուշիից գրոհող թշնամշու հրոսակախմբերին:

Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաեւ գեներալ Մնացականեանին: Այն մեծածաւալ ու անգնահատելի ծառայութիւնը, որն այս օրերին նա մատուցում է  Հայրենիքին, կը ներկայացւի պատերազմից յետոյ:

 

Նոյեմբերի 8-ին եւ լոյս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարաւ-արեւելեան, հարաւային եւ հարաւ-արեւմտեան ուղղութիւններում: Շուշի-Քարին տակ հատւածում ինտենսիւ մարտեր են ընթացել թշնամական յայտնաբերւած խմբաւորումների դէմ, որի արդիւնքում վերջինս, կորցնելով մեծ քանակութեամբ ուժեր, նահանջել է: Իւրային զօրքերը զբաղեցրել են առաւել նպաստաւոր բնագծեր: Նշւած ժամանակահատւածում ճակատային գծի տարբեր ուղղութիւններում ոչնչացւել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միաւոր աւտոտեխնիկա եւ 8 անօդաչու թռչող սարք: Հարաւ-արեւմտեան հատւածում ընթացող գործողութիւնների արդիւնքում բանակային ստորաբաժանումները առգրաւել են նաեւ թշնամական 1 տանկ եւ հրետանային միջոցներ: Մարտական գործողութիւնների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է աւիացիոն եւ հրթիռահրետանային հարւածներ հասցնել Արցախի Հանրապետութեան խաղաղ բնակավայրերին: Առաւօտեան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղութիւններով թշնամական ուժերի յարձակման փորձերը վերսկսւել են:

Օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը գտնւում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողութեան ներքոյ:

Արցախի ՊԲ

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանւել է յարաբերական հանգիստ: Այս մասին յայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայութիւնը:

Թշնամին կէսգիշերից յետոյ կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղութեամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցւածքները: Մայրաքաղաքում տուժածներ չկան:

Արցախի միւս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել:

 

Նոյեմբերի 7-ին եւ լոյս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիւութեամբ մարտերը շարունակւել են ճակատային գծի բոլոր ուղղութիւններում: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը։

Առաւել յամառ գործողութիւններ են ծաւալւել Շուշիի մերձակայքում եւ հարաւարեւելեան հատւածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարւածներ` յետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղութիւններում ծաւալւած մարտերի ընթացքում ոչնչացւել է թշնամու մեծաթիւ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միաւոր այլ զրահատեխնիկա, 11 միաւոր աւտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Մարտական գործողութիւններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերով թիրախաւորել է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Շուշին: Վնասւել են քաղաքացիական ենթակառուցւածքներ:

Լուսադէմին դիտարկւել են հակառակորդի տեխնիկայի եւ անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարաւարեւելեան եւ հիւսիսարեւելեան հատւածներում:

Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը եւ քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղութեամբ:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Ֆրանսիայի Ազգային ժողովի 39 պատգամաւոր դիմել են նախագահ Էմանուէլ Մակրոնին` կոչ անելով Արցախի հարցում չէզոքութիւն չցուցաբերել եւ ճանաչել Արցախի անկախութիւնը: Այս մասին «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԹ պատգամաւոր Գի Տեսիենը:

Պատգամաւորները նախագահին ուղղւած իրենց կոչում ընդգծել են, որ միայն միջազգային ճանաչումը, ինչպէս Կոսովոյի դէպքում, թոյլ կը տայ Արցախին դուրս գալ այն գօտուց, որը թոյլ չի տալիս ստանալ միջազգային, հումանիտար աջակցութիւն:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Իրանն անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում մարդկային կորուստների եւ քաղաքացիական անձանց հասցւող վնասների առնչութեամբ: Ինչպէս փոխանցում է Isna գործակալութիւնը, այդ մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը յայտարարել է լրագրողների հետ զրոյցում:

«Մենք անհանգստանում ենք նաեւ ծայրայեղական խմբաւորումների` հակամարտութեան գօտի մուտք գործելու առնչութեամբ, եւ դա սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի խաղաղութեան ու կայունութեան համար: Այդ պատճառով մենք հաւատացած ենք, որ այս պատերազմը պէտք է աւարտւի»,- ասել է Զարիֆը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտութեան կարգաւորման Իրանի ծրագրին` Զարիֆը նշել է, որ հակամարտող կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան ուսումնասիրում են ծրագիրը, եւ Իրանը պատասխանի է սպասում:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Իտալիայի Տրենտոյ շրջանի եւս մէկ համայնք` Նոգարէդոն, ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանութիւնը:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Պատերազմական գործողութիւններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով աւերել խաղաղ բնակավայրերը: Այս մասին յայտնում են Արցախի ԱԻՊԾ-ը:

Ստեփանակերտում վերջին մէկ ժամւայ ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը:

Թշնամին ոչ թիրախային հարւածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակութեան օբյէկտների վրայ:

Տուժածներ չկան: Աւերածութիւնները շատ են:

 

Աղբիւր՝ www.nkrmil.am 

Նոյեմբերի 6-ին եւ լոյս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղութիւններում մարտական գործողութիւնները շարունակւել են: Առաւել յամառ ու ինտենսիւ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատւածում: Բանակային ստորաբաժանումները յաջողութեամբ կասեցրել են թշնամական ուժերի յարձակման բազմակի փորձերը` ոչնչացնելով մեծ քանակութեամբ մարդկային ուժ: Նշւած ժամանակահատւածում առանձնայատուկ արդիւնաւէտութեամբ աչքի են ընկել յատկապէս ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը ճակատային գծի բոլոր ուղղութիւններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաեւ մարտական գործողութիւններին զուգահեռ հանրապետութեան խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախաւորելու` թշնամական ուժերի մարտավարութիւնը: Հարաւ-արեւելեան եւ հարաւային ուղղութիւններում իւրային ուժերի կողմից խոցւել է նաեւ թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միաւոր աւտոտեխնիկայ եւ 4 ԱԹՍ:

Թշնամական ուժերի կողմից յարձակման փորձերը հիմնական ուղղութիւններում շարունակւում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբաւորումների յայտնաբերման եւ կրակային խոցման ուղղութեամբ:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Ուրուգւայի ամենամեծ նահանգներից Փայսանդու նահանգի խորհրդարանը 28 կողմ ձայներով միաձայն ընդունել է Արցախի անկախութիւնը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի ֆէյսբուքեան էջից:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Այս մասին յայտնում է Բարսելոնայի մշակութային «Հայաստան» ասոցիացիան, որն իր ֆէյսբուքեան էջում տեղադրել է Aqui Bergueda թերթի` այդ մասին հրապարակումը:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը` Բարսելոնայի Հայկական Մշակութային Միութեան առաջարկով` ձայների մեծամասնութեամբ ընդունել եւ ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, ազգերի ինքնորոշման իրաւունքը եւ տարածքային ինքնիշխանութիւնը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Ընդունւած բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդէմ Արցախի Հանրապետութեան, խօսւում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական յանցագործութիւններ է կատարել` մասնաւորապէս, խաղաղ բնակչութեան դէմ կիրառելով կասետային ռումբեր, ռմբակոծել ու հրթիռակոծել է քաղաքներ, յուշարձաններ, եկեղեցիներ, ինչպէս նաեւ գնդակահարել գերիների:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հարցազրոյց է տւել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրոյցի ամբողջական տարբերակը ներկայացւում է ստորեւ:

The Jerusalem Post – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրոյցի հնարաւորութեան համար: Երկու կողմից էլ հարիւրաւոր, հազարաւոր զոհեր կան: Ինչպէ՞ս է այս ամէնն աւարտւելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Ըստ էութեան, Ադրբեջանը պէտք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանութիւնից: Որովհետեւ խնդիրն առաջացել է հենց այն բանից, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում էր հարցը ռազմական ճանապարհով լուծելու տրամաբանութիւնը: Եւ երբ Ադրբեջանի համար պարզ դարձաւ, որ սեփական միջոցներով չի կարողանալու այդ տրամաբանութիւնն առաջ մղել, ի՞նչ տեղի ունեցաւ: Նա դիմեց Թուրքիայի օգնութեանը, որն իր հերթին Սիրիայի՝ իր հսկողութեան տակ գտնւող տարածքներից Ադրբեջան է տեղափոխել հազարաւոր վարձկանների: Որից յետոյ Թուրքիան, Ադրբեջանը, վարձկանները, ահաբեկիչները համատեղ յարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրայ:

Սա նկարագրում եմ՝ արձանագրելու համար իրավիճակի բարդութիւնը: Որովհետեւ, ինչպէս տեսնում ենք, այստեղ մէկ սուբյեկտ չէ, որ ներգրաւված է պրոցեսի մէջ: Եւ սրանով արդէն իրավիճակը շատ աւելի բարդանում է: Որովհետեւ հարցը այս ամէնի պատճառով, իմ կարծիքով, դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի տրամաբանութիւնից: Որովհետեւ, էլի եմ ասում, այստեղ ներգրաւված են վարձկաններ, ում ներկայութիւնը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, այլեւ Իրանն է յայտարարում, որ դա ընկալում է որպէս սպառնալիք, Ռուսաստանն է յայտարարում, որ դա ընկալում է որպէս սպառնալիք: Եւ թոյլ տւէք ասել, իմ կարծիքով, Եւրոպայում եւ աշխարհում տեղի ունեցող վերջին շրջանի մի շարք իրադարձութիւնները, թեկուզ անուղղակիօրէն, կապ ունեն այն զարգացումների հետ, որ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում եւ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումների հետ:

Իսկ Ձեր հարցի պատասխանը կարճ հետեւեալն է. Ադրբեջանը պէտք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից եւ պէտք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայութեանը ցեղասպանութեան ենթարկելու իր յայտարարած քաղաքականութիւնից:

The Jerusalem Post – Հակամարտութիւնը շարունակվում է արդէն մի քանի տասնամեակ: Ո՞վ քաշեց ձգանը այս պահին: Թուրքիա՞ն, ո՞վ:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Ես արդէն, ըստ էութեան, ասացի նախորդ հարցին ի պատասխան, որ, այո, դա Թուրքիայի միջամտութիւնն է: Որի պատճառը դարձաւ այն, որ Ադրբեջանը հասկացաւ, որ ինքն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով սեփական ուժերով լուծել Ղարաբաղի հարցը: Եւ նա դիմեց Թուրքիայի օգնութեանը: Թուրքիան էլ իր հերթին վարձկանների հաւաքագրեց եւ տեղափոխեց Ադրբեջան՝ ունենալով սեփական քաղաքական շահը եւ նպատակները:

The Jerusalem Post – Կը խնդրէի պարզաբանէք՝ դա Թուրքիայի՞, թէ՞ Ադրբեջանի նախաձեռնութիւնն էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Գիտէք, կարծում եմ, դա համատեղ նախաձեռնութիւն է: Ցանկանում եմ արձանագրել, որ մենք նախկինում ունէինք անուղղակի ապացոյցներ վարձկանների ներգրաւվածութեան վերաբերեալ, հիմա ունենք կոնկրետ ապացոյցներ: Եւ այդ ապացոյցները հետեւեալն են՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակը 2 վարձկան գերի է վերցրել: Նրանցից մէկն արդէն համապարփակ ցուցմունք է տւել՝ որ ինքն ապրելիս է եղել Թուրքիայի հսկողութեան տակ գտնւող սիրիական տարածքներում, փախստականների ճամբարում: Պատմել է, թե ինչպէս են իրեն հաւաքագրել, պատմել է, թէ որտեղ են իրենց ներգրաւվել պրոցեսի մէջ, պատմել է, թէ ինչպէս են իրենք անցել Թուրքիայի սահմանը պաշտօնական անցակէտով, բայց առանց որեւէ հարցուփորձի: Դեռ մինչեւ սահմանն անցնելը նրանց անձնագրերը եւ բոլոր փաստաթղթերը հաւաքել են: յետոյ Թուրքիայի տարածքում տեղափոխել են ինչ-որ մի օդանաւակայան, այդ օդանաւակայանից թուրքական ինքնաթիռով տեղափոխել են մէկ այլ օդանաւակայան, որտեղից էլ ադրբեջանական ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան՝ ընդ որում, այս ընթացքում չունենալով ոչ մի փաստաթուղթ: Նրանց ոչ ոք որեւէ հարց չի տւել, թէ ովքեր եք, ուր եք գնում եւ այդպէս շարունակ: Նրանք, տեղափոխվելով Ադրբեջան, ամսական 2000 դոլար վճարի դիմաց ներգրաւվել են որպէս վարձկան: Այսպիսի հազարաւոր վարձկաններ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դէմ պատերազմին: Եւ ես կարծում եմ, որ այս իրավիճակը պէտք է դառնայ միջազգային հետաքննութեան առարկայ:

The Jerusalem Post – Ովքե՞ր են այդ մարդիկ, նրանք իսլամիստնե՞ր են, ովքե՞ր են նրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Ենթադրաբար մի մասը ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչներ են, միւս մասը՝ Թուրքիայի հսկողութեան տակ գտնւող Սիրիայի տարածքի բնակիչներ, ովքեր գումարի դիմաց ներգրաւվել են այս գործընթացում:

The Jerusalem Post – Կը խնդրէի ասէք՝ որքանո՞վ էք մտահոգված այն առումով, որ սա կարող է վերաճել տարածաշրջանային լայնածաւալ առճակատման՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան, կամ միգուցէ Իրանը: Կա՞ հաւանականութիւն, որ այն կպայթի հէնց հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Գիտէք, ես չեմ կարող ճշգրիտ կանխատեսում անել: Բայց արդէն ասացի, որ եւ՛ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, եւ՛ Ռուսաստանը յայտարարել են, որ վարձկանների ներկայութիւնը տարածաշրջանում սպառնալիք է իրենց անվտանգութեանը: Տեսէք, թէ ինչ է տեղի ունենում. Ղարաբաղի պատերազմը մեկնարկելուց յետոյ մենք Հիւսիսային Կովկասից՝ Ռուսաստանի հիւսիսկովկասեան հանրապետութիւններից, լսեցինք ահազանգեր, որ ռուսաստանցի իրաւապահ մարմինները չեզոքացրել են ահաբեկիչների խմբերի, որոնք ներթափանցել են արտերկրից, որոնք ներթափանցել են Սիրիայից: Եւ այդտեղ թափանցիկ ակնարկ կար, որ դրանք հէնց այս վարձկանների խմբերն են, խմբերի ներկայացուցիչներն են, որոնք ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Իրանն այս իրավիճակի շուրջ չափազանց մտահոգված է:

Գործնականում պատերազմը միշտ էլ անկանխատեսելիութեան որոշակի տարր պարունակում է: Եւ որեւէ մէկը չի կարող ասել, թէ մենք 100 տոկոսով կարող ենք կանխատեսել, թէ ինչպիսի շրջանակներում կմնայ սա: Բայց մեծ հաշւով այստեղ աւելի կարեւոր է հետեւեալը՝ այս մեխանիզմը, որի մասին ես խօսեցի, եւ որն արդէն իսկ հիմնաւորւում է կոնկրետ փաստերով, որպէս մեխանիզմ այլեւս կոնկրետ գործող մեխանիզմ է, որը կարող է գործել աշխարհի ամենատարբեր մասերում:

Եւ ես պատահական չասացի: Սա Թուրքիայի վարած քաղաքականութիւնն է եւ այն քաղաքականութեան շարունակութիւնը, որ նա վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերութիւններում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Հասկանո՞ւմ էք՝ բոլորովին նոր մեխանիզմ է սկսել աշխատել: Եւ թէ այդ մեխանիզմը որտեղ ինչ դրսեւորում կունենայ, արդէն շատ դժւար է ասել: Ես կարծում եմ, որ այդ իմաստով մենք անկանխատեսելիութեան որոշակի դաշտ ենք մտել՝ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրութիւնը Թուրքիայի այս գործողութիւններին շատ կոնկրետ արձագանք եւ պատասխան չի տւել:

The Jerusalem Post – Իսկ աւելի կոնկրետ՝ ո՞րն է Թուրքիայի նպատակն այս հակամարտութեան մէջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Օսմանեան կայսրութեան վերականգնում, ինչքան էլ դա տարօրինակ է հնչում:

The Jerusalem Post – Դուք դիմել էք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկւայի հետ Հայաստանի անվտանգութեան պայմանագրի շրջանակում աջակցելու խնդրանքով: Ի՞նչ աջակցութիւն էք ակնկալում:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Գիտէք, մենք ունենք դաշնակցային հարաբերութիւններ Ռուսաստանի Դաշնութեան հետ եւ ունենք պայմանագիր համագործակցութեան վերաբերեալ: Այդ պայմանագիրը նախատեսում է անվտանգութեան ընդհանուր մարտահրաւերներին ընդհանուր դիմակայում: Ես այս ընթացքում մշտական կապի մէջ եմ եղել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք անընդհատ խորհրդակցութիւնների մէջ ենք եղել եւ հետեւել ենք զարգացումներին: Եւ քանի որ ռազմական գործողութիւնները մօտեցել են Հայաստանի սահմանին, եւ կայ սպառնալիք, որ այդ գործողութիւնները կարող են անմիջական վտանգ ներկայացնել Հայաստանի տարածքի համար, մենք պայմանագրով նախատեսված ընթացակարգեր ենք մեկնարկել, որպէսզի շարունակենք մեր խորհրդակցութիւնները՝ իրավիճակի հետագայ կառավարման վերաբերեալ:

Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամէնը, ինչ հնարաւոր է այս պահին: Եւ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտաւորութիւնների կատարման որակից:

The Jerusalem Post – Ձեր հիշատակած անվտանգութեան մեխանիզմի շրջանակում հաւանական համարո՞ւմ էք, որ Ռուսաստանը զօրք կուղարկի Հայաստանի սահման:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան- Ռուսաստանի զօրքերն արդէն գտնւում են Հայաստանի սահմաններին, եւ դա նորութիւն չէ: Նրանք միշտ էլ այստեղ են եղել, եւ Հայաստանի տարածքում Ռուսաստանն ունի 102-րդ ռազմաբազան: Բացի 102-րդ ռազմաբազայից, արդէն ասացի, որ Հայաստանի սահմանները՝ մասնաւորապէս, Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանները պահպանվում են ռուսական սահմանապահ զօրքերի կողմից: Եւ այժմ ռուսական սահմանապահները ներկայացուցիչներ ունեն նաեւ մեր սահմանի այլ հատւածներում:

The Jerusalem Post – Ասացէք, խնդրեմ, ո՞վ է հիմա լավագոյնս համապատասխանում միջնորդի դերին: ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիների ընթացքում շատ յաջողութիւններ չի արձանագրել: Ո՞ւմ պէտք է ներգրաւվել՝ իրավիճակը հանգստացնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Իհարկէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Ղարաբաղի հարցի կարգաւորման միակ միջազգային ձեւաչափը: Բայց պէտք է նաեւ արձանագրել, որ գործնականում Ռուսաստանը հիմա ամենաակտիւ միջնորդական ջանքեր գործադրող պետութիւնն է: Եւ սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ Ռուսաստանն անմիջապէս տարածաշրջանում ներկայ է, Ռուսաստանն ինքը մեր տարածաշրջանի երկիր է:

The Jerusalem Post – Կարո՞ղ է արդեօք Իսրայէլը, Ձեր կարծիքով, որեւէ դեր խաղալ կարգաւորման միջնորդութեան հարցում՝ հաշւի առնելով լաւ կապերը..

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Գիտէք, Իսրայէլը հիմա շատ ակտիւօրէն ներգրաւված է կոնֆլիկտի մէջ: Որովհետեւ իսրայէլական անօդաչու թռչող սարքերն են ակտիւօրէն ներգրաւված Լեռնային Ղարաբաղի դէմ պայքարում: Եւ, կարծում եմ, Իսրայէլը մտածելու հետեւեալն ունի, որ փաստօրէն վարձկանները, ահաբեկիչները եւ Իսրայէլը, ըստ էութեան, գտնւում են նոյն կողմում: Իսրայէլն ինքը պէտք է մտածի, թէ սա որքանով հարմար դիրք է իր համար:

The Jerusalem Post – Պարոն վարչապետ, դուք հետ էք կանչել ձեր դեսպանին՝ Իսրայէլի կողմից զէնքի վաճառքի պատճառով: Արդեօք Իսրայէլի հետ համատեղ ձեռնարկվո՞ւմ են քայլեր՝ լարւածութիւնը հարթելու ուղղութեամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Ես կարող եմ ասել հետեւեալը. այդ խորհրդակցութիւնները շարունակվում են, եւ արդէն ասացի՝ հարցը, որ ըստ էութեան, մեր կողմից ձեւակերպված է, ես արդէն բարձրաձայնեցի: Եւ ուզում եմ ընդգծել, որ ոչ միայն Իսրայէլի, այլեւ միջազգային հանրութեան տեսակէտից մենք պէտք է արձանագրենք հետեւեալը, որ հիմա Ղարաբաղում՝ Արցախում, տեղի է ունենում միջազգային գործունէութեան մի նոր տեսակի փորձարկում:

Ըստ էութեան, Թուրքիան այսօր Սիրիայում ունի վարձկաններ ներգրաւելու բաւական ընդարձակ հնարաւորութիւն: Այդ փորձը մէկ անգամ կիրառւել է Լիբիայում, յաջորդը կիրառւում է Լեռնային Ղարաբաղում: Եւ ո՞վ գիտի, թէ որտեղ է կիրառւելու յաջորդը: Իսկ ո՞վ է երաշխաւորված, որ յաջորդը չի լինելու տարածաշրջանի կամ աշխարհի այս կամ այն մասում: Եւ ես շատ ուրախ եմ, որ, օրինակ, Մերձաւոր Արեւելքի շատ երկրներ, այդ թւում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երեւոյթին եւ հասկանում են, թէ այս իրավիճակն ինչպիսի սպառնալիք է պարունակում ընդհանրապէս միջազգային խաղաղութեան եւ կայունութեան համար:

Սա հարց է, որն ուղղված չէ առանձին վերցրած մի պետութեան: Սա հարց է, որն ուղղված է ընդհանրապէս միջազգային հանրութեանը: Որովհետեւ մենք տեսնում ենք, որ միջազգային անվտանգութեան համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխութիւններ, եւ այդ փոփոխութիւնները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Այդ հիբրիդային պատերազմի մէջ ներգրաւվում են վարձկաններ, եւ այդ հիբրիդային պատերազմն ունի ամենատարբեր դրսեւորում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսեւորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսեւորում, ինչպիսին մենք տեսնում են Վիեննայում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսեւորում, ինչպիսին տեսնում ենք Նիցցայում՝ Ֆրանսիայում կամ Կանադայում: Սա հարց է, որն արդէն գոյութիւն ունի, եւ այդ հարցին պէտք է տրվի կոնկրետ պատասխան:

The Jerusalem Post – Գաղտնիք չէ, որ Իսրայէլը Թուրքիայի հետ շատ լարված, բարդ հարաբերութիւններ ունի: Դուք նշեցիք, որ Իսրայէլը պէտք է մտածի այն մասին, թէ ինչու է զէնք մատակարարում Ադրբեջանին եւ դրանով իսկ գտնվում է Թուրքիայի հետ նոյն կողմում: Արդեօք ձեր ներկայացուցիչները Իսրայէլի ուշադրութիւնը հրաւիրե՞լ են այս փաստի վրայ: Եւ ինչպէ՞ս են նրանք արձագանքել:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Ես կարող եմ ասել, որ չեմ կարծում, թէ ես հիմա դիւանագիտական հարցուպատասխանի բովանդակութիւն պէտք է բացայայտեմ: Իսկ հանրային հարցը ես արդէն ձեւակերպեցի: Դուք տւէք այդ հարցը այս հարցազրոյցի միջոցով Իսրայէլին, եւ Իսրայէլը թող հրապարակային պատասխանի:

The Jerusalem Post – Ի՞նչը կդրդի Հայաստանին՝ իր դեսպանին վերադարձնել Իսրայէլ:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Դա դիւանագիտական պրակտիկայ է, մենք կը տեսնենք: Մենք ուզում ենք ճիշտ հարաբերութիւններ կառուցել բոլոր երկրների հետ: Այդ հարցի պատասխանը մենք կը ձեւակերպենք պատշաճ ձեւով և պատշաճ ժամանակում:

The Jerusalem Post – Նախագահ Ռիւվեն Ռիւլինը հոկտեմբերի սկզբին՝ Հայաստանի դեսպանին հետ կանչելուց յետոյ, զանգահարել էր իր հայաստանցի գործընկերոջը եւ առաջարկել մարդասիրական օգնութիւն: Կա՞յ որեւէ բան, որ կցանկանայիք Իսրայէլից ստանալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Ես արդէն ասացի: Գիտէք, այն, ինչ որ ասացի, ես կարծում եմ, որ սա հարց է, որին Իսրայէլը ոչ թէ մեզ համար պէտք է պատասխանի, այլ ինքն իր համար պէտք է պատասխանի, եւ բոլոր երկրները: Որովհետեւ, օրինակ, Եւրամիութեան լրագրողների հետ զրոյցում ինձ հարց են տալիս, թէ ինչ պիտի անի Եւրամիութիւնը: Ես ուզում եմ ասել եւ ասում էի՝ այն, ինչ որ պիտի անի Եւրամիութիւնը, պէտք է անի ինքն իր համար, ոչ թէ Հայաստանի համար: Ուղղակի հարց է հնչում իրավիճակի գնահատականի վերաբերեալ, ես հնչեցնում եմ այդ գնահատականը:

Ես ընդամէնը 10-15 օր առաջ հարցազրոյցներում ասում էի, որ եթէ Եւրամիութիւնը պատշաճ գնահատականի չարժանացնի Թուրքիայի պահվածքը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում, դրա հետեւանքները կտեսնեն հէնց Եւրոպայում: Եւ մենք այսօր տեսնում ենք, թէ Եւրոպայում ինչ է կատարվում: Եւ նոյնը ես ասում եմ Իսրայէլի վերաբերեալ: Նույնը ես ասում եմ, որ Իսրայէլը պէտք է ինքն իրեն հարց տա՝ այսօր ինքը վարձկանների հետ կողք կողքի փաստացի կռւում է Լեռնային Ղարաբաղի դէմ: Իսրայէլն ինքը պիտի պատասխանի այդ հարցին՝ սա հարմա՞ր դիրք է իր համար, թէ՞ հարմար դիրք չէ: Եթէ հարմար դիրք է, Աստւած իր հետ:

Բայց ես կարծում եմ, որ այդտեղ էլ են լինելու կոնկրետ հետեւանքներ, եւ դուք առերեսվելու էք այդ հետեւանքների հետ: Եւրոպայի պարագայում իմ այս ասածն իրականութիւն դարձաւ 15 օրւայ ընթացքում: Իսրայէլի պարագայում, չգիտեմ, գուցէ 15 օրւայ, 15 շաբաթւայ, 15 տարւայ ընթացքում: Բայց ես ուրիշ բան եմ ասում՝ գործում է արտաքին քաղաքականութեան բոլորովին նոր մեխանիզմ Թուրքիայի կողմից: Եւ պարզ է, որ այդ մեխանիզմը դրսեւորվելու է տարբեր տեղեր, եթէ իրեն դրսեւորվելու հնարաւորութիւն տրվեց: Այսօր փաստացի դրսեւորվելու այդ հնարաւորութիւնը տրվում է Լեռնային Ղարաբաղում: Եւ դրա դրսեւորումները մենք սկսում ենք արդէն տեսնել Եւրոպայում, սկսում ենք տեսնել Ամերիկայում: Իսկ ո՞վ է ասել, որ դրա դրսեւորումները չենք տեսնելու Իսրայէլում: Ես կարծում եմ, որ տեսնելու ենք: Այնպէս որ, թող Իսրայէլը մտածի՝ իր համար հարմա՞ր դիրք է այսօր լինել վարձկանների հետ նոյն խրամատում, գծի նոյն կողմում եւ ունենալ միեւնւյն թիրախը:

The Jerusalem Post – Երբ ասում էք, որ հետեւանքներ են լինելու, ինչի՞ց էք զգուշանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Ասացի արդէն: Ես նկարագրեցի Թուրքիայի կողմից վարվող քաղաքականութեան նոր մեխանիզմը՝ երբ ինքը Սիրիայում գտնվող իր տարածքներից ունի վարձկաններ ներգրաւելու, ըստ էութեան, ես չեմ ուզում ասել՝ անսահմանափակ, բայց մեծ հնարաւորութիւն եւ ունի կայսերական ամբիցիաներ: Այդ կայսերական ամբիցիաները դէպի հիւսիս են, դէպի արեւելք են, դէպի հարաւ են եւ դէպի արեւմուտք են: Եւ այդ ուղղութիւններով այդ դրսեւորումները մենք տեսնելու ենք: Ինչո՞ւ կարող ենք այդ դրսեւորումները տեսնել Վիեննայում՝ Աւստրիայում, Ֆրանսիայում, Կանադայում եւ չենք կարող այդ դրսեւորումները տեսնել Իսրայէլում: Իմ կարծիքով՝ անպայման կը տեսնենք: Նկատի ունեմ, որ նպաստում է այդ պահի մօտենալուն:

The Jerusalem Post – Արդեօք ճի՞շտ եմ հասկանում՝ նկատի ունէք, որ մի օր Թուրքիան կարող է վարձկաններ ուղարկել Երուսաղէմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան – Ես որեւէ կոնկրետ բան նկատի չունեմ: Ես նկատի ունեմ քաղաքական միջավայրը, քաղաքական մթնոլորտը, եւ այն բացերը, որ գոյացել են միջազգային անվտանգութեան համակարգում: Եւ եթէ կան բացեր, եթէ կան միջանցքներ, այդ միջանցքներով հաստատ ինչ-որ անցուդարձ տեղի է ունենալու: Եւ դա տեղի չի ունենալու պարտադիր մէկ կամ երկու ուղղութեամբ: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր այն ուղղութիւններով, որտեղ հնարաւոր է:

The Jerusalem Post – Վերջին հարցը. հումանիտար օժանդակութեան շրջանակում կա՞յ որեւէ բան, որ Իսրայէլը կարող է անել Հայաստանի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան- Ես Ձեզ ասացի: Ի՞նչ է նշանակում հումանիտար աջակցութիւն մի երկրի կողմից, որը վարձկաններին զէնք է վաճառում, որով վարձկանները հարւածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչութիւնը: Ես առաջարկում եմ, որ Իսրայէլն այդ օգնութիւնն ուղարկի վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպէս իր գործունեութեան տրամաբանական շարունակութիւն:

The Jerusalem Post – Պարոն վարչապետ, շնորհակալութիւն հարցազրոյցի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան- Ես եմ շնորհակալ:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամաւոր Մարկօ Դրեօստոն նախօրէին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչութեան առնչութեամբ յիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի խօսքը:

Պատգամաւորը «Թւիթերի» իր միկրոբլոգում նշել է, որ Փաշինեանը Եւրոպային զգուշացնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կանգնեցնելու մասին:

«Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացնում էր Եւրոպային․ «Եթէ Էրդողանի դէմը չառնէք, թուրքերին կը գտնթք Վիեննայի դարպասների մօտ»: Նոյնիսկ՝ ոչ դարպասների մօտ. այն, ինչ այսօր տեղի ունեցաւ, Վիեննայի կենտրոնում էր»,- գրել է պատգամաւորը:

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը գերմանական առաջատար «Բիլդ» պարբերականին տւած հարցազրոյցում նշել էր. «Եկէք տեսնենք Թուրքիայի գործունէութիւնը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձաւոր Արեւելքում, Իրաքում, Սիրիայում։ Եւ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն այսօր գտնւում են քաղաքակրթական առաջնագծում: Եւ եթէ միջազգային հանրութիւնն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մօտակայքում»: