Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը հրապարակել է իր ուղերձի տեքստը, որում խօսել է պատերազմի հետեւանքների, առկայ մարտահրաւէրների ու իշխանութեան անելիքների մասին:

Յայտարարութեան ամբողջական տեքստը դիտելու համար սեղմել http://www.yerkir.am/news/view/223630.html յղումը:

 

Երէկ երեկոյեան, դեռեւս անյայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գիւղերի ուղղութեամբ տեղակայւած ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ: Ողջ գիշեր եւ այսօր առաւօտեան շարունակւել են որոնողական աշխատանքները: Ռուսական խաղաղապահ զօրախմբի միջնորդութեամբ գործուն քայլեր են իրականացւում պարզելու հայ զինւորականների գերեվարման հաւանականութիւնը, դրա հաստատւելու դէպքում անհրաժեշտ գործողութիւններ ձեռնարկելու համար:

Պարբերաբար տեղեկատւութիւն կը տրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերեալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն:

 

Արցախի բոլոր այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողութիւններ, որոնողական աշխատանքների արդիւնքում նոյեմբերի 13-ից մինչ օրս 828 հայ զինծառայողի դի է յայտնաբերւել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացաւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Յունան Թադէոսեանը: Գրում է Yerkir.am-ը:

Նա նշեց, որ որոնողական աշխատանքների ընթացքում վիրաւորում ստացած եւ ողջ մնացած 2 զինծառայող է յայտնաբերւել` հայ եւ ադրբեջանցի. նրանք հոսպիտալացւել են:

Յունան Թադeոսեանն ասաց, որ Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի եւ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ուղղութեամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով պայմանաւորւած` վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցւել են:

 

«էրեբունի» օդանաւակայանում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովը յայտարարել է, որ Ադրբեջանի իրաւասու մարմիններին է յանձնւել 12 մարդ: Տեղեկացնում է Yerkir.am–ը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութեան համաձայն, իրականացւել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները», - ասաց Մուրադովը:

Մուրադովը երկու շաբաթ ինտենսիւ բանակցութիւններ էր վարում Բաքւի եւ Երեւանի հետ գերիների փոխանակման հարցով, յայտնել են ՌԴ Պն-ից:

Նրա խօսքով ` արդիւնքում իր անձնական վերահսկողութեան ներքոյ ռուսական օդանաւը Բաքու է հասցւել եւ Ադրբեջանի իրաւասու մարմիններին է յանձնւել 12 մարդ: Ադրբեջանական կողմից վերադարձել է 44 մարդ:

Մուրադովը նշել է, որ ռուս խաղաղապահները յետագայում եւս կը նպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինւած ուժերի ստորաբաժանումները, կուտակելով յաւելեալ անձնակազմ եւ զինտեխնիկա, այդ թւում նաեւ ծանր հրետանային միջոցներ, կոպտօրէն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութեան պահանջները, յարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Հին Թաղէր եւ Խծաբերդ գիւղերի ուղղութեամբ: Գրել է Yerkir.am-ը:

Ինչպէս տեղեկացնում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, մի քանի ժամ տեւած մարտերի արդիւնքում հակառակորդին յաջողւել է մտնել Հին Թաղեր գիւղ, ինչպէս նաեւ ընդհուպ մօտենալ Խծաբերդ գիւղին:

Ադրբեջանական սադրանքի արդիւնքում վերսկսւած մարտական գործողութիւնների հետեւանքով հայկական կողմն ունի վեց վիրաւոր, հակառակորդն ունի զոհեր եւ վիրաւորներ:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խստօրէն դատապարտում է ադրբեջանական զինւած ուժերի կողմից իրականացւած սադրանքը: Ստեղծւած իրադրութիւնը որեւէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրւած յայտարարութեան առանցքային պահանջի` մարտական գործողութիւնների դադարեցման հետ եւ վտանգում է փխրուն խաղաղութիւնը, որը ձեռք է բերւել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիւ:

Ադրբեջանական կողմի գործողութիւններն անմիջապէս քննարկման առարկայ են դարձել Արցախում տեղակայւած Ռուսաստանի խաղաղապահ զօրախմբի ղեկավարութեան հետ:

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնութիւնում գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանն այս խնդիրը քննարկել է նաեւ ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում:

 

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է յարձակողական գործողութիւնները Արցախի Հանրապետութեան Հին Թաղլար եւ Խծաբերդ բնակավայրերի ուղղութեամբ:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժէք միջոցառումներ հակառակորդի ակտիւութիւնը ճնշելու համար: Այս մասին հաղորդում է պաշտպանութեան բանակը։

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտան Լաչինի շրջան: Այս մասին յայտնել է հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը: 

Նշենք` սա այն երեք շրջաններից վերջինն է, որոնք Բաքւի ուժերը պէտք է զբաղեցնեն Լեռնային Ղարաբաղում` հրադադարի մասին եռակողմ յայտարարութեան համաձայն:

 

Ֆրանսիայի Սենատն ընդունեց բանաձեւը, որով կառավարութեանն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Գրում է Yerkir.am-ը:

Քւէարկութեանը մասնակցել է 306 սենատոր: 305 սենատոր կողմ է քւէարկել բանաձեւին, 1-ը` դէմ: Քւէարկութեան արդիւնքները ծափահարութիւններով են ընդունւել:

Սրանով Սենատը Ֆրանսիայի կառավարութեանը կոչ է անում ճանաչել Արցախը: Բանաձեւի հեղինակները երկրի կառավարութեանն առաջարկում են լայնածաւալ հումանիտար օգնութիւն տրամադրել ԼՂ քաղաքացիական բնակչութեանը` պահանջելով բացել հումանիտար միջանցքներ, Մինսկի խմբի շրջանակում աջակցել բնակչութեան պաշտպանութեան անյապաղ իրականացմանը` Մինսկի խմբի հովանու ներքոյ սահմանազատման միջազգային ուժեր տեղակայելու ճանապարհով, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչութեան նկատմամբ ռազմական յանցագործութիւնների հետաքննութիւն իրականացնել, անել հնարաւոր ամէն ինչ` երկարաժամկէտ կարգաւորման բանակցութիւններ ապահովելու նպատակով, որը թոյլ կը տայ նաեւ վերադառնալ 1994 թւականի սահմաններին, ինչպէս նաեւ ապահովել հայ բնակչութեան անվտանգութիւնը, տեղահանւածների վերադարձը եւ հայկական մշակութային ու կրօնական ժառանգութեան պահպանութիւնը: Ի վերջոյ, սենատորները Կառավարութեանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ու այդ ճանաչումը դարձնել բանակցային գործիք կայուն խաղաղութեան հասնելու համար:

Նշենք, որ կառավարութեան կողմից այն պարտադիր կատարման ենթակայ չէ: Դեկտեմբերին բանաձեւը քւէարկութեան կը դրւի Ֆրանսիայի Ազգային Ժողովում:

 

 

Այս ժամերին ադրբեջանցիներն առանց մէկ կրակոցի մտնում են Քարվաճառ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը:

«Մինչև Քաշաթաղի վերջնական յանձնումը մնում է 6 օր։

Հազարաւոր կեանքեր՝ 1988-ից ի վեր դրւած ազատագրական կռւի զոհասեղանին, հարիւր հազարաւոր գաղթականներ, միլիարդներ՝ ծախսւած ենթակառուցւածք ստեղծելու և զարգացնելու վրայ...

Դեկտեմբերի 1-ին գերագոյն գլխաւոր չմոն կասի. «Բա որ դէմ էիք յանձնմանը խի՞ չէիք պայքարում։ Ինչո՞ւ ինձ չմերժեցիք։ Ինչո՞ւ փողոց դուրս չեկաք։ Ուրեմն ձեզ այդ դժգոյն ու դժբախտ Ղարաբաղը պէտք չէր»։

Պատասխանելու բան ունէ՞ք»,- գրել է նա։

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանեանը ֆեյսբուքեան իր էջում գրել է․

«Յարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գործընկերներ, ինձ հարազատ դարձած հետեւորդնե՛ր

Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահէն Ստեփանեանի, ով Արցախեան առաջին պատերազմում մարտնչեց հարաւային ամբողջ ճակատում եւ զոհւեց ազատագրւած Ֆիզուլիում: Ծնւած Հադրութ քաղաքում` իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաեւ խիստ անձնական: Եւ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպէս պաշտպանական գերատեսչութեան ներկայացուցիչ, այլ որպէս անձնական կորուստ:

Կարծում եմ` հայրենիքի համար այս դժւարին պահին աւելի քան կարիք կայ պաշտօնեաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտօրէն կը նայեն երեւոյթներին եւ կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի յաջողւի:

Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու եւ աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդւել տեղեկատւական պայքարի օրէնքներով, մատուցել այնպիսի տեղեկատւութիւն, որը գրւած ու չգրւած կանոններով պէտք է տալ պատերազմող երկրի հասարակութեանը: Եթէ ինչ-որ բան ինձ, այնուամենայնիւ, յաջողւել է, ձեզ եմ համարում իմ գլխաւոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ:

Հայոց բանակը դեռ լինելու է համազգային յաղթանակների դրօշակակիր:

Սուգը յաւերժ է, եթէ չկայ պայքար. միմիայն այդ դէպքում»:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

«Առաւօտի» ունեցած տեղեկութիւններով` հրաժարական է ներկայացրել պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը: Կայքի տեղեկութիւններով` այդ պաշտօնում նրան կը փոխարինի ՀՀ վարչապետի գլխաւոր խորհրդական Վաղարշակ Յարութիւնեանը, որը 1999-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանութեան նախարար:

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Իմ կարծիքով` միակ պատասխանատու մօտեցումը կարող է լինել կառավարութեան եւ իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիւ գնահատելը եւ սեղմ ժամկէտում ճանապարհային քարտէզ ներկայացնելը, որով կը նախատեսւեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկէտները, որոնց արդիւնքում հնարաւոր կը դառնայ իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններ, իսկ մինչ այդ կառավարումը կը յանձնւի բարձր որակաւորում ունեցող Ազգային համաձայնութեան կառավարութեանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին, իր կոչում նշել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը:

Նա, մասնաւորապէս, ասել է.

«Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում,

Աշխարհասփիւռ հայութիւնը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամեայ պատմութեան ամենաշրջադարձային պահերից մէկը:

Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից յետոյ, սասանւած են:

Մենք պարտւեցինք մեզ պարտադրւած պատերազմում` ինչպէս ռազմի դաշտում, այնպէս էլ դիւանագիտական եւ միջազգային հանրային հարթակներում:

Կրկին ցաւակցում եմ զոհւածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում:

Մենք զաւակներն ենք Ցեղասպանութիւնը վերապրած եւ յաղթահարած ժողովրդի:

Կարելի է պարտւել ճակատամարտը, բայց անթոյլատրելի է պարտւել որպէս ազգ:

Սեփական ձեռքերով վառած տունը եւ կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձեւով` վերագտնելով մեր յաղթանակը եւ կառուցելով այն պետութիւնը, որով բոլորս իրապէս հպարտ կը լինենք:

Եւ մենք դա վստահաբար կարող ենք անել` սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թոյլ տրւած սխալներից եւ համախմբւած լծւելով ազգային վերածնունդին:

Ինչպիսին էլ լինեն անցեալի վերաբերեալ մեր գնահատականների տարբերութիւնները, ակնյայտ է, որ յայտնւել ենք աննախադէպ խնդիրների առջեւ:

Արցախը ծանր վիրաւոր է:

Ունենք ալեկոծւած հասարակութիւն:

Վիրաւոր տնտեսութիւնը ծանրաբեռնւած է սոցիալական վիթխարի խնդիրներով:

Արցախից Հայաստան տեղափոխւածների մեծ հոսքի արդիւնքում առկայ է մարդասիրական աղէտ:

Չափազանց բարդ է նաեւ համաճարակով պայմանաւորւած իրավիճակը:

Ի վերջոյ, խոցւած է հայի ոգին` աշխարհի ցանկացած անկիւնում:

Մեր երկիրն այսօր այլեւս այն երկիրը չէ, որն ունէինք սեպտեմբերի 26-ին, եւ նոյնիսկ այն չէ, ինչ ունէինք նոյեմբերի 8-ին:

Մենք չենք կարող անտեսել այս իրականութիւնը եւ շարունակել ապրել սովորական կեանքով:

Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցութիւններ եւ մի քանի տասնեակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպութիւնների ու անհատների հետ: Հեռախօսազրոյցներ եմ ունեցել Սփիւռքի տարբեր կառոյցների եւ մեր հայրենակիցների հետ:

Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնութիւնը համակարծիք են մէկ հարցում` Սահմանադրութեանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտօնավարման դադարեցում եւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

Ակնյայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը եւ ողջ հայ ժողովուրդը թեւակոխում են նոր փորձութիւնների շրջան, որում իւրաքանչիւր սխալ կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ:

Ստեղծւած իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկայ, քան լինել միասնական եւ համախմբւած:

Այս օրերին մեզանից իւրաքանչիւրը, յատկապէս քաղաքական գործիչները եւ պետական պաշտօնեաները պէտք է դրսեւօրէն բարձր պատասխանատւութիւն եւ զսպւածութիւն` ջանքերը կենտրոնացնելով բացառապէս ստեղծւած ճգնաժամը յաղթահարելու ուղիներ փնտրելու վրայ:

Այս իրավիճակում ուզում եմ դիմել իրաւապահ մարմիններին:

Դուք այսօր շատ մեծ պատասխանատւութիւն ունէք` նախ եւ առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միեւնոյն ժամանակ, իւրաքանչիւր անգամ, իւրաքանչիւր առիթով յիշելով, որ ձեր դիմաց ձեր քոյրն է կամ եղբայրը:

Որեւէ շեղում, օրէնքի եւ օրինականութեան որեւէ խախտում, անընդունելի եւ աններելի է: Կոչ եմ անում ձեզ` պահպանել ու պաշտպանել օրէնքը եւ օրինականութիւնը:

Հանդիպումների եւ խորհրդակցութիւնների արդիւնքում ձեւաւորւած իմ դիտարկումները հետեւեալն են`

Հաշւի առնելով ստեղծւած իրավիճակը եւ այն արժանապատւօրէն յաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնյայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջոյ անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնները:

Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մօտեցումը կարող է լինել կառավարութեան եւ իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիւ գնահատելը եւ սեղմ ժամկէտում ճանապարհային քարտէզ ներկայացնելը, որով կը նախատեսւեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկէտները, որոնց արդիւնքում հնարաւոր կը դառնայ իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններ, իսկ մինչ այդ կառավարումը կը յանձնւի բարձր որակաւորում ունեցող Ազգային համաձայնութեան կառավարութեանը:

Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան ու աշխարհի տարբեր երկրներում բնակւող ողջ հայ ժողովրդի համար այս դժւարին օրերին ճգնաժամը յաղթահարելուն ուղղւած իմ վերոնշեալ դիտարկումները բխում են բացառապէս համապետական եւ համազգային շահերից:

Յուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կը գիտակցեն պահի պատասխանատւութիւնը եւ արժանապատւօրէն կիրականացնեն պատմական առաքելութեան իրենց մասը:

Ուզում եմ յիշեցնել, որ այսօր Հայաստանին հետեւում են բոլորը` թէ՛ մեր բարեկամները, ե՛ւ թէ մեր թշնամիները:

Մենք ուրիշ պարտականութիւն չունենք, բացի մեր երկիրը հզօրացնելը:

Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը` տուրք չտալով հասարակութեան պառակտման վտանգ պարունակող որեւէ խօսքի եւ քայլի:

Միայն միասնականութեամբ մենք կը կարողանանք պարտութեան բեռի տակ ճկւած վիճակից ուղղել մեր մէջքը, եւ թէ՛ մեզ, թէ՛ ապագայ սերունդներին ու համաշխարհային հանրութեանը ներկայանալ որպէս զաւակներն այն ժողովրդի, որին յաղթելն անհնարին է:

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատւով եւ յաղթական դուրս կը գայ ստեղծւած դժւարին իրավիճակից:

Աստւած պահապան բոլորիս»:

 

 ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Այսօր (13 նոյեմբեր 2020) համաձայն նախապէս ձեռք բերւած պայմանաւորւածութեան մեկնարկել է զոհւածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացւում է ՌԴ խաղաղապահ առաքելութեան համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի եւ Արցախի Հանրապետութեան արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան մասնակցութեամբ:

Իմ երախտագիտութիւնն եմ յայտնել ՌԴ խաղաղապահ զօրակազմին առաքելութեան արագ կազմաւորման ու իրականացման, ինչպէս նաեւ զոհւածների մարմինների փոխանակման կարեւոր մարդասիրական գործընթացի անվտանգութեան համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայութեանը` գործուն մասնակցութեան համար»:

 

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականութիւնը ջլատող արտայայտութիւններից ու քայլերից։ Արամ Ա-ն այս մասին գրել է «Ֆէյսբուք»-ի իր էջում:

Պարտադրուած համաձայնութիւններուն նկատմամբ, որքան ալ անխուսափելի ըլլան, մեր ժողովուրդի զաւակներուն մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականութիւնը ջլատող արտայայտութիւններէ ու քայլերէ։ Աշխարհը պէտք է իմանայ, թէ բոլոր պայմաններուն մէջ Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնայ այսօ՛ր ու յաւիտեան։

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Նոյեմբերի 10-ին տեսաուղերձով հանդէս եկաւ ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը: Խօսելով Շուշիում ծաւալւած ռազմական գործողութիւններից նա նշեց, որ նոյեմբերի 7-ին  ամբողջութեամբ հայկական կողմն արդէն իսկ կորցրել էր վերահսկողութիւնը Շուշի քաղաքի նկատմամբ: Յարութիւնեանը մեկնաբանեց նաեւ Արցախի կապիտուլեացիայի համաձայնագիրը, շեշտելով, որ  այդ որոշումը, որը կայացրել են, չգիտի թէ պատմութիւնն ինչ գնահատական կտայ․ «բայց ստիպւած ենք եղել»: 

«եթէ մարտական գործողութիւնները շարունկվէր այդ նոյն տեմպերով, օրերի ընթացքում կը կորցնէինք ամբողջ Արցախը: Շատ մեծ կորուստներ ենք ունեցել մարդկային առումով միայն երէկ Մարտունու շրջանում` վերջին ժամերի ընթացքում: Ամէն օր մարտական գործողութիւնների մէջ, ամէն օր զոհեր, վիրաւորներ, հրետանակոծութիւն, բայց կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետութեան զինւած ուժերի»,-նշեց նա, հեւելելով, որ չէին ուզում հաւատալ, որ անհնար է արդէն կռւել այն մարդկային եւ զինտեխնիկայի ներուժով, որը կար:  

«հաստատ մենք Ադրբեջանի դէմ չենք կռւել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում եւ մարտական գործողութիւնների ընթացքում. Թուրքիայի զինուորների մասնակցութիւնը եւս եղել է, ահաբեկիչների, վարձկանների` տարբեր երկրներից: Կռւում էին հայ կամաւորը եւ հայ զինուորը»:

Արցախի Հանրապետութեան ղեկավարը նաեւ եթերում նշեց, որ  խոնարհւում է առաջին հերթին մեր զինուորների առջեւ:

«աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկէտային զինծառայողները: Խոնարհւում եմ բոլոր զոհւածների ընտանիքների, հարազատների առջեւ: Ստիպւած էինք, որ այդ նոյն ժամկէտային զինուորների կեանքը խնայէինք, փրկէինք»:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

 

Յայտարարութիւն Ադրբեջանի Հանրապետութեան Նախագահ, ՀՀ վարչապետ եւ Ռուսաստանի Դաշնութեան Նախագահը Մենք ՝ Ադրբեջանի Հանրապետութեան Նախագահ Ի. Հ. Ալիեւը, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլայ Փաշինեանը և Ռուսաստանի Դաշնութեան Նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարեցին հետեւեալը.

  1. Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի ռեժիմ և բոլոր ռազմական գործողութիւնների դադար 2020 թւականի նոյեմբերի 10-ի `Մոսկւայի ժամանակով 00: 00-ից: Ադրբեջանի Հանրապետութիւն եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց դիրքերում:
  2. Աղդամի շրջանը եւ Ադրբեջանի Հանրապետութեան Ղազախի շրջանում հայկական կողմից պահւող տարածքները վերադարձւում են ադրբեջանական կողմին մինչև 2020 թ. Նոյեմբերի 20-ը:
  3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւելու է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը ՝ 1960 փոքր զինատեսակներով, 90 զրահամեքենաներով, 380 միաւոր աւտոմեքենայով և յատուկ տեխնիկայով զինծառայողներ:
  4. Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի տեղակայումը կատարւելու է Հայաստանի զինւած ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրամիաւորման մնալու տեւողութիւնը 5 տարի է `յաջորդ 5-ամեայ ժամանակահատւածների համար ինքնաբերաբար երկարաձգմամբ, եթէ Կողմերից ոչ մէկը չի յայտարարում սոյն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրութեան մասին, ժամկէտի լրանալուց 6 ամիս առաջ:
  5. Հակամարտութեան կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողութեան արդիւնաւէտութիւնը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայւում է խաղաղապահ կենտրոն:
  6. Հայաստանի Հանրապետութիւնը Քելբաջարի շրջանը կը վերադարձնի Ադրբեջանի Հանրապետութեանը մինչև 2020 թ. Նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը մինչև 2020 թ. Դեկտեմբերի 1-ը ՝ թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնութեամբ), ինչը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնոյն ժամանակ չի վերաբերի Շուշի քաղաքին: Կողմերի համաձայնութեամբ, առաջիկայ երեք տարիներին որոշւելու է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկի նոր երթուղու կառուցման պլանը, որն ապահովում է կապը Ստեփանակերտի և Հայաստանի միջեւ, հետագայում այդ խաղաղ ճանապարհը պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զօրախմբի վերաբաշխմամբ: Ադրբեջանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկի անվտանգութիւնը երկու ուղղութիւններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների համար:
  7. Ներքին տեղահանւած անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և յարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան տակ:
  8. Իրականացւում է ռազմագերիների և այլ ձերբակալւածների և մահացածների մարմինների փոխանակում:
  9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակւած են: Հայաստանի Հանրապետութիւնն ապահովում է տրանսպորտային կապեր Ադրբեջանի Հանրապետութեան արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ ՝ երկու ուղղութիւններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հսկողութիւնն իրականացնում են ՌԴ ԱԴS Սահմանապահ ծառայութեան մարմինները: Կողմերի համաձայնութեամբ կը տրամադրւի Նախիջևանի Ինքնավար Հանրապետութիւնը Ադրբեջանի արեւմտեան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցութիւնների կառուցում:

 

2020 թւականի նոյեմբեր

Նախագահը Ադրբեջանի Հանրապետութիւն

Վարչապետ Հայաստանի Հանրապետութիւն

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Նիկոլ Փաշինեանը ստորագրել է կապիտուլացիայի մասին համաձայնագիր

 

Սիրելի հայրենակիցներ, քոյրեր եւ եղբայրներ.

Անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղեան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին յայտարարութիւն եմ ստորագրել: Յայտարարութեան տեքստը, որ արդէն հրապարակւել է, անասելի ցաւոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրութեան խորը վերլուծութեան եւ այդ իրադրութեանը ամենալաւը տիրապետող մարդկանց գնահատականի արդիւնքում: Նաեւ հիմնւելով այն համոզմունքի վրայ, որ ստեղծւած իրավիճակում սա ՀՆԱՐԱՒՈՐ ամենալաւ հանգուցալուծումն է: Այս ամէնի մասին առաջիկայ օրերին հանդէս կը գամ մանրամասն ուղերձով:

Սա յաղթանակ չէ, բայց չկայ պարտութիւն, քանի դեռ ինքդ քեզ պարտւած չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտւած չենք ճանաչի եւ սա պէտք է դառնայ մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պէտք է վերլուծենք մեր անկախութեան տարիները, մեր ապագան պլանաւորելու եւ անցեալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհւում եմ մեր բոլոր այն զինւորների, սպաների, գեներալների, կամաւորների առաջ, ովքեր իրենց կեանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացութեամբ փրկել են արցախահայութեանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք յաղթելու ենք: Արցախը կանգուն է:

Կեցցէ՛ Հայաստանը: Կեցցէ՛ Արցախը:

 

Արցախի Հանրապետութեան նախագահն այսօր վաղ առաւօտեան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱՀ նախագահ Արային Յարութիւնեանը:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վաղ առաւօտեան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանութեան բանակի մարտիկների ու աշխարհազօրայինների հետ, ովքեր աւելի քան մէկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրայ Շուշիից գրոհող թշնամշու հրոսակախմբերին:

Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաեւ գեներալ Մնացականեանին: Այն մեծածաւալ ու անգնահատելի ծառայութիւնը, որն այս օրերին նա մատուցում է  Հայրենիքին, կը ներկայացւի պատերազմից յետոյ:

 

Նոյեմբերի 8-ին եւ լոյս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարաւ-արեւելեան, հարաւային եւ հարաւ-արեւմտեան ուղղութիւններում: Շուշի-Քարին տակ հատւածում ինտենսիւ մարտեր են ընթացել թշնամական յայտնաբերւած խմբաւորումների դէմ, որի արդիւնքում վերջինս, կորցնելով մեծ քանակութեամբ ուժեր, նահանջել է: Իւրային զօրքերը զբաղեցրել են առաւել նպաստաւոր բնագծեր: Նշւած ժամանակահատւածում ճակատային գծի տարբեր ուղղութիւններում ոչնչացւել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միաւոր աւտոտեխնիկա եւ 8 անօդաչու թռչող սարք: Հարաւ-արեւմտեան հատւածում ընթացող գործողութիւնների արդիւնքում բանակային ստորաբաժանումները առգրաւել են նաեւ թշնամական 1 տանկ եւ հրետանային միջոցներ: Մարտական գործողութիւնների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է աւիացիոն եւ հրթիռահրետանային հարւածներ հասցնել Արցախի Հանրապետութեան խաղաղ բնակավայրերին: Առաւօտեան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղութիւններով թշնամական ուժերի յարձակման փորձերը վերսկսւել են:

Օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը գտնւում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողութեան ներքոյ:

Արցախի ՊԲ

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանւել է յարաբերական հանգիստ: Այս մասին յայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայութիւնը:

Թշնամին կէսգիշերից յետոյ կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղութեամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցւածքները: Մայրաքաղաքում տուժածներ չկան:

Արցախի միւս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: