Աղբիւր՝ www.nkrmil.am 

Գիշերւայ ընթացքում մարտերը շարունակւել են հարաւ-արեւմտեան, հարաւ-արեւելեան եւ հիւսիսային ուղղութիւններում: Մարտական գործողութիւններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախաւորել խաղաղ բնակավայրերը, մասնաւորապէս հրթիռահրետանային հարւածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին եւ Քարին Տակ գիւղին: Նշւած ուղղութիւնների վրայ աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցւել են թիրախային հարւածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միաւոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Աւետարանոց-Սղնախ հատւածում, սակայն, խոցւելով բանակային ուժերի կողմից եւ կրելով մեծաթիւ կորուստներ, յետ են շպրտւել:

Առաւօտեան թշնամական ուժերը վերսկսել են յարձակողական գործողութիւնները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողութիւն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտութեան վերջինիս հասցնելով նպատակային հարւածներ:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

 

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

«alikonline.ir» - ԱՄՆ Նիւ Ջերսի նահանգի սենատն Արցախի Հանրապետութեան ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել: Այս մասին յայտնում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը:

«Օրինագիծը ներկայացւել է նահանգի սենատոր Ջոզէֆ Լագանայի ջանքերի արդիւնքում»,- նշւում է տարածւած հաղորդագրութիւնում:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զէնք, որ ունի քիմիական զէնքի տարրեր։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոեանը։

«Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զէնք, որ ունի քիմիական զէնքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարեւանութեամբ գտնւող անտառների նկատմամբ:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի հրատապ քննութեան արդիւնքներով, Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի փաստահաւաք աշխատանքներով հաստատւել է ոչ միայն այս փաստը, այլ նաեւ պարզւել է, որ անտառներում թէ՛ ցերեկային, թէ՛ գիշերային ժամերին զինւած յարձակումներից պատսպարւում են նաեւ խաղաղ բնակիչներ:

Այսինքն՝ զանգւածային ոչնչացման բնոյթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինւած ուժերի կողմից օգտագործւում է  շրջակայ միջավայրի ու նաեւ քաղաքացիական բնակիչների դէմ: Դրա կիրառութիւնը նման պայմաններում միջազգային իրաւունքի ակնյայտ արգելքների ներքոյ է»,- գրել է Թաթոեանը։

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Ադրբեջանի զինւած ուժերը հրետակոծել են Սիւնիքի մարզի Դաւիթ Բէկ գիւղը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը:

«Այս ուղղութեամբ մարտական գործողութիւններ եղել են, եւ Ադրբեջանի զինւած ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակւել է, կան կոնկրետ հետեւանքներ»,- ասաց Յովհանիսեանը:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նամակ է յղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դէմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծւած իրադրութիւնը եւ առաջացած մարտահրաւէրները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նամակում, մասնաւորապէս, ընդգծւել է Մերձաւոր Արեւելքից օտարերկրեայ զինեալ ահաբեկիչների տեղափոխման եւ վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դէմ մարտական գործողութիւններում ներգրաւման հանգամանքը: 

Հաշւի առնելով մարտական գործողութիւնների Հայաստանի Հանրապետութեան սահմանին մօտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդէն իսկ տեղի ունեցած ոտնձգութիւնների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անյապաղ խորհրդակցութիւններ՝ սահմանելու աջակցութեան տեսակները եւ չափը, որը Ռուսաստանի Դաշնութիւնը կարող է յատկացնել Հայաստանի Հանրապետութեանը՝ իր անվտանգութեան ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային յարաբերութիւնները եւ  1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ աջակցութեան մասին» պայմանագրի 2-րդ յօդւածը:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

«alikonline.ir» - ԼՂ հակամարտութեան կարգաւորման Իրանի նախագիծը հիմնւած է հումանիտար սկզբունքների վրայ: Այս մասին այսօր՝ վաղ առաւօտեան Մոսկւա ժամանելուց յետոյ յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ, ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցով Իրանի յատուկ բանագնաց Սէյէդ Աբբաս Արաղչին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Թեհրանի նախագիծը հիմնւած է հումանիտար սկզբունքների վրայ եւ հաշւի է առնում ներգրաււած կողմերի ցանկութիւնները»,- ասել է Արաղչին՝ յաւելելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին 30 տարիների ընթացքում չեն կարողացել ոչինչ անել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութիւնը կարգաւորելու համար, իսկ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր նախաձեռնողական ծրագրով եւ տարածաշրջանային համագործակցութեամբ փորձում է վերջ տալ Բաքւի եւ Երեւանի միջեւ հակամարտութեանը: Մեզ, իհարկէ, բարդ առաջադրանք է սպասւում»:

Իրանցի բարձրաստիճան դիւանագէտը յստակեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ներգրաււած արտաքին խաղացողները (ԱՄՆ, Ֆրանսիա) հեռու են տարածաշրջանից եւ ոչ միայն քաղաքականապէս, այլեւ հոգեբանական եւ բարոյական առումով որեւէ կապ չունեն տարածաշրջանի հետ եւ ցանկութիւն չունեն հասնել Ղարաբաղում խաղաղութեան կայացմանը:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջարկած նախագիծը հիմնւած է հումանիտար սկզբունքների վրայ, ներառեալ՝ զինադադարի հաստատումը, քաղաքացիական բնակավայրերի վրայ յարձակումների դադարեցումը եւ տեղահանւածների վերադարձն իրենց բնակավայրեր: Մենք ներկայացնում ենք ԼՂ հակամարտութեան կարգաւորման մեր նախագիծը եւ սպասում ենք հակամարտութեան կողմերի պատասխանին»,- ասել է Արաղչին: 

Նշենք, որ ԱԳՆ տեղակալը երէկ՝ հոկտեմբերի 28-ին Իրանի նախագիծը ներկայացրել է Բաքւում, որը ըստ նրա՝ ընդառաջւել է Ադրբեջանի ղեկավարութեան կողմից: Արաղչին, այսօր, նախագիծը կը ներկայացնի Մոսկւայում, որից յետոյ կայցելի Երեւան եւ Անկարա:

 

Աղբիւր՝ www.nkrmil.am 

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում կայուն-լարւած օպերատիւ իրադրութիւնն էական փոփոխութիւնների չի ենթարկւել:

Կէսգիշերից յետոյ եւ վաղ առաւօտեան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետութեան խաղաղ բնակավայրերի թիրախաւորումը: Մասնաւորապէս թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծութեան են ենթարկւել Ստեփանակերտը,  Շուշին եւ յարակից խաղաղ բնակավայրերը:

Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանութեան ուժերի կողմից ոչնչացւել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարւածային անօդաչուն:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահօրէն իրականացնել առաջադրւած մարտական խնդիրները՝ օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը պահելով վերահսկողութեան տակ:

 

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

 

 

Աղբիւր՝ www.yekir.am 

Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է Իտալիայի հայերի միութեան ֆէյսբուքի էջը:

 

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախութիւնըԱղբիւր՝ www.yerkir.am 

Ամերիկայի Միացեալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Քաղաքային խորհուրդն անկախութեան ճանաչման բանաձեւն ընդունեց միաձայն հեռավար կարգով անցկացւող նիստում:

Արցախի անկախութեան ճանաչման բանաձեւը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրէժ Աղաջանեանը: Բանաձեւում նշւում է, որ Արցախի Հանրապետութիւնը, որը յայտնի է նաեւ որպէս Լեռնային Ղարաբաղ, պատմականօրէն հայկական տարածք է, որի բնակչութեան մեծամասնութիւնը մշտապէս եղել են հայեր:

«Արցախի Հանրապետութիւնն ազատ, ինքնիշխան պետութիւն է՝ հիմնւած միջազգային իրաւունքի սկզբունքների վրայ: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում եւ Հայաստանում հայերի դպրոցները, հիւանդանոցները, եկեղեցիները եւ տները յարձակման են ենթարկւում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանութիւնը»,- ասւում է բանաձեւում:

Արցախի անկախութիւնը ճանաչելու կոչ է արւում նաեւ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահին եւ ԱՄՆ Կոնգրեսին:

 

Աղբիւր՝ www.nkrmil.am 

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում պահպանւել է յարաբերական կայուն-լարւած իրադրութիւն:

Երեկոյեան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնաւորապէս թիրախում էին յայտնւել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գիւղերը:

Ներկայումս տեղային նշանակութեան մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղութիւններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիւերսիոն խմբերի ոչնչացման գործողութիւնները:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

 

 

ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

Այսօր առաւօտեան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մէկը ընկել է ՀՀ տարածքում) եւ հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարաւային սահմանի Իրանի հետ հատման կէտի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը եւ ՀՀ պետական սահմանի հրետակոծութիւնը, ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ ստիպւած է լինելու պատասխան հարւածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղութեամբ:

 

 

 

ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

Կոպտօրէն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերւած հումանիտար հրադադարի մասին պայմանաւորւածութիւնը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հիւսիսարեւելեան մարտական դիրքերի ուղղութեամբ:

 

Աղբիւր՝ www.nkrmil.am 

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանաւորւածութեան ձեռք բերելուց յետոյ, որը ուժի մէջ պէտք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը դեռեւս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտօրէն խախտելու մէջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատւութիւնը: Հաշւած րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատւութիւնը՝ նշելով, թէ հայկական ուժերը հարաւային ուղղութեամբ հրետակոծութեան են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստօրէն հետեւում են ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականութեան հետ որեւէ առնչութիւն չունեն, այլեւ արւել են վերջինիս հետագայ սադրանքների համար տեղեկատւական հող նախապատրաստելու համատեքստում:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

 

 

Աղբիւր՝ www.nkrmil.am 

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում պահպանւել է յարաբերական կայուն-լարւած իրադրութիւն: Առանձին հատւածներում շարունակւել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգութիւնները:

Երեկոյեան, հերթական անգամ կոպտօրէն խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թւում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկայումս տեղային նշանակութեան մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղութիւններում: ՊԲ ստորաբաժանումները յաջողութեամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողութիւնները՝ վերահսկողութեան ներքոյ պահելով օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

 

 

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«alikonline.ir» - Աւստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարաւային Ուելսի Օրէնսդիր ժողովը պաշտօնապէս ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Այս մասին յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը:

Արցախի Հանրապետութեան անկախութիւնը ճանաչւել է 61 կողմ եւ 2 դէմ ձայների յարաբերակցութեամբ: Խորհրդարանականները նաեւ դատապարտել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացւող յարձակումները Արցախի բնկիչ ժողովրդի՝ հայերի նկատմամբ:

 

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Արցախի հանրապետութեան արտակարգ իրավիճակների պետական ծառայութիւնից տեղեկացնում են․

Հոկտեմբերի 21-ի լոյս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու եւ յարակից գիւղերի ուղղութեամբ։

Տուժածների ու վնասների մասով` տեղեկութիւններ առայժմ չկան։

 

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ֆրանսիայի երեք քաղաք ճանաչել են Արցախի անկախութիւնը։ Ինֆոգրաֆիկան ներկայացրել է Արցախի տեղեկատւական շտաբը:

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հակառակորդի բռունցքներն այն աստիճան են մաշւել, որ բոլոր ճիգերը գործադրում է՝ մէկ ուղղութեամբ առաջ գնալու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը։

Նա նշեց, որ այս պահին հիւսիսային ուղղութեամբ իրավիճակն աւելի յաջող է. «Հիւսիսային ուղղութեամբ մօտ մէկ շաբաթ առաջ 3 օր անդադար մօտաւորապէս մի քանի հարիւր միաւոր հրետանային միջոցներից ժամուկէս հրետանային պատրաստութիւն արեցին, որպէսզի ճեղքում իրականացնեն 2-3 դիրքի ուղղութեամբ։ Մէկ դիրքի ուղղութեամբ 700-ից 800 գրոհային եկաւ եւ չկարողացան ճեղքել, հետ շպրտւեցին՝ ձորակի մէջ թողնելով 200-ից 300 դի։ Տեսնելով որ յաջողութեան չեն հասնում, ենթադրում եմ, որ որոշեցին հարաւ իջնել»։

Անդրադառնալով հայկական կողմի կորուստներին՝ Յովհաննիսեանն ասաց. «Բնականաբար մենք էլ ենք կորուստներ կրել։ Հազարաւոր միաւոր տեխնիկայ մենք ենք իրենց խոցել, իրենք՝ մեզ, աւտոտեխնիկայ է խոցւում, կամուրջներ են խոցւում»։

 

Կազմւել է կանանց ջոկատ, 100 հոգի արդէն գրանցւել է․ Արծրուն Յովհաննիսեան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը գրել է․

«Նարի Սիւնին եւ Նարէ Խլղաթեանը կանանց ջոկատ են կազմել, արդէն 100 հոգի գրանցւել է, կան բազում դիմումներ: Իրենք, մեր դուստրերը, մեր քոյրերը մեր պատիւն են: Հէնց իրենցով էլ յաղթելու ենք»:

 

Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինւած ուժերը հարաւային ուղղութեամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցւող յարձակում` օգտագործելով 7 տանկ, այդ թւում` մէկ միաւոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետեւակի տեղափոխման համար: Տեղեկացրել է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամլոյ քարտուղար Շուշան Ստեփանեանը:

Հակառակորդը նպատակադրւել էր սրընթաց յարձակմամբ կրակային եւ հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրայ` ապահովելով ճեղքում սահմանի կարեւոր հատւածում:

Գնդապետներ Ստեփան Գէորգեանի, Ստանիսլաւ Երեօմինի եւ հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելեանի մասնագիտական վարպետութեան, բարոյակամային բարձր որակների եւ գերազանց ներդաշնակ գործողութիւնների շնորհիւ յարձակումը խափանւել եւ հակառակորդը մի քանի կիլոմետր յետ է շպրտւել: