Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զէնքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից։

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ի ժամը 21։30-ի տւյալներով՝ զոհւել է առնւազն 200, վիրաւորւել՝ աւելի քան 400 մարդ։ Այս մասին Թւիթերում յայտնել է ԼՂ մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը՝ յղում անելով օմբուդսմենի գրասենեակի հաւաքագրած տւյալներին։ Այս մասին հաղորդում են yerkir.am-ից։

«Վիրաւորների թիւը քաղաքացիական անձանց շրջանում 40-ից աւելի է, նրանցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատւել է 10 քաղաքացիական անձի մահւան փաստը, նրանցից 5-ը երեխաներ են։ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը շարունակում է անհետ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղւած միջոցառումները»,- գրել է նա։

Արցախի Հանրապետութեան իշխանութիւններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելութիւն իրականացնող զօրակազմի հրամանատարութեան առաջարկութիւնը՝ կրակի դադարեցման վերաբերեալ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը։

Յայտարարութեան մեջ մասնաւորապէս ասւում է․

«Ադրբեջանի Հանրապետութիւնը սեպտեմբերի 19-ից հռթիրահրետանային եւ աւիացիոն զանգւածային հարւածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածաւալ յարձակման Արցախի Հանրապետութեան հետ շփման գծի ողջ երկայնքով։

Ադրբեջանի ԶՈՒ գործողութիւնների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ առաջադրւած է Արցախը մասնատելու եւ նրա կենսունակութեանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տեւած յամառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանւում են կենդանի ուժով եւ զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագոյն կորուստներ:

Դժբախտաբար, կորուստներ եւ վիրաւորներ ունի նաեւ արցախեան կողմը, իսկ որոշ հատւածներում թշնամուն յաջողւել է մխրճւել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների եւ ռազմավարական ճանապարհային հանգոյցների:

Ստեղծւած իրադրութիւնում անբաւարար են միջազգային հանրութեան գործողութիւնները՝ պատերազմի դադարեցման եւ իրավիճակի հանգուցալուծման ուղղութեամբ:

Հաշւի առնելով այս ամէնը Արցախի Հանրապետութեան իշխանութիւններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելութիւն իրականացնող զօրակազմի հրամանատարութեան առաջարկութիւնը՝ կրակի դադարեցման վերաբերեալ»:

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվութեամբ շարունակւել են:

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին յայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողութիւնները՝ թիրախաւորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցւածքներ:

Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները յամառ դիմադրութիւն են ցոյց տալիս:

Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, յայտարարւել է օդային տագնապ. Ադրբեջանը օդային հարւածներ է հասցնում այդ ուղղութիւններով։ Այս մասին հաղորդում են yerkir.am-ից։

Աւելի վաղ՝ Երեւանի ժամով 13։26-ին, հաղորդւել էր, թէ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկւում է զանգւածային հրետակոծութեան:

Երկուշաբթի, 11 Սեպտեմբեր 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետը շնորհաւորական նամակ մը յղեց Արցախի Հանրապետութեան նորընտիր նախագահ վսեմաշուք Սամուէլ Շահրամանեանին։

Ստորեւ կը ներկայացնենք նամակը.-

 

Վսեմաշուք

 

Տիար Սամուէլ Շահրամանեան
    Նորընտիր Նախագահ
    Արցախի Հանրապետութեան
    Ստեփանակերտ

 

Սիրելի՛ Պրն. Նախագահ,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ եւ ջերմ սիրով կ՚ողջունենք Ձեր ընտրութիւնը, որպէս Նախագահ Արցախի Հանրապետութեան։ Այս առիթով ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեզ եւ կը մաղթենք, որ Արցախի պատմութեան ճգնաժամային հանգրուանին Ձեր ստանձնած պատասխանատուութիւնը վերանորոգ հաւատքով ու նուիրումով կարենաք լիովին արդարացնել՝ ի խնդիր Արցախի մեր սիրելի ժողովուրդին ինքնորոշման արդար իրաւունքին։

Արդարեւ, Արցախի հայութեան կեանքի մշուշապատ այս օրերուն, Արցախի ապաշրջափակումը եւ անոր իրաւունքներու տիրացման հետապնդումը հարկ է որ դառնայ առաջնահերթ նպատակը իւրաքանչիւր հայու եւ համայն հայութեան։ Մենք անձնապէս, Մեր բոլոր կարելիութիւնները ի գործ դրած ենք ու պիտի շարունակենք դնել միջազգային մակարդակով հետապնդելու Արցախի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքը։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր թեմերով միշտ եղած է Արցախի պետութեան, անոր քաջարի բանակին ու հերոսական ժողովուրդի կողքին։ Կը վստահեցնենք Ձեզ, որ նոյն ոգիով պիտի շարունակենք մեր Սուրբ Աթոռին զօրակցութիւնը Արցախի Հանրապետութեան։

Անգամ մը եւս, անձնապէս եւ յանուն մեր Սուրբ Աթոռի միաբանութեան, ժողովականութեան, թեմերուն եւ մեր ժողովուրդին ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը։ Թող Ամենաբարին Աստուած Իր հովանին անպակաս ընէ Արցախի Հանրապետութեան վրայէն, եւ Արցախի հայութեան շնորհէ խաղաղ ու բարօր տարիներ։

Հայրապետական օրհնութեամբ,

Աղօթարար՝
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

 

Անթիլիաս, 11 Սեպտեմբեր 2023

Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի միջնորդութեամբ Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի յղած նամակը կը փոխանցւի Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին 

Ինչպէս արդէն օրեր առաջ պաշտօնական լրատւութեամբ տեղեկացրել էինք Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը նամակներ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպէս նաեւ Եւրոխորհրդարանի խօսնակներին: Այս մասին հաղորդում է alikonline.ir-ը։

Իրանի օրէնսդիր իշխանութիւնների կողմից սպասւող հնարաւոր արձագանգներին ծանօթանալու նպատակով, հեռախօսազրոյց ունեցանք Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ, նրանից հետաքրքրւեցինք, թէ արդեօք Դաւիթ Իշխանեանի կիրառած նոր գործելաձեւը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման եւ Իրանի կողմից միջամտութեան տեսանկիւնից: Արա Շահվերդեանը նախ տեղեկացրեց, որ նամակից մի օրինակ Հայաստանի Հանրապետութիւնում յանձնւել է Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին եւ արդէն այստեղ երկուսով պատրաստւում են այն յանձնել Իսլամական խորհրդարանի խօսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին:

Ապա պատգամաւորը ընդգծեց, որ այսօրւայ դրութեամբ, շատ կարեւոր են տարբեր գործիքակազմերի կիրառումը եւ ըստ պատգամաւորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչութեան շահերի պաշտպանութեան առումով:

«Չնայած տարբեր անձանց ու կառոյցների կողմից հնչող դատապարտող կոչերին Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից։ Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի, Եւրոխորհրդարանի, ՄԻԵԴ-ի, Լահէի դատարանի ու այլ միջազգային կառոյցների պահանջները, իրագործելով արցախահայութեան էթնիկ զտման, սադրանքի եւ ուժի սպառնալիքի քաղաքականութիւնը»,-նշեց Շահվերդեանը՝ ընդգծելով, որ Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկւած են ազատ տեղաշարժի հնարաւորութիւնից եւ ապրում են աղէտալի պայմաններում, ոտնահարւում են նրանց հիմնարար իրաւունքները, իսկ Ադրբեջանին միջազգային հանրութեան ուղերձները կառուցողական դաշտ չեն բերում:

Հարցմանը թէ ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչութեամբ, Արա Շահվերդեանը նշեց, որ իրենք պատրաստւում են որպէս միջնորդ հանդէս գալ նամակի յանձնման ուղղութեամբ, որը նշանակում է, որ ուղղակիօրէն այն կը ստանայ խորհրդարանի խօսնակը:

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւորը շեշտեց, որ որպէս իրանահայութեան զոյգ պատգամաւորներ անպայման կը շարունակեն հետեւողական լինել Արցախի էթնիկ բնակչութեան շահերի պաշտպանութեան հարցերին, ընդգծելով, որ որպէս երկրի օրէնսդիր իշխանութեան մէկ մասնիկ բազմիցս դիմել են պետական անձանց, խնդրելով, տարբեր քաղաքական ու դիւանագիտական միջոցներ կիրառել, ճնշումներ գործադրել ադրբեջանական սադրանքները զսպելու մեխանիզմներ կիրառելու եւ Արցախի էթնիկ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:

Արա Շահվերդեանը ընդգծեց, որ հետամուտ ենք լինելու, որպէսզի Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի յղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խօսնակի կողմից հասցէական եւ համապատասխան արձագանգ ստանայ:

Սամուէլ Շահրամանեանն ընտրւել է Արցախի Հանրապետութեան նախագահ։

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։ Այս մասին հաղորդում են yerkir.am-ից։

Գաղտնի քւէարկութեանը մասնակցել է 23 պատգամաւոր, որոնցից  22-ը քւէարկել է կողմ, իսկ 1-ը՝ դէմ։

Քւէարկութեան արդիւնքում ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամուէլ Սերգէյի  Շահրամանեանին  ընտրել ԱՀ նախագահ։

 

Ժամը 12:25-ի դրութեամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զէնքերից կրակ են բացել Նորաբակի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ: Այս մասին յայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրաւոր:

Յատկանշական է, որ Պաշտպանութեան նախարարութեան հրապարակած առաջին հաղորդագրութիւնում նշւած էր հայկական կողմի 4 զոհի մասին, բայց քիչ անց նախարարութիւնը տեղեկացրեց, որ համաձայն բժիշկներից ստացած նոր զեկոյցի, կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիւ միջոցառումների արդիւնքում զոհւած զինծառայողների ցուցակում յայտարարւած Նարեկ Կարէնի Պօղոսեանի սրտի զարկը վերականգնւել է։

Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրաւորում, գտնւում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողութիւնները զինծառայողի կեանքը փրկելու համար շարունակւում են:

Պաշտպանութեան նախարարութիւնը նախորդ հաղորդագրութիւնից հեռացնում է Նարեկ Կարէնի Պօղոսեանի անունը եւ հայցում հանրութեան եւ զինծառայողի ընտանիքի ներողամտութիւնը:

 

 

Օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զօրակազմի ուղեկցութեամբ իրականացւել է Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխումը. ըստ «Panorama.am»-ի հաղորդում է alikonline.ir-ը։

Աւելի ուշ «Ֆէյսբուք»-ի օգտատէր Արամ Գէորգեանը հրապարակել է օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առեւանգւած երիտասարդների լուսանկարները:

«Այսօր ադրբեջանցիների կողմից առեւանգւած երիտասարդներն են՝ Ալէն Սարգսեանը, Լեւոն Գրիգորեանը, Վահէ Յովսէփեանը»,-գրում է Գէորգեանը:

 

Ս/թ օգոստոսի լոյս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանւած աւտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սիւնիքի մարզի Կապանի «Սիւնիք» օդանաւակայանի յարակից տարածք եկած անյայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սիւնիք» օդանաւակայանի ուղղութեամբ եւ հեռացել։ Ըստ yerkir.am-ի, այս մասին յայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Փամփուշտներից երկուսը վնասել են օդանաւակայանի պատուհաններից մէկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանութիւններին կոչ ենք անում պատշաճ քննութիւն իրականացնել դէպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադէպերի կրկնութիւնը բացառելու համար։

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զօրքերը պատրաստ են համատեղ քննութեան եւ/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանիւթեր։

Ստորագրահաւաքին մասնակցելու համար սեղմել հետեւեալ յղումը.

https://www.karzar.net/82029

Իրանական “Karzar.net” կայքում մեկնարկել է ստորագրահաւաք, որը դատապարտում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը եւ կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ Արցախում հումանիտար աղէտը կանխելու ուղղութեամբ։

Ստորագրահաւաքը նախաձեռնել է «Անահիտ» գիտամշակութային եւ գրական հանդէսի խմբագրական խորհրդի քարտուղար Աբբաս Էղբալ Մեհրանը։

«Սննդամթերքի եւ դեղօրայքի առաքման արգելափակումը եւ Արցախի 120 000 հայ բնակչութեան շրջափակումը Բաքւի հանրապետութեան կազմակերպած ցեղասպանական գործողութիւններից են Արցախի հայութեան նկատմամբ, որն իրականացւում է Լաչինի անցակէտի արգելափակմամբ՝ դէպի Արցախ պարենային եւ դեղօրայքի օգնութեան մատակարարումը կանխելու նպատակով։

Հարեոան երկիր Իրանը ցաւ է ապրում՝ տեսնելով տեղի ունեցող վերջին իրադարձութիւնները։ Պարզ է, որ այն կանհանգստացնի իւրաքանչիւր մարդու՝ անկախ դաւանած կրօնից կամ ազգութիւնից։ 

Բաքւի հանրապետութեան կողմից միանգամայն կեղծ պատճառներով Արցախում բնակւող 120 000 հայերի ապօրինի շրջափակումը փաստում է, որ այդ երկիրը իրականացնում է պետականօրէն կազմակերպւած եւ ծրագրւած ցեղասպանութիւն։

Արցախի շրջանում սննդամթերքի բացակայութիւնը,  դեղօրայքի եւ բժշկական սարքաւորումների պակասը, տեղի 2000 յղի կանանց եւ 30 000 երեխաների շրջափակումը փաստում է, որ Բաքւի հանրապետութիւնը ակնյայտօրէն անտեսում է միջազգային պայմանագրերը եւ յայտարարութիւնները։ Մասնաւորապէս՝ Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որը դատապարտում է Լաչինի անցակէտի անօրինական արգելափակումը։

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ երկրների կողմից Լաչինի անցակէտի արգելափակման անտեսումը, Արցախին սննդով ու դեղօրայքով ապահովելու պատրաստակամութեան պակասը վկայում է աղէտի խորութիւնը ընկալելու մարդկային անտարբերութեան մասին, որի ականատեսն ենք այսօր Արցախում։

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպութիւնների ու մարդու իրաւունքների անգործութիւնը Բաքւի հանրապետութեանն աւելի մեծամիտ են դարձրել՝ արցախցիներին թողնելով դժւարութիւնների մէջ։

Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը բանաձեւ ընդունի, որը կը պարտաւորեցնի Բաքւի հանրապետութեանը վերացնել Լաչինի անցակէտի արգելափակումը՝ ապահովելով Արցախի բնակիչների անվտանգութիւնը։

Այս առումով ցանկացած ձախողում կը հանգեցնի 1915 թւականին Օսմանեան կայսրութեան կողմից կազմակերպած հայերի ցեղասպանութեան կրկնութեանը, իսկ դա նշանակում է, որ ցեղասպանութիւնը եւ Արցախի հայութեան էթնիկ զտումները շարունակւում են Բաքւի կառավարութեան գիտակցութեան մէջ»,- ասւած է յայտարութեան տեքստում։

 

Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը գրում է. 

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրւայ ընթացքում ոտքով մօտ երկու տասնեակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բաւականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր յաջորդ հանդիպումը տեղի կունենայ վաղը, յուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կը ներկայացւեն վերջին երկու օրւայ աշխատաանքները, երկրում ստեղծւած վիճակը, ինչպէս նաեւ կը որոշենք յետագայ անելիքները։

Ի դէպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդէն տեղադրւել են:

Արցախի համաժողովրդական շարժումն այլեւս իրականութիւն է,  ի հեճուկս իրենց իրական դէմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»։

Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանութիւններով ու յարակից կառոյցներով ու միութիւններով, իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի յայտարարութեան` մերժելով Արցախի Հանրապետութիւնը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան մաս նկատելու որեւէ մօտեցում ու ճիգ ոեւէ մէկուն, եւ այս պարագային յատկապէս Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ու իշխանութեան կողմէ։

Արդարեւ, 10 Դեկտեմբեր 1991-ին համաժողովրդային քուէարկութեամբ Արցախը ինքնիշխանութեան իր հաւաքական կամքը արդէն արտայայտած է եւ ապա Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդը 8 Յուլիս 1992-ին վերաշեշտած է Արցախի ինքնիշխանութիւնը։

Միջազգային օրէնքին համաձայն ժողովուրդ մը ինքնորոշման իրաւունք ունի։ Հետեւաբար, Արցախի ժողովուրդի ինքնորոշման արդար իրաւունքը չի կրնար զոհը դառնալ շրջանէն ներս համապարփակ խաղաղութեան հաստատման եւ Ազրպէյճանի հողային ամբողջականութիւնը ճանչնալու փորձերուն։

Հարկ է ըլլալ արթուն, հեռատես ու մանաւանդ՝ միակամ։ Արցախը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան մաս կազմելով ոչ միայն պիտի վտանգուի Արցախի ժողովուրդին ապահովութիւնը, այլ նաեւ Հայաստանի գերիշխանութիւնը ու անվտանգութիւնը։

Մեր պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին, կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն համախմբուելու եւ զօրակցելու Արցախին։

 

ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ

 

23 Մայիս 2023
Անթիլիաս, Լիբանան

Դիւերսիոն ներթափանցման հետեւանքով զոհւել է ոստիկանութեան 3 ծառայող: Ըստ «yerkir.am»-ի այս մասին յայտնում են Արցախի ՆԳ նախարարութիւնից:

Այսօր առաւօտեան` ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիւերսիոն խումբը «Խայփալու» կոչւող տեղանքում թիրախաւորել եւ կրակ է բացել ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան անձնակազմի հերթափոխի մեքենայի վրայ:

Դիւերսիոն ներթափանցման հետեւանքով զոհւել է ոստիկանութեան 3 ծառայող։ Եւս մէկ ծառայող ստացել է հրազէնային վիրաւորում եւ գտնւում է հանրապետական բժշկական կենտրոնում` բժիշկների հսկողութեան տակ:

ՆԳ նախարարութիւնն այս ծանր պահին կիսում է զոհւած ոստիկանների կորստի վիշտը, զօրակցութիւն յայտնում նրանց ընտանիքների անդամներին:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքերի ուղղութեամբ: Այս մասին յայտնում են ՊՆ-ից:

Ժամը 22:00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին յարաբերականօրէն կայունացել է: 

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

 

Սեպտեմբերի 13-ի ժամը 08:00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխութիւններ չի կրել: Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղութիւններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ` թիրախաւորելով թէ՛ ռազմական, եւ թէ՛ քաղաքացիական ենթակառուցւածքները:

Սահմանի որոշ հատւածներում դիրքային մարտերը նոյնպէս շարունակւում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

Ադրբեջանի կողմից իրականացւած լայնածաւալ ագրեսիայի հետեւանքով ստեղծւած իրադրութիւնը ներկայացւել է Հայաստանի Հանրապետութիւնում հաւատարմագրւած դեսպանութիւնների ռազմական կցորդներին եւ նշւել, որ տեղի ունեցածի եւ դրա յետագայ զարգացումների ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:

Պաշտպանութեան նախարարութիւնը կը շարունակի պարբերաբար հանդէս գալ իրադրութեան վերաբերեալ պաշտօնական հաղորդագրութիւններով:

ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից նախապէս տեղեկացրել էին, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի եւ Ջերմուկի ուղղութեամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիւ կրակ վարել հայկական դիրքերի ուղղութեամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ Հայաստանում յայտարարւում է երկօրեայ սուգ:

«Ղեկավարւելով «կառավարութեան կառուցւածքի եւ գործունէութեան մասին» օրէնքի 7-րդ յօդւածի 5-րդ մասով`

Ի յիշատակ 2022 թւականի օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի եւ պայթիւնի հետեւանքով զոհւած քաղաքացիների` Հայաստանի Հանրապետութիւնում 2022 թւականի օգոստոսի 17-18-ը ներառեալ յայտարարել սուգ»,- նշւած է Նիկոլ Փաշինեանի ստորագրած որոշման մէջ:

Օգոստոսի 16-ին, ժամը 08:12-ի դրութեամբ հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակւում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութիւնը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդիւնքում յայտնաբերւել է 16 քաղաքացու դի:

Երեւան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնութիւն, դուրս է գրւել: