Ծերանոցը կառավարող Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ 2020 թւականի Ամանորի առթիւ յունւարի 8-ի երեկոյեան, տօնական միջոցառում տեղի ունեցաւ, մասնակցութեամբ միութեան անդամուհիների եւ ծերանոցի բնակիչների ու աշխատակազմի: Ծրագրին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզի աւագ խմբկի՝ Դեղինի, սաներն ու դպրոցի պատասխանատուները, ովքեր տօնի առթիւ տեսակցութեան էին եկել այս հագստի տան բնակիչներին: 

Սկզբում Հայ Կանանց Գթութեան միութեան անունից շնորհաւորանքներ եւ տօնական բարեմաղթանքներ փոխանցեց վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, ապա ողջունելով փոքրիկ այցելուների եւ դպրոցի պատասխանատուների ներկայութիւնը ծերանոցի յարկի տակ, յոյս յայտնեց, որ 2020 թւականը առողջութեան, յաջողութեան եւ վերելքի տարի կը լինի բոլորի համար: 

Այնուհետեւ տօնական տրամադրութիւնը բազմապատկւեց սաների ասմունքներով ու երգերով, ինչպէս նաեւ պարերով, որը կատարւեց դիջէյ Վահան Վարդեւանեանի հնչեցրած երաժշտութեան ներքոյ: Ընթացքում ներկայ գտնւեց Ձմեռ պապիկը, որը մեծ ուրախութիւն պատճառեց յատկապէս փոքրիկ հիւրերին:

Աւելի ուշ միութեան վարչութեան հրաւէրով ծերանոց այցելեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով ողջունելով ներկաներին եւ դրւատանքի խօսք ասելով Կանանց Գթութեան միութեան անդամուհիներին՝ սիրայօժար կերպով սոյն հանգստի տան կառավարման գործին լծւելու կապակցութեամբ, շնորհաւորեց Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ: Նա փոքրիկներին մաղթեց, որ 2020 թւականին առաւել չափով հնազանդւեն իրենց մեծերին ու պատասխանատուներին, իսկ տարեցներին առողջութիւն եւ արեւշատութիւն ցանկանալով, յոյս յայտնեց, որ իր Ամանորեայ իւրաքանչիւր այցելութեան ընթացքում ծերանոցի տարեց բնակիչներին կը տեսնի առողջ եւ ուրախ: 

Դպրոցի պատւիրակութեան կողմից պատրաստւած նւէրները երեխաների միջոցով բաժանւեցին տարեցներին, իսկ փոքրիկները փոխադարձաբար ստացան Նոր տարւայ նւէրներ:

Վերջում Արմինէ Սիմոնեանը շնորհակալական խօսք ուղղեց թեմակալ առաջնորդին եւ միւս այցելուներին իրենց ներկայութեան, իսկ դիջէյ Վահանին՝ սիրայօժար համագործակցութեան համար:

Թղթակից (Նոր Ջուղա)