Հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 10-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, ուր Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը զեկոյցով հանդէս եկաւ իր ծաւալած միամեայ գործունէութեան եւ հետագայ ծրագրերի շուրջ, իսկ հանդիպման երկրորդ բաժնում ունկնդրեց ներկաների կառուցողական տեսակէտներն ու պատասխանեց նրանց հարցումներին: 

Սկզբում  սփռւեց տեսանիւթի վերածւած խորհրդի զեկոյցը, որտեղ համապատասխան լուսանկարներով, ֆիլմերով եւ սպառիչ բացատրութիւններով արտացոլւած էր սոյն գործադիր մարմնի գործունէութիւնը՝ կրթական, բարեսիրական եւ կալւածական բնագաւառների, երիտասարդների ու ընտանիքների զանազան դժւարութիւնների փարատման, ինչպէս նաեւ տարբեր ոլորտներում կատարած ներդրումների կապակցութեամբ: 

Նշւած զեկոյցում առանձնաբար անդրադարձ էր կատարւած յատկապէս խորհրդին ենթակայ մարմինների գործունէութեանը, համայնքային կեանքին եւ արտաքին ճակատում հաստատած յարաբերութիւններին:    

Վերջում թեմի Պատգ. Ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանն ու փոխ-ատենապետ դոկտ. Նորայր Թումանեանը պատասխանեցին ներկաներին յուզող հարցումներին եւ ունկնդրեցին նրանց տեսակէտները:

Երեկոյին ներկայ էին՝ ազգային մարմինների անդամները, Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը:

Ծրագիրը վարեց Թովմա Գալստանեանը:

Յատկանշական է, որ ժողովրդական հանդիպումից յետոյ կից սրահում կազմակերպւեց գնահատման երեկոյ, ուր Թեմական խորհուրդը շնորհկալագիր շնորհեց ենթամարմինների եւ յանձնախմբերի անդամներին՝ ազգային կեանքի բարելաւմանը նպաստող աշխատանքներում իրենց գործունէութեան եւ հետեւողականութեան համար:

Թղթակից (Նոր Ջուղա)