Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի ձեռամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ կատարւեցին Աւագ շաբաթւայ արարողութիւնները․

Մեծ պահքի վերջին կիրակի օրը` 2019 թւականի ապրիլի 14-ին առաւօտեան, որը նւիրւած է  Յիսուս Քրիստոսի` Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակին,  մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչ քահանայ հայրն օրւայ իր քարոզում անդրադառնալով տօնի խորհրդին եւ ընդգծելով, որ Յիսուսի առջեւ զգեստներ փռելը խորհրդանշում է մեղքերից ազատւելը, կոչ արեց՝ սրտերը Տիրոջ առջեւ բացելով, նրան ընդունենք մեր կեանքում: Աւարտին օրհնւած ճիւղերը բաժանւեցին հաւատացեալների միջեւ, ապա կատարւեց մանուկների օրհնութեան կարգը:

Ժողովրդից բացի՝ Պատարագին ներկայ էին նաեւ համայնքի հայոց ազգ․ դպրոցների աշակերտ-ուհիներն ու պատասխանատուները:

Նոյն օրը երեկոյեան կատարւեց Դռնբացէքի կարգը, իսկ Աւագ երեքշաբթի՝ ապրիլի 16-ի երեկոյեան մատուցւեց Տասը կոյսերի առակի յիշատակման օրւայ արարողութիւնը: 

Աւագ հինգշաբթի առաւօտեան ՝ ապրիլի 19-ին, ի յիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդութեան խորհրդի հաստատմանը, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, իսկ նոյն օրը երեկոյեան կատարւեց Ոտնլւայի արարողութիւնը: 

Նոյն օրը, ուշ երեկոյեան, տեղի ունեցաւ Խաւարման կարգը: Աւետարանների ընթերցումից եւ շարականներից յետոյ, մթութեան մէջ, քահանայ հայրը ներկաներին ուղղեց իր քարոզը, որտեղ բնաբան ունենալեվ Յիսուսի «Ես եմ Քրիստոսը, Ես եմ աշխարհի լոյսը, ով որ հետեւի ինձ նա չի մնալու խաւարի մէջ» խօսքը, կոչ արեց՝ խորհենք, թէ ինչքանով ենք արժանի Քրիստոսի կատարած զոհողութիւններին եւ քրիստոնեային վայել կեանք ապրելով, կատարենք նրա բոլոր պատւիրանները:

Վերոնշեալ արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ «Նարեկ» երգչախումբը:

Թղթակից (Շահինշահր)