2018 թւականի երկրորդ կէսին, շրջանի Հայ Դատի յանձնախմբի (Նոր Ջուղա) միջոցով կեանքի կոչւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախումբը՝ հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին վիրաւորւած ազատամարտիկներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով:

Յանձնախումբը կեանքի կոչւելուն պէս անցաւ աշխատանքի եւ որոշեց որպէս իր գործունէութեան մեկնարկ, առաջին նւիրատւութիւնը փոխանցել Երեւանում գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ վիրաւոր եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին բժշկական ծառայութիւններ մատուցելուց բացի, լուծւում են նրանց սոցիալական ինտեգրման, կրթութեան եւ աշխատանքի հետ կապւած հարցերը:

Վերականգնողական կենտրոնին անհրաժեշտ պարագաները նկատի առնելով՝ որոշւեց կապոցների պարունակութիւնը լինի սպիտակեղէն, բժշկական սարքեր եւ պլանշետներ, որոնց գնման համար պահանջւող գումարը գոյացաւ ոչ միայն Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան, միութիւնների եւ ժողովրդի նւիրատւութիւներով, այլեւ յանձնախումբը մասնակցելով Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Նոր տարւայ երկօրեայ ցուցահանդէս-վաճառքին իր առանձին կրպակն ունեցաւ այնտեղ եւ ամբողջ հասոյթը յատկացրեց այս գործին:

Իսկ մինչեւ նւիրատւութիւնների հաւաքագրումը յանձնախումը հանդիպումներ կազմակերպելով միութիւնների, հայոց ազգ. դպրոցների պատասխանատուների եւ ժողովրդի հետ նրանց ծանօթացրեց իր առաքելութեանն ու վերականգնողական կենտրոնի աշխատանքներին:

Կապոցները Հայաստան առաքւեցին 2018 թւականի դեկտեմբերին եւ պատկան կենտրոնին յանձնւեցին Հայ Օգնութեան միութեան (ՀՕՄ) պատասխանատուների միջոցով: Տօնական օրերը նկատի առնելով՝ կապոցների մէջ տեղադրւել էին նաեւ Ամանորեայ մրգի փաթեթներ, ինչպէս նաեւ հայ զինւորին ուղղւած յուզիչ նամակներ, որոնք գրւել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի աշակերտ-ուհիների միջոցով:

Հարկ է նշել, որ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնը համագործակցելով Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի հետ՝ իր կենտրոնատեղիի գրասենեակը յատկացրել էր ժողովրդական նիւթական եւ իրեղէն նւիրատւութիւնների հաւաքագրման գործին, իսկ Ամանորեայ վաճառքի աշխատանքն կազմակերպելու համար, յանձնախմբի հետ համագործակցել էր ենթայանձնախումբ:

Թղթակից (Նոր Ջուղա)