Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի եւ հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի, կիրակի՝ 21 հոկտեմբեր 2018 թւականի երեկոյեան, զբօսաշրջութեան ոլորտի ուղեցոյցների համար, Սուրբ Բեթղեհէմ եկեղեցում տեղի ունեցաւ վերապատրաստման դասընթաց:

Առաջին բաժնում մասնակից ուղեցոյցներին բացատրութիւններ փոխանցեց Արգին Աբնուսեանը՝ «Նոր Ջուղայի հայերի դերակատարութիւնը Իրանի վաճառականութեան մէջ, 17-րդ եւ 18-րդ դարերում» թեմայով: Նա ներկաներին համապատասխան նկարներով ու քարտէզներով բացատրեց Նոր Ջուղայի հայ վաճառականների տարած լայն գործունէութեան, նրանց եւ Շահ Աբբասի միջեւ գոյութիւն ունեցող ջերմ յարաբերութեան եւ թողած արժէքաւոր աւանդների մասին, որի բացարձակ օրինակներից կարելի է համարել հէնց Ս. Բեթղեհէմ եկեղեցին, որը կառուցւել է Խոջա Պետրոս Վելիջանեանի միջոցով:

Ծրագրի երկրորդ բաժնում Թովմա Գալստանեանը դիւրըմբռնելի ոճով ներկայացրեց եկեղեցու կառուցման եւ կատարւած նորոգութիւնների ընթացքը, ապա հերթաբար բացատրեց եկեղեցու իւրաքանչիւր որմնանկարչութեան պատմութիւնը, որին ներկաները ունկնդրեցին ամենայն ուշադրութեամբ:

Յատկանշական է, որ կազմակերպւած հերթական դասընթացների նպատակն է՝ Իրանի զբօսաշրջութեան ոլորտում առաւել չափով ներկայացնել հայկական կենտրոնների զբօսաշրջային գրաւչութիւնները եւ նպաստել ուղեցոյցների միջոցով տուրիստներին տրւող բացատրութիւնների ճշգրտութեանը: