Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով ու կարգադրութեամբ, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը շուրջ մի տասնամեակ Սպահանի հայոց թեմում ծառայելուց յետոյ, շուտով վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նոր պարտականութիւններ ստանձնելու համար:

Գերպ. Հայր Սուրբը՝ որպէս Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ, իսկ վերջին տարիներին՝ Կրօնական խորհրդի փոխ-ատենապետ, ոչ միայն անվերապահ համագործակցութիւն ցուցաբերեց թեմիս իրարայաջորդ առաջնորդների հետ, այլեւ աշխոյժ եւ բծախնդիր գործունէութիւն ծաւալեց համայնքի հոգեւոր կեանքի վերելքի ուղղութեամբ:

Հայր Սուրբի առաքելութիւնը մեր թեմում աւարտւելու առիթով, ինչպէս նաեւ նրան ողջերթ մաղթելու համար՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հրաժեշտի Ս. Պատարագ կազմակերպւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, ուր պատարագեց եւ քարոզեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Արարողութեանը մասնակցել էին նաեւ եկեղեցական դասն ու «Նարեկ» երգչախումբը:

Պատարագին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, համայնքի եկեղեցական դասը, ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ՝ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքներից:

Ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց պատարագիչ Հայր Սուրբը: Նա ընդգծելով, որ Քրիստոսը ոչ միայն քարոզեց, պատգամեց եւ ուսուցանեց, այլեւ բոլորին օրինակ ծառայեց իր ուսուցումները գործադրելով, իսկ իր իւրաքանչիւր իրագործումի համար ասաց՝ փառք քեզ Աստւած, ով Հայր քո կամքը թող լինի, աւելացրեց, թէ Տէրն այդպիսով օրինակ ծառայեց բոլորին: Պատարագիչը շարունակեց, որ ինքը հէնց այս մտածումներն իր կեանքի ճանապարհը համարելով՝ ամէն օր փառք է տւել Աստծուն:

Հայր Սուրբն իր հապարտութիւնը յայտնեց, առ այն, որ որպէս հոգեւորական համարեա իր առաջին քայլերը կատարել է Սպահանի հայոց թեմում, եւ աւելացրեց, որ անցնող 10 տարիների ընթացքում բազմիցս տխրութեան եւ ուրախութեան պահեր է ունեցել, սակայն դրանք որեւէ նշանակութիւն չեն ունեցել իր համար, քանի որ իր կողքին է եղել թեմի ժողովրդը, որը սէր ու յարգանք է տածել իր նկատմամբ:

Գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը նշելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի այս տնօրինումը նոր առաքելութեան եւ փորձառութեան սկիզբ է իր համար, երախտագիտութեան խօսք ասաց Վեհափառ Հայրապետին, թեմի նախորդ եւ այժմեան առաջնորդներին, ազգային իշխանութեանը, Շահինշահրի հայ համայնքի իրարայաջորդ վարչութիւններին ու քահանայ հօրը, միութիւններին ու ժողովրդին:

Պատարգի աւարտին ներկաները մօտենալով Հայր Սուրբին՝ ողջերթ մաղթեցին նրան, ապա համախմբւեցին սրահում, ուր յանուն Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ելոյթ ունեցաւ ատենապետ Մելքոն Շիրւանեանը:

Պրն. Շիրւանեանը գնահատելով Հայր Սուրբի նւիրական ծառայութիւնն ու բեղմնաւոր գործունէութիւնը համայնքի վերելքի ուղղութեամբ, ասաց. «Նա կերտեց իր օրինակելի առաքելութիւնը եւ հաւատարիմ մնալով Տիրոջ պատւիարններին, մարմնաւորեց հաւատարիմ հոգեւորականի արժանիքները: Նա մեր թեմում եղաւ դաստիարակ-ուսուցիչ»:

Խօսքի աւարտին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան կողմից յուշանւէր յանձնւեց Հայր Սուրբին:

Այնուհետեւ իր հայրական օրհնանքը փոխանցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդը, որը նշելով, թէ իր համար հպարտանալու առիթ է անցնող երկու տարիների ընթացքում Հայր Սուրբի հետ այս թեմում ծառայելը, շնորհակալական խօսք ուղղեց նրան նման բծախնդրութեամբ ու նւիրւածութեամբ աշխատելու համար: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը նշելով, որ այսօր տխրութեան եւ ուրախութեան զգացումները միախառն են իր սրտում, ընդգծեց, թէ ուրախ է, քանի որ գիտի Վեհափառ Հայրապետի այս տնօրինմամբ Հայր Սուրբը շուտով նոր առաքելութեան եւ առաւել բարձր պաշտօնի է կարգւելու:

Թղթակից (Շահինշահր)