Երեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի աշակերտ-ուհիները այցելեցին Ն. Ջ. հայոց ազգ. ծերանոց՝ ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցութեամբ: 

Ծերանոցի բնակիչներին հանդիպելու եւ նրանց հետ լաւ ու հետաքրքիր ժամանակ անցկացնելուց բացի՝ սոյն այցելութիւնը կազմակերպւել էր վեցերորդի կրօնի  դասագրքում տեղ գտած Աստծոյ պատւիրանի եւ Քրիստոսի  ուսուցման համաձայն, ուր  յորդորում է յարգել եւ պատւել ծնողներին ու մեծերին:

Սաներին եւ նրանց պատասխանատուներին ջերմ դիմաւորեցին ծերանոցը կառավարող Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան եւ «Տան» յանձնախմբի անդամուհիները, ինչպէս նաեւ կենտրոնի սիրալիր բնակիչները: 

Յուզիչ, հետաքրքիր եւ հաճելի այցելութիւնն սկիզբ առաւ դասարանի հայերէն առարկաների ուսուցչուհի Ժանետ Բաղումեանի սրտաբուխ բառերով: Նա իր ելոյթի սկզբնական բաժնում ողջոյնի խօսք ասաց եւ առողջութիւն ու երկար կեանք մաղթեց տարեց բնակիչներին: Ուսուցչուհին անդրադառնալով ծնողներին յարգելու եւ պատւելու Աստծոյ պատւիրանին՝ աւելացրեց, որ սոյն այցելութիւնը ոչ միայն իրենց պարտքն է եղել, այլեւ ուսուցողական նախաձեռնութիւն է մատաղ սերնդի դաստիարակութեան գործում:

Ընթացքում դպրոցականների ու իրենց պատասխանատուների, ինչպէս նաեւ տարեցների կողմից հնչեցին երգեր ու ասմունքներ, իսկ ուրախ երաժշտութեան ներքոյ պարեցին աշակերտներն ու տատիկները:

Տեղի ունեցաւ նաեւ հիւրասիրութիւն, որտեղ բոլորը ճաշակեցին աշակերտների մայրերի պատրաստած անուշահամ կարկանդակները: 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեցին դպրոցի ծնողական խորհրդի անդամները