Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ այս ամառ, նոյն մասնաճիւղի կենտրոնատեղիում, փոքրիկների համար կազմակերպւեցին հետաքրքիր եւ խանդավառ ծրագրեր, որոնց շնորհիւ ոչ միայն երեխաներն զբաղւեցին եւ գեղեցիկ պահեր ապրեցին, այլեւ առաւել հարստացրին իրենց գիտելիքների շտեմարանը: 

Ամառային միջոցառումների շարանի մեկնարկը տրւեց 2018 թւականի յունիսի 27-ի երեկոյեան, որտեղ ծաղրածուի ներկայութեամբ առաջացած զաւեշտալի մթնոլորտի ներքոյ երեխաները զւարճացան ու խաղացին միմեանց հետ, ապա ականատեսը եղան «Կարմիր գլխարկ» աշխարհահռչակ հեքիաթի տիկնիկային նեկայացմանը, լուսանկարւեցին  եւ նւէրներ ստացան չարաճճի ծաղրածուից: 

«Մանկական աշխարհ» խորագիրը կրող այս երեկոյեան միջոցառումները շարունակւեցին եւս երեք անգամ՝ ծրագրում ունենալով մուլտֆիլմի դիտում, կաւէ արձանիկների պատրաստում, հեքիաթասութիւն, նկարչութիւն, մարզանք, օրիգամի աշխատանքներ, պար, զանազան խաղեր եւ մանուկների հետաքրքրութիւնը շարժող բազմազան այլ աշխատանքներ:  

Միջոցառումների շարանը եզրափակւեց օգոստոսի 22-ի առաւօտեան, դէպի «Նաժւան» զբօսայգու ակւարիում կատարւած էքսկուրսիայով: Փոքրիկները շրջելով տարածքում դիտեցին ակւաիրումի տարբեր բաժինների ձկներն ու ջրային սողունները, իսկ պատասխանատուների օգնութեամբ ընթերցելով իւրաքանչիւր բաժնում տեղադրւած վահանակի բացատրութիւններն առաւել ծանօթացան պատկան ջրային կենդանիների պատմութեանն ու իւրայատկութիւններին: Այնուհետեւ խումբն այցելեց «Նաժւան»-ի մի այլ բաժին, որտեղ առիթ ունեցաւ օրն առաւել խանդավառ անցկացնել ձիակառքերով շրջագայութեամբ: Վերջում փոքրիկները ճաշակելով համեղ պատառիկներ՝ վերադարձան տուն իրենց հետ տանելով միօրեայ էքսկուրսիայի անմոռանալի յուշերն ու փորձառութիւնները:

Նիւթը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ կազմակերպիչների զեկոյցի համաձայն

Լուսանկարները տրամադրեցին կազմակերպիչները