Նոր Ջուղայի «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի վեցերորդ դասարանի աշակերտ-ուհիների աւարտական ձեռնարկը, որը նւիրւած էր ՀՀ հիմնադրման 100-ամեակին,  տեղի ունեցաւ երկուշաբթի՝ 2018 թւականի յունիսի 18-ի երեկոյեան, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում: Հանդիսութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների, թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի եւ Նոր Ջուղայի ենթայանձնախմբի, ինչպէս նաեւ հայոց դպրոցների ներկայացուցիչները, «Արմէն» դպրոցի ուսուցչական կազմը, շրջանաւարտների ծնողներն ու հարազատները եւ մի շարք այլ հրաւիրեալներ: 

Երեկոյի բացումը կատարւեց ՀՀ օրհներգի յոտնկայս ունկնդրութեամբ, ապա դպրոցի տնօրէն Վրէժ Շիրւանեանը հանդէս եկաւ բացման խօսքով: Նա ողջունելով ներկաներին՝ յատուկ շնորհաւորանքի խօսք ուղղեց բոլորին՝ անցնող տարեշրջանի ընթացքում արձանագրած աշակերտական յաջողութիւնների առթիւ: 

Տնօրէնն իր խօսքում ընդգծելով, որ զարգացումներն ու յաջողութիւնները անժխտելիօրէն կապւած են կրթական համակարգի նպատակաուղղւածութեանն ու ժամանակակից լինելուն, աւելացրեց, թէ կրթական, դաստիարակչական, ազգային եւ այլ ոլորտներում նոր ծրագրաւորումներ եւ նոր դասաւորութիւններ տալով, պէտք է այն համահունչ դարձնել մեր պայմանների ու մարդուժի եւ նիւթական հնարաւորութիւնների հետ: 

Արտայայտւեց նաեւ թեմի Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանը, ով ողջունելով 6-ամեայ տարրական կրթութիւնը բարեյաջող աւարտող սաներին, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցները Սփիւռքի լաւագոյն վարժարաններից համարեց եւ ասաց. «Գիտութիւնը, որն սկիզբ է առնում հենց այս սրբավայր դասարաններից, անհատական ուժ եւ հաւաքական հզօրութիւն է պատճառում այն հասարակութեանը, որը կրթութեան եւ իմաստութեան անհրաժեշտութիւնը դարձրել է իր առօրեայ գերագոյն խնդիրը… Մեր դպրոցներն օժտւած լինելով ժամանակակից հնարաւորութիւններով, նւիրեալ տնօրինութիւններով եւ ուսուցչական կազմերով, վստահութեամբ են նայում ապագային եւ իրենց գործունէութեամբ արդարացնում այն հսկայական նիւթա-բարոյական ներդրումը, որը կատարւում է թեմի ազգային իշխանութեան կողմից:

Յաջորդիւ հանդիսատեսին մատուցւեց անզուգական կատարումներով յագեցած  գեղարւեստական ծրագիր, որն ամբողջութեամբ իրագործւեց շրջանաւարտների միջոցով: Աշակերտական ելոյթների բաժինը հանդիսավարեցին Սելինէ Օրդուբեգեանն ու Արմօ Ասատրեանը:

Սկզբում «Գարեգին Նժդեհի երգը» կատարեցին Արմօ Ասատրեանն ու Արգիշտ Քեշիշեանը, ապա «Մեծ» բանաստեղծութիւնն ասմունքեցին՝ Փրենի Թահմազեանը, Ադելինա Յարութիւնեանը, Անիթա Մայիլեանը, Մելւին Բաբախանը, Էմինէ Խուդաբախշեանը, Արէն Զարգարեանն ու Նինելիա Մարկոսեանը: Խումբը կատարեց «Հայ դրօշին» եւ «Ազատամարտիկների քայլերգը» երգերն ու «Սարդարապատ» պարային համարը:  

Ցուցադրւեց տեսանիւթ «Արմէն» դպրոցում ունեցած հետաքրքիր պահերից եւ լուսանկարների շարան՝ շրջանաւարտների 6-ամեայ ուսումնական տարիներից: Այնուհետեւ դարձեալ բեմ ներկայացան 6-րդ դասարանցիները, սակայն այս անգամ աւարտական գեղեցիկ հագուստներով զգեստաւորւած: Սոյն բաժնում խմբի կատարմամբ հնչեց «Վերջին զանգ» երգը, Լուսին Տէր Մկրտչեանը երգեհոնով նւագեց «Երկինքը ամպել է» հատւածը, իսկ Սելին Բաղրամեանը՝ «Քոչարի»-ն. Սելինին բանաստեղծական մի հատւածի ասմունքով ընկերակցեց Վահէ Յակոբեանը:

Վանէ Յովսէփեանն ու Էմին Թահազեանը արտասանեցին երդման կարգի յուզիչ բառերը:

Գեղարւեստական բաժինը եզրափակւեց խմբի կատարմամբ «Հրաժեշտ Արմէն դպրոցին» երգով՝ Արգիշտի Աբգարեանի երգեհոնի, Էրւին Յովսէփեանի հարւածային գործիքների եւ Մելւին Թորոսեանի կիթառի նւագակցութեամբ: 

Վկայականների եւ գնահատագրերի բաշխման բաժնում ձեռամբ թեմակալ առաջնորդի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ Վարուժ Մինասեանի ու Մարգարիտ Դաւթեանի, դպրոցի տնօրէններ՝ Վրէժ Շիրւանեանի եւ Արսինէ Դաւթեանի ու 6-րդ դասարանի հայերէն եւ պարսկերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչներ Ժանետ Բաղումեանի ու տկն. Ռահիմի ֆարի, շրջանաւարտներին յանձնւեցին վկայականներ ու գնահատագրեր: 

Գնահատագրեր յանձնւեցին նաեւ մարզական, գիտական եւ մշակութային բնագաւառներում յաջողութիւն արձանագրած զանազան դասարանների աշակերտ-ուհիներին: Իւրաքանչիւր միջոցառման յաջողակները գնահատւեցին նաեւ պատկան պատասխանատուի ներկայութեամբ: 

Վերոնշեալ բաժինը հաղորդավարեց ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը:  (Դպրոցի յաջողութիւնները կը հրապարկւեն հետագայում):

Երեկոյի եզրափակիչ խօսքն արտասանեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա նշելով, որ աւարտելով տարրական դպրոցի 6-ամեայ շրջանը, շրջանաւարտներն աւարտել են իրենց ուսումնական տարիների կէսը, հայկական վարժարաններում սովորելը բարեբախտութիւն համարեց եւ աւելացրեց, որ այսօրւայ ձեռնարկում տիրում էր չորս զգացում՝ յուզմունքի, ուրախութեան, պարծանքի եւ հպարտութեան: 

Սրբազան Հայրն իր խօսքի շարունակութեան մէջ գնահատելով օրւայ աշակերտական ելոյթները՝ ընդգծեց, որ պարծանքի զգացում գոյութիւն ունի, քանի որ հայ ժողովուրդը ոչ միայն կերտել է Մայիս 28-ը, այլեւ այսօր տօնում է դրա 100-ամեակը, իսկ հպարտանում ենք, քանի որ ունենք նման հայկական վարժարան, որն 100-ամեակից աւելի աւագ է՝ իր 138- ամեայ անցեալով: Թեմակալ առաջնորդն իր հայրական պատգամն աւարտեց ազգային իշխանութեանը, դպրոցի տնօրինութեանը, անձնակազմին, ծնողական խորհրդին ու ծնողներին ուղղւած շնորհակալական խօսքերով: 

Վերջում աւանդոյթի համաձայն խանդավառւած աշակերտ-ուհիներն աւարտական գլխարկները վեր նետելով, հրաժեշտ տւեցին իրենց դպրոցական կեանքի այս հանգրւանին: 

Յատկանշական է, որ հանդէսի կազմակերպման գործն իրականացւել էր հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների միջոցով, համագործակցութեամբ երգուսոյց Արսինէ Մարգարեանի եւ պարուսոյց Ալինէ Յարութիւնեանի: Երաժշտութիւնների համադրութիւնը կատարել էր մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը:

Ձեռնարկը հովանաւորւել էր թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան