Շաբաթ՝ յունիսի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղիում կազմակերպւած մանկական դաշտահանդէսն իր շուրջն էր համախմբել հայ համայնքի մանուկներին, նրանց մատուցելով բեմային ձեռնարկ, ժամանցային զանազան հետաքրքիր ու խանդավառ խաղեր, ախորժելի ուտեստներ, կազմակերպւել էր նաեւ գրքի, լուսանկարչական եւ մանկական դիմայարդարման կրպակներ: 

Ներկաներին ողջունեց եւ բարի ժամանց մաղթեց ծրագրի հաղորդավարուհի Լիլիթ Գէորգեանը, որից յետոյ մանկական պարերի շարանով հանդէս եկան միութեան Մշակութային միաւորի կրտսեր պարախմբի սաները՝ պարուսոյց Նունէ Մկրտչեանի ղեկավարութեամբ, իսկ փոքրիկ Նելի Ղազարեանը եւ Արիէլը կատարեցին երգեր: Տեղի ունեցաւ նաեւ բառակազմութեան հետաքրքիր մրցոյթ, որին մասնակցեցին երեխաներից կազմւած մի քանի խմբեր: 

Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպողը միութեան Մշակութային միաւորի վարչութիւնն էր, որին իրենց անվերապահ համագործակցութիւնն էին բերել միութեան Կենտրոնական վարչութեան կողմից միաւորի կապ՝ Լորետա Դաւթեանը, «Կռունկ» ասմունքի եւ պարի համոյթի անդամները եւ մի շարք միութենականներ ու անհատներ: 

 Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 

 թղթակից՝ Երանուշ Թահմազեան