Ուրբաթ՝ 2018 թւականի յունիսի 1-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում հանդիսաւոր ձեռնարկով եզրափակւեց Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանը: 

ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած այս ձեռնարկին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, թեմի Պատգամաւորական ժողովի, Կրթական խորհրդի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան եւ միութիւնների ներկայացուցիչները, աշակերտ-ուհիների ծնողներն ու հարազատները եւ ժողովուրդ:

Սկզբում հնչեց Հայաստանի Հանրապետութեան օրհներգը, որից յետոյ ելոյթ ունեցաւ դպրոցի փոխ-տեսուչ Արիս Դաւթեանը, ով անդրադառնալով նորօրեայ պայմաններում հայկական կրթօջախների առջեւ ծառացած դժւարութիւններին ու գերխնդիրներին, ընդգծեց. «Դպրոցներում տրւած ուսումն ու դաստիարակութիւնն իր նպատակին կը ծառայի այն ժամանակ, երբ տարածւի դպրոցի շրջանակներից դուրս՝ հայ աշակերտին նկարագիր հաղորդելով ու նրա առօրեայ կեանքում արտացոլւելով»:

Պրն. Դաւթեանն իր խօսքի շարունակութեան մէջ ընթերցեց անցնող տարեշրջանի ընթացքում դպրոցի կրթա-դաստիարակչական գործունէութեան զեկոյցը: 

Յաջորդիւ երգուսոյց Նարբէ Տէր-Գրիգորեանի ղեկավարութեամբ, դպրոցի աշակերտ-ուհիներն ելոյթ ունեցան հայրենասիրական երգերի ու ասմունքների շարանով՝ հաճելի եւ խանդավառ պահեր շնորհելով հանդիսատեսին: Ընթացքում երգերով ու ասմունքներով ելոյթ ունեցան նաեւ դպրոցի նախկին տարիների շրջանաւարտներ՝ Բիւրա Մինասեանը, Փիւնիկ Թորոսեանն ու Վանէ Թահմազեանը: 

Թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր, Հայր Սուրբի, թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի, Կրթական խորհրդի ատենապետուհի  Մարգարիտ Դաւթեանի, համայնքի վարչութեան նախագահ Մելքոն Շիրւանեանի եւ փոխ-տեսուչ Արիս Դաւթեանի միջոցով տեղի ունեցաւ վեցերորդ դասարանի շրջանաւարտների վկայագրերի բաշխման արարողութիւնը, որից յետոյ գնահատւեցին դպրոցի անձնակազմն ու ծնողական խորհուրդը: 

Հարկ է նշել, որ «Փերիոյ» կրթ. միութեան Շահինշահրի մասնաճիւղի անունից նոյն մասնաճիւղի վարչութեան նախագահ Ջանիկ Թահմազեանը նւէրներ յանձնեց դպրոցի բոլոր աշակերտ-ուհիներին: 

Ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Սրբազան Հայրը նշեց, որ Սարդարապատն ազգային խորհրդանիշ է յատկապէս մեր մատաղ սերնդի համար, քանի որ նա ժառանգն է Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր սերնդի: Թեմակալ առաջնորդն իր օրհնաբեր խօսքի մի այլ բաժնում գեղեցիկ զուգադիպութիւն համարելով այն փաստը, որ ձեռնարկը իրականացւել է յունիսի 1-ին՝ մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը, դիմելով շրջանաւարտներին ասաց. «Աւարտւել է ձեր մանկական շրջանը եւ դուք մուտք էք գործում պատանեկան շրջան, որտեղ հարկաւոր է առաւել եռանդով ու պատասխանաւութեամբ կատարել ձեր պարտականութիւնները՝ աշխարհի, մարդկութեան եւ յատկապէս ազգի ու համայնքի նկատմամբ»: 

Միջոցառումը վարեցին դպրոցի նախկին տարիների շրջանաւարտներ՝ Մելիսա Խան-Մելիքեանն ու Նոյեմի Առաքելեանը: 

Վերջում միութեան փոքր սրահում ներկաներն առիթ ունեցան դիտելու ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով աշակերտների պատրաստած ձեռքի աշխատանքների ցուցահանդէսը:

Ծրագիրը հովանաւորւել էր ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից:

Թղթակից (Շահինշահր)  

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան 

shahinshahr_amaverj_01.jpg shahinshahr_amaverj_02.jpg shahinshahr_amaverj_03.jpg

shahinshahr_amaverj_04.jpg shahinshahr_amaverj_05.jpg shahinshahr_amaverj_06.jpg

shahinshahr_amaverj_07.jpg shahinshahr_amaverj_08.jpg shahinshahr_amaverj_09.jpg

shahinshahr_amaverj_10.jpg shahinshahr_amaverj_11.jpg shahinshahr_amaverj_12.jpg

shahinshahr_amaverj_13.jpg shahinshahr_amaverj_14.jpg shahinshahr_amaverj_15.jpg

shahinshahr_amaverj_16.jpg shahinshahr_amaverj_17.jpg shahinshahr_amaverj_18.jpg

shahinshahr_amaverj_19.jpg shahinshahr_amaverj_20.jpg shahinshahr_amaverj_21.jpg

shahinshahr_amaverj_22.jpg shahinshahr_amaverj_23.jpg shahinshahr_amaverj_24.jpg