Չորեքշաբթի՝ 2018 թ. մարտի 14-ի առաւօտեան, գարնանամուտի առիթով Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր զբօսանք, ուր մի ամբողջ դպրոցական օրւայ ընթացքում սաները վայելեցին գարնանային ջերմ առաւօտը, խաղացին ու զւարճացան զբօսայգու տարբեր բաժիններում եւ մօտիկից ականատեսը եղան բնութեան զարթօնքի՝ ի մասնաւորի ծաղկած ծառերի ու ծաղիկների բողբոջների: Պայծառ օրւայ աւարտին մանուկները տուն վերադարձան իրենց հետ տանելով նորանոր փորձառութիւններ ու գեղեցիկ յուշեր: 

Կիրակի՝ ապրիլի 8-ի առաւօտեան, դպրոցում, աշակերտներին այցելեցին երկու անսովոր, բայց հաճելի հիւրեր: Դպրոցի տնօրինութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ Զատկական տօնի առիթով կազմակերպւել էր միջոցառում, ուր փոքրիկներին այցելութեան եկան զատիկն ու նապաստակը: Սաներն իրենց սիրելի հիւրերի հետ զւարճացան, պարեցին ու թռչկոտեցին, իսկ աւելի ուշ միասնաբար ներկեցին տօնական հաւկիթներ:

Նրանք վերջում զատկից ու նապաստակից ստացան ծնողական խորհրդի պատրաստած նւէրները: 

Թղթակից (Շահինշահր)

Լուսանկարները տրամադրեց դպրոցի տնօրինութիւնը