Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը:

Կրօնական արարողութիւնից յետոյ Հայր Սուրբն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին, որտեղ նշելով, որ Աստւած իր ներկայացուցիչներին՝ որպէս սուրբեր աշխարհ է ուղարկել եւ նրանց բարեխօսութեամբ կատարում է մեր խնդրանքները, ընդգծեց, թէ ուխտաւորներն այս գերեզմանին մօտենալով եւ աղօթելով, Աստծուց ստացել են իրենց խնդրանքների պատասխանը: Նա գնահատելով ժողովրդի մէջ առկայ հաւատի զգացումը՝ շեշտեց՝ որքան հաւատը ամուր, միասնական եւ ուժեղ է լինում, Աստւած աւելի շուտ է լսում աղօթքները:

Գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանն աղօթեց, որ Բարձրեալը մեր կեանքում շատացնի սուրբերի ներկայութիւնը եւ Ս.  Գրիգորը մեր մէջ աւելացնի սիրոյ, յարգանքի ու վստահութեան առաքինութիւնները, քանի որ միմեանց սիրելով մենք ոչ միայն Աստծուն ենք պաշտում, այլեւ մեր հաւատը փոխանցում ենք ուրիշներին:

Վերջում ուխտաւորներն աղօթեցին, մոմ վառեցին եւ խունկ ծխեցին նահատակ սրբի գերեզմանի վրայ, ապա գարնանային անձրեւոտ, սակայն հաճելի օրը վայելեցին բնութեան գրկում:

Հոգեհանգստեան կարգին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը եւ սարկաւագաց դասը: Ներկայ էին՝ Կրօնական խորհրդի անդամներ՝ Սաքօ Տէր-Յովհաննիսեանն ու Սարօ Դիլանչեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ ու հոծ թւով ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)