Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, ուր թեմիս Թեմական եւ Կրօնական խորհուրդները զեկոյցով հանդէս եկան իրենց կատարած միամեայ գործունէութեան շուրջ:

Աւելի քան երկու ժամ տեւողութեամբ այս հանդիպման ընթացքում պաստառի վրայ ցուցադրւեցին տեսանիւթի վերածւած զեկոյցները, որտեղ համապատասխան լուսանկարներով, ֆիլմերով եւ սպառիչ բացատրութիւններով արտացոլւած էր գործադիր մարմինների գործունէութիւնը՝ ազգային ու հոգեւոր կեանքի, կրթական, բարեսիրական եւ կալւածական բնագաւառների, երիտասարդների ու ուսանողների դժւարութիւնների եւ ընտանիքների բնակարանային ու աշխատանքային խնդիրների փարատման, ինչպէս նաեւ միութիւններում կատարած ներդրումների կապակցութեամբ: 

Զեկոյցներում առանձնաբար անդրադարձ էր կատարւել նաեւ նշւած խորհուրդներին ենթակայ մարմինների գործունէութեանը, թեմի շրջաններում համայնքային կեանքին եւ արտաքին ճակատում հաստատած յարաբերութիւններին:  

Վերջում թեմի Պատգ. Ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանն ու փոխ-ատենապետ Վաչիկ Հայրապետեանը եւ Կրօնական խորհրդի ատենապետ վարուժ Մովսիսեանն ու անդամ Սարօ Դիլանչեանը պատասխանեցին ներկաներին յուզող հարցերին: 

Երեկոյին ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների անդամները, քահանայից դասի ու շրջանի Հայ Դատի ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը:

Ծրագիրը վարեց Թովմա Գալստանեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)