Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, որոնց ստորեւ անդրադառնում ենք.

Աւագ երեքշաբթի՝

Աւագ երեքշաբթի՝ 2018 թւականի մարտի 27-ի երեկոյեան, Տասը կոյսերի առակի յիշատակի օրւայ արարողութիւնը կայացաւ, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա  ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ ու կատարողութեամբ, եւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, սարկաւագաց դասի ու առակը մարմնաւորող տաս երիտասարդուհիների մասնակցութեամբ:

Հայր Սուրբն օրւան պատշաճ իր պատգամում անդրադառնալով 10 կոյսերի առակին ու դրա խորհրդին՝ ասաց, որ այն կոչ է անում՝ կեանքն անցկացնել արթուն մտքով, սրտով եւ հոգով՝ Տիրոջ երկրորդ գալստեանն սպասելու համար: Նա գնահատանքի խօսք ուղղեց արարողութեան ընթացքում առակը մարմնաւորող տաս կոյսերին, առ այն, որ յանձն էին առել հոգեպարար կարգին մասնակցել եւ կատարել Աւետարանում յիշատակւած առակը: Հայր Սուրբն իր խօսքի աւարտին գնահատանքի խօսք ուղղեց նաեւ քահանայ հօրը, սարկաւագին ու երգչախմբին՝ Մեծ պահքի շրջանի բոլոր արարողութիւնները լաւագոյնս կատարելու համար: 

Աւագ հինգշաբթի՝                                                                                                                                                            

Մարտի  29-ի առաւօտեան, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ: Քահանայ Հայրն իր քարոզում բացատրելով, որ այսօրւայ պատարագը նւիրւած է վերջին ընթրիքի խորհրդին, նշեց՝ ճաշակելով հաղորդութիւնը Յիսուս Քրիստոսին ընդունում ենք մեր սրտում, հոգում ու մտքում եւ թողութիւն ենք ստանում մեր մեղքերից:  

Արարողութեան աւարտին ներկաները հաղորդութիւն ստացան: 

Նոյն օրը  երեկոյեան ժամը 5:30-ին, կատարւեց Ոտնլւայի կարգը, գերպ. Տ. Անանիա  ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ եւ կատարողութեամբ ու համայնքի եկեղեցական դասի  մասնակցութեամբ: Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի որոշմամբ Հ.Հ. հիմնադրման 100-ամեակի առիթով կարգի ընթացքում Հայր Սուրբը լւաց համայնքի վաստակաւոր ազգայինների եւ միութենականների ոտքերը: 

Համայնքի հոգեւոր տեսուչն իր օրւայ խօսքում նշեց, որ  Ոտնլւայի կարգը խաղաղութեան, հեզութեան, խոնարհութեան եւ սիրոյ խորհրդանիշ է, ապա անդրադառնալով Հայաստանի անկախութեան ճանապարհին եկեղեցու ու հոգեւորականների դերին, ընդգծեց՝ եկեղեցին եւ ազգը մէկ ամբողջութիւն են: Նա մաղթեց, որ առաքեալների հոգին եւ Քրիստոսի խօսքը, լուսաւորի բոլոր պատասխանատուների կեանքի ճանապարհը՝ իրենց վրայ դրւած պարտականութիւնը ամբողջական կատարելու համար: 

 Ոտնլւայի արարողութեանը յաջորդեց Խաւարման հսկումի կարգը: Աւետարանական ընթերումներից յետոյ մարւեցին եկեղեցու լոյսերը: 

Համայնքի հոգեւոր տեսուչ Հայր Սուրբը մթութեան մէջ փոխանցած իր քարոզում աղօթեց, որ Տէրը բոլորին ուժ տայ՝ մեղքերի դէմն առնելու եւ մեղքն ու քարացած սրտերը  փշրելու համար, որպէսզի կարողանան սիրել, յարգել եւ խոնարհ լինել իրենց նմանի հանդէպ: Նա խնդրեց Տիրոջը, որ այլեւս երբեք մարդ արարածի մեղքերի համար չմատնւի եւ չչարչարւի:

Աւագ ուրբաթ՝ 

Մարտի  29-ի երեկոյեան,  առաջին անգամւայ համար Շահինշահրում կատարւեց  Քրիստոսի թաղման կարգը՝ գերպ. Տ. Անանիա  ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ եւ կատարողութեամբ ու արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ու սարկաւագաց դասի մասնակցութեամբ: 

Սկզբում օրհնւեց Քրիստոսի խորհրդանշական դագաղը, ապա գերպ. Հայր Սուրբն  իր խօսքում նշեց, որ  Քրիստոսը՝ որպէս մարդ եւ Աստւած, աշխարհ եկաւ եւ որպէս մարդ թաղւեց իմանալով, որ  թաղւելու է իւրաքանչիւրի մեղքերի համար: Ապա ընդգծեց, որ  այսօր Քրիստոսի թաղման կարգը յիշեցինք, սակայն նա՝ որպէս Աստւած անմահ է ու միշտ ներկայ մեր կեանքում:

Այնուհետեւ եկեղեցու բակում Տիրոջ խորհրդաւոր գերեզմանը վեր բարձրացնելով կատարւեց Քրիստոսի թաղման թափօրը:

Աւագ շաբաթ՝ 

Ս. Զատկի նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց մարտի 31-ի երեկոյեան՝ արժն. Տէր Սահակ Քհնյ. Մինասեանի ձեռամբ: Պատարագին նախագահում էր գերպ. Տ. Անանիա  ծ. վրդ. Գուճանեանը: 

Որպէս քարոզ՝ Հայր Սուրբն անդրադառնալով Քրիստոսի յարութեան աւետարանական դրւագին եւ բնաբան ունենալով «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը» նախադասութիւնը, յորդորեց. «Հայելի լինել բոլորի համար, որպէսզի մարդիկ մեզ տեսնելիս մեր մէջ տեսնեն յարուցեալ Քրիստոսի գաղափարը եւ խօսքերի իրագործումը»: Նա փոխանցեց յարութեան պատգամը՝ «Ապրել, զգալ եւ առաջնորդւել Քրիստոսով, քանի որ յարութեան լոյսը միմեանց սիրելով ենք կարող արժեւորել»:

Բոլոր արարողութիւններին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու հոծ թւով հաւատացեալներ:

Ժամերգութիւնների եւ պատարագների երգեցողութիւնը կատարեց «Նարեկ» երգչախումբը: 

Թղթակից (Շահինշահր)