Ն. Ջ․ Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան օրիորդաց բասկետբոլի երէց խումբը, սուպեր լիգայի Բ. կարգի մրցոյթներում յաղթանակ է արձանագրել։ 

2017 թւականի հոկտեմբերից մինչեւ 2018 թ. փետրւարի 23-ը ընկած ժամանակահատւածում տեղի ունեցաւ երկրի մակարդակի կանանց բասկետբոլի սուպեր լիգայի Բ. կարգի մրցաշարը։ Խաղերի Ա. խմբում էին՝ Ղոմի «Նադեր-Շիմին», Շիրազի «Բալը», Մաշհադի «Սիմախան-Փասարգադը» եւ Թեհրանի «Սաման», իսկ Բ. խմբում՝ Գորգանի «Դանեշգահ Գոլեսթանը», Սպահան նահանգից՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան խումբը, Բուշեհրի «Բաժւանդը», Մազանդերանի «Հաջ Հասան Նեքահ» մարզական ակումբը եւ Թեհրանի «Շահինը»։ Սկզբնական փուլում խաղերը երթ ու դարձի տեսքով կայացան իւրաքանչիւր խմբում ներառւած հաւաքականների հանդիպումներով, որտեղ արարատցիները զբաղեցնելով մրցաշարի աղիւսակի երկրորդ հորիզոնականը՝ յաջորդ (փլէյ-աֆ) փուլում՝ երեք մրցոյթների աւարտին, երկու յաղթանակ արձանագրելով, զբաղեցրեցին լիգայի մրցաշարի չորրորդ տեղը։ Եզրափակիչ փուլի վերջին խաղերը, հիւրընկալութեամբ Թեհրանի «Շահին»-ի, կայացան թւականիս փետրւարի 22-ին եւ 23-ին։ Փետրւարի 23-ի վերջին խաղին ներկայ է եղել երկրի Կանանց բասկետբոլի ֆեդերացիայի փոխտնօրէն Ֆարիդէ Շոջային, ով մեդալաբշխման հանդիսութեան ընթացքում առանձնապէս բարձր է գնահատել «Արարատ» միութեան հաւաքականի կարողութիւնները եւ նշել, որ «Արարատ»-ը լինելով կրօնական փոքրամասնութեան հաւաքական, այս մրցաշարում հանդէս է եկել, որպէս Սպահան նահանգի միակ ներկայացուցիչ եւ շնորհաւորանքի խօսք է ասել մարզուհիներին, մարզիչին եւ պատասխանատուներին։ Միութեանս օր. բասկետբոլի անձնակազմը ներկայացնում են՝ Լուսինէ Ասատրեանը (խմբի աւագ), Լուսինէ Սէթ-Աղայեանը, Արեգա Փուլադին, Նազելի Պօղոսեանը, Նինել Մարկոսեանը, Անայիս Խուդավերդեանը, Սելին Խոջամալը, Մանէ Յովսէփեանը, Վանէ Արթունեանը, Արեգ Արթունեանը, Մինելի Ղազարեանը, Անիշա Խաչեանը եւ Ալմարա Թահմազեանը։ Մարզիչն է Ազադեհ Զամանփուրը, մարմնամարզութեան մարզիչը՝ Անիա Յովսէփեանը, իսկ պատասխանատուն՝ Ռիմա Պետրոսեանը։ 

Շնորհաւորելով Միութեանս օր. բասկետբոլի անձնակազմին, առողջութիւն եւ առաւել յաջողութիւններ ենք մաղթում մարզական ասպարէզում։ 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից՝ 

Երանուշ Թահմազեան