Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի «Ս. Մինաս», «Ս. Գրիգոր Լուսաւորիչ», «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցիներում, երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

«Ս. Մինաս» եկեղեցու արարողութիւնն իրականացւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ, որին մասնակցում էին նաեւ նոյն եկեղեցու ծխատէր հոգեւորական արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանն ու սարկաւագաց դասի ներկայացուցիչները:

Ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբը: Նա սկզբում մէջբերումներ կատարեց Քրիստոսի տաճար ընծայման իրադարձութեանն անդրադարձող աւետարանական հատւածներից, ապա ընդգծեց Տեառնընդառաջի արարողութեանն առնչւող գեղեցիկ ծիսական ընթացքը, որտեղ կարգին նախագահող եկեղեցականը, մոմը բարձրացնում է սուրբ խորան, ապա այն ներքեւ իջեցնելով փոխանցում  ներկաներին՝ ի նշան մարդկային կեանքում աստւածային լոյսի ներկայութեան: Հայր Սուրբն աւելացնելով, որ այս ծիսական խորհուրդը կատարւում է նաեւ ս. Ծննդեան եւ ս. Յարութեան տօներին նախորդող Ճրագալոյց տօնին, կոչ արեց հաւատացեալներին տեղական աւանդոյթների կողքին, կենդանի ու վառ պահել համազգային ու համահայկական այս խորհուրդը եւ ս. խորանից բերւած լոյսը, մոմերով ու լապտերներով տանել իրենց բնակարաններ: 

Նոյն առիթով երեկոյեան ժամը 7:00-ին, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ու կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան« Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցան երկու առանձին միջոցառումներ: Սկզբում կատարւեց ժողովրդական տօնախմբութիւն, ուր գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ու նորապսակ զոյգերի միջոցով բոցավառւեց աւանդական խարոյկը, ապա միութեան սրահում տեղի ունեցաւ աւանդոյթ դարձած հաճելի եւ մտերմիկ մթնոլորտի ներքոյ հանդիպումը՝ մասնակցութեամբ՝ թեմակալ առաջնորդի, քահանայից դասի, ազգային մարմինների ներկայացուցիչների, ինչու չէ նաեւ անցնող մէկ տարւայ ընթացքում Նոր Ջուղայում եւ Շահինշահրում նորածիններով համալրւած ընտանիքների ու նորապսակ զոյգերի:

Հանդիպման հիւրերին բարի գալուստ մաղթեց հանդիսավար Մանիա Ղուկասեանը, որից յետոյ օրւայ առթիւ արտայայտւեց Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան նախագահ Հենրիկ Յակոբեանը,  ով շնորհաւորելով տօնի առթիւ, երջանկութիւն մաղթեց նորապսակներին, իսկ գեղեցիկ մանկութիւն ու պայծառ ապագայ՝ նորածին մանուկներին: 

Արտայայտւեց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա իր ուրախութիւնը յայտնելով Տեառնընդառաջի առիթով ձեւաւորւած այս գեղեցիկ աւանդոյթի կապակցութեամբ, շնորհակալական խօսք ուղղեց առաջնորդ Հայր Սուրբին եւ թեմի Պատգամաւորական ժողովին ու Թեմական խորհրդին՝ Կրօնական խորհրդի նախաձեռնութիւնների իրականացման գործում իրենց ցուցաբերած սերտ համագործակցութեան համար:

Ելոյթների շարանում խօսեց նաեւ Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ ժողովրդի թւի բարձրացման կարեւոր խնդրին, շեշտելով, որ որեւէ ժողովրդի որակը կախւած է նաեւ նրա քանակից: Պրն. Օհանեանն իր խօսքի շարունակութեան մէջ երիտասարդ զոյգերին խրախուսեց բարձրացնել իրենց զաւակների թիւը, վստահեցնելով, որ թեմի ազգային իշխանութեան կողմից նիւթական օժանդակութիւն է յատկացւելու ֆինանսական ոչ բարենպաստ պայմաններում գտնւող ընտանիքներին՝ իրենց զաւակների ծախսերը հոգալու ուղղութեամբ: 

Շարունակութեան մէջ նախ մանուկների ծնողները, ապա նորապսակ զոյգերը, թեմակալ առաջնորդի ընկերակցութեամբ հատեցին իրենց համար նախատեսւած առանձին տորթերը, ապա նորածիններին նւիրւեցին ոսկէ խաչեր, իսկ նորապսակներին՝ դրամական նւէրներ. իւրաքանչիւրին նւիրւեց նաեւ Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աստւածային գրքից մի օրինակ՝ աշխարհաբար թարգմանութեամբ:

Վերջում իր հայրական պատգամը փոխանցեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Նա գնահատելով գովելի միջոցառման նախաձեռնողներին ու կազմակերպիչներին՝ հանդէս եկաւ երեկոյի առթիւ շնորհաւորանքներով ու բարեմաղթանքներով, ապա ընդգծելով ծնող դառնալու բերկրանքը եւ ծնողի առաքելութիւնը, մաղթեց, որ սրահում ներկայ նորապսակ զոյգերին շուտով տեսնելու է նաեւ այդ դերում:

Եկեղեցական արարողութիւններին ու «Արարատ» միութեան տօնախմբութեանը ներկայ էին հոծ թւով ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)