Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն Մեհդի Էսմայիլին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը՝ կազմւած նոյն հիմնարկի բարձրաստիճան պատասխանատուներից ու օգնականներից, չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 3-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ ս. Ծննդեան տօների առթիւ այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, որտեղ «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիպում ունեցան հայմայնքիս հայոց ազգ. դպրոցներ՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների ու հայ ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանը:

Սկզբում հիւրերին ողջոյնի եւ բարիգալստեան խօսք ուղղեց «Արմէն» կրթահամալիրի տնօրէն Վրէժ Շիրւանեանը՝ իր խօսքում յատկապէս անդրադարձ կատարելով համայնքի հայկական դպրոցների պատմական անցեալին:

Այնուհետեւ հիւրերին ողջունեցին եւ բարիգալստեան խօսք ասացին «Քանանեան» դպրոցի տնօրէններ՝ տկնյք. Սալառիֆառն ու Կարինէ Մինասեանը եւ «Կատարինեան» դպրոցի տնօրէններ՝ պրն. Մոհսենփուռն ու դոկտ. Վաչիկ Հայրապետեանը: Տնօրէններն իրենց արտայայտութիւնների շրջագծում շնորհակալութիւն յայտնեցին Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկին՝ հայոց դպրոցների հետ ցուցաբերած սերտ համագործակցութեան եւ թեմի Կրթական խորհրդին՝ իր անվերապահ աջակցութեան համար: 

Շարունակութեան մէջ իր սրտի խօսքն ասաց նաեւ պրն. Էսմայիլին. նա  շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ փոխանցեց Նոր տարւայ եւ ս. Ծննդեան տօների առթիւ, ապա դրւատանքի խօսք ուղղելով Սպահան քաղաքի հայ համայնքին, կարեւորութեամբ ընդգծեց՝ Իրանում միաստւածեան կրօնների հետեւորդների խաղաղ համակեցութեան փաստը:

Հանդիպման երկրորդ բաժնում տեղի ունեցաւ ընդունելութիւն եւ ներկաները աշխատանքի շրջագծում զրոյցներ ծաւալեցին միմեանց հետ:

Թղթակից (Նոր Ջուղա)