2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

Արարողութեան աւարտին առաջնորդ Հայր Սուրբը շնորհաւորելով Նոր տարւայ կապակցութեամբ՝ իր տօնական բարեմաղթանքներն ուղղեց բոլորին, ապա առ Աստւած բարձրացրած իր աղօթքում ցանկացաւ՝ աշխարհում, ի մասնաւորի մեր հայրենիքում, տիրի խաղաղութիւն, իսկ հայ ժողովրդի համար խնդրեց՝ առողջութիւն, յաջողութիւն եւ իղձերի իրականացում:

Այնուհետեւ վանքի բակում բազմահարիւր հայորդիների ներկայութեամբ, տօնական երաժշտութեան ներքոյ տեղի ունեցաւ հրավառութիւն եւ հիւրասիրութիւն, որի ընթացքում բոլորն առիթ ունեցան տօնը միմեանց շնորհաւորելու եւ բարեմաղթանքներ կատարելու:

Յունւարի 1-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ամանորի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց դարձեալ «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում: Օրւայ պատարագիչն էր գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը. ներկայ էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, եկեղեցական դասը եւ  հաւատաւոր հայորդիներ: Երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Որպէս օրւայ քարոզ՝ պատարագիչ Հայր Սուրբն ընթերցեց «Նոր մարդ լինենք» խորագրով իր Ամանորեայ պատգամը, ուր նշւած էր, թէ  յաջողութիւնը կեանքի օրակարգերի իրագործումների մէջ չէ, այլ փոփոխութեան մէջ. մի փոփոխութիւն, որն սկսւում է ներաշխարհից եւ կարելի է այն կոչել նորոգում:  Նա իր խօսքի մի այլ բաժնում ընդգծելով, որ 2017 թւականը «Վերանորոգման տարի» հռչակւեց, քանի որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը այդ ահազանգը հնչեցնելու ժամանակը հասած համարեց, ասաց. «Յստակեցման համար, թոյլ տւէք, որ ճշտենք նորոգման իսկական ուղին կամ գործընթացը. Քրիստոնէական նորոգումը մեր ներաշխարհի՝ պարզապէս պակասը ամբողջացնել, թերին լրացնել, ծուռը շտկել կամ պարբերաբար ու պատահական նորոգում չէ, ոչ էլ տեւական նորոգում, այլ նրա ճշգրիտ գործընթացը նախ գիտակցելն է, ապա զղջալը, ապաշխարելը, Աստծուն դառնալը, խոստովանելն ու ինքն իրեն Աստծուն յանձնելն է: Սա է, որ թելադրում եւ ուսուցանում է մեզ Աստւածաշունչը, եւ սա է մեր գլխաւոր կոչումն ու պարտականութիւնը, որպէս ներկայ դարի այս ալեկոծեալ աշխարհում ապրող հայազգի քրիստոնեաներ»:

Ս. պատարագի ընթացքում ներկաները տարւայ առաջին ս. հաղորդութիւնն ստացան գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանից, ապա  վանքի դահլիճում Հայր Սուրբն ընդունեց ժողովրդի Ամանորեայ շնորհաւորանքները: Այս շրջագծում ընթերցւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի շնորհաւորանքի խօսքը, որից յետոյ շնորհաւորանքներով ու բարեմաղթանքներով, ինչու չէ նաեւ ազգային մարմիններին ու հաստատութիւններին ուղղւած դրւատանքի խօսքերով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդը: 

Թղթակից (Նոր Ջուղա)