Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ի առաւօտեան, Ս. Ա. Վանք այցելեցին ըմբշամարտի հայ չեմպիոններ՝ Կարէն Ասլանեանը եւ Մաքսիմ Մանուկեանը, որոնք Իրանի «Սիմա Սանաթ» խմբի կողմից մասնակցում են աշխարհի ակումբների լիգայի մրցոյթներին: Խմբին դիմաւորեցին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանը, նոյն խորհրդի անդամ՝ Վահիկ Թորոսեանը եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան անդամ՝ Ժորժ Ղազարեանը:

Խմբի անունից պրն. Դոլաթ Խահը, որպէս խմբի թարգմանիչ եւ նաեւ Հայաստանը ներկայացնող միջազգային կարգի մրցավար, շնորհակալութիւն յայտնեց իրենց ընդունելու համար եւ ներկայացրեց պատւիրակութեան անդամներին: 

Այնուհետեւ արտայայտւեց գերպ. Հայր Սուրբը, ով ողջունելով հիւրերին՝ բացատրեց Առաջնորդարանի դրւածքը եւ նշեց. «Դուք հայ ազգի պարծանքն էք, քանի որ երբ աշխարհում դառնում էք չեմպիոն, Ձեր միջոցով աշխարհը ճանաչում է նաեւ հայ ազգին»,  ապա յաջողութիւն մաղթելով տղաներին, վստահեցրեց, որ Սպահանի հայոց թեմի զաւակները միշտ հետեւում են տեղի ունեցած մրցոյթներին եւ բարձր գնահատում նրանց: 

Հանդիպման ժամանակ ընթացաւ մտերմիկ զրոյց եւ մարզիկներն ու պատասխանատուները կիսեցին իրենց յոյզերը եւ մտորումները: 

Վերջում հիւրերն այցելեցին «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարան: