Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Ն.Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ, երկուշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում, հոծ թւով ժողովրդի ներկայութեամբ նշւեց նոյն վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու անւանակոչութեան տօնը, որն ընդունւած է որպէս Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տօն:

Սուրբ եւ անմահ պատարագն սկիզբ առաւ երեկոյեան ժամը 5:30-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ: Արարողութեանը մասնակցում էին եկեղեցական դասը, իսկ ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ խմբավար Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ: 

Օրւան պատշաճ քարոզի սկզբնական բաժնում պատարագիչ Հայր Սուրբը նշելով, որ «Ս. Յովսէփ Արեմաթացի» աշխարհահռչակ եկեղեցին Սփիւռքում յայտնի է իր գեղեցկութեամբ, հնութեամբ, անւանումով ու արժէքով,  ընդգծեց, թէ այս սրբավայրի  քառադարեան պատմութիւնը վկայում է, որ այն եղել է թեմի մշակոյթի ու հոգեմտաւոր արժէքների կենտրոնն ու ողնասիւնը: Այնուհետեւ նա անդրադարձ ունենալով աւետարանական այն դրւագին, ուր պատմում է, թէ Սուրբը Պիղատոսից ստանալով Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելու իրաւունքը, դին ամփոփում է մի ժայռափոր գերեզմանում, Արեմաթացիի այս արարքը գնահատեց որպէս անձնազոհութիւն, նւիրաբերում եւ բարեգործութիւն: 

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ներկաներին յորդորեց՝ տօնը յարմարագոյն առիթը դարձնել՝ Քրիստոսի աստւածային պատւիրանները լսելու եւ ներաշխարհում եղած մարդկային ու քրիստոնէական ազնւագոյն արարքը՝ բարեգործութիւնը վերականգնելու համար:

Ս. եւ անմահ պատարագի աւարտին, ս. խորան բարձրացան նաեւ հոգեւորականաց ու դպրաց դասերը, ուր Ս. Յովսէփ Արեմաթացու աջով կատարւեց Ջրօրհնէքի կարգը, իսկ  բակում, եկեղեցու արեւմտեան մասում, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ սոյն վանքում պաշտօնավարած հոգեւորական ու աշխարհական ննջեցեալ սպասաւորների եւ եկեղեցու բարերարների հոգիների խաղաղութեան համար:

Շարունակութեան մէջ, շրջափակում իրականացւեց նաեւ գեղարւեստական յայտագրով ծրագիր, որտեղ ներկաներին մեծ խանդավառութիւն պարգեւեց ազգային-ժողովրդական երգերի կատարող, Հայաստանից հրաւիրւած երգիչ Անդրանիկ Մանուկեանի (Անդրանիկ սարկաւագ) ելոյթը: 

Աւարտին թեմակալ առաջնորդն իր եզրափակիչ խօսքում գնահատեց հոգեպարար արարողութիւնների եւ տօնախմբութեան իրականացման գործում դերակատարներին. նա տօնի կապակցութեամբ շնորհաւորանքի խօսք ուղղելով՝ սէր ու խաղաղութիւն մաղթեց բոլորին, ապա ընդգծեց, որ խաղաղութիւնը դրսից ընտանիքի մէջ չի մտնում եւ այն բխելով իւրաքանչիւրի սրտից ու մտքից, տարածւում է ամբողջ աշխարհում:

Տօնախմբութիւնը հանդիսավարեց Մարինէ Մկրտչեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)