Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդի՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցւեց Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի «Ս. Աստւածածին» եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ուրբաթ՝ 2017 թւականի օգոստոսի 18-ի առաւօտեան: Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը. երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամուհիները:

Արարողութեան իրականացման գործում մասնակցութիւն ունէին եկեղեցական ու դպրաց դասերը, իսկ ներկայ էին՝ թեմիս Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Մկրտիչ Աւետումեանը, Կրօնական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու Սաքօ Տէր-Յովհաննիսեանը եւ հոծ թւով հաւատացեալ ուխտաւորներ:

Ս. Պատարագի ընթացքում առաջնորդ Հայր Սուրբն իր յաւուր պատշաճի քարոզն ուղղեց ներկայ հաւատացեալներին, ուր անդրադառնալով Աստւածամօր վերափոխմանը, նշեց, թէ Քրիստոսի համբարձումից 12 տարիներ անց, երբ իր մահկանացուն կնքեց Սուրբ Մարիամը, Տէրը գերեզմանից վերցրեց իր մօր մարմինը եւ այն փոխադրեց երկինք, ուր դարձեալ միաւորելով իր հոգու հետ՝ յարութիւն տւաւ նրան: Թեմակալ առաջնորդն իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով, որ Քրիստոսն իր ամբողջ կեանքում հնազանդ եղաւ «Պատւիր քո հօրն ու մօրը» աստւածային պատւիրանին, շեշտեց, թէ Տէրը տիպար օրինակ է մեզ համար՝ ծնողի նկատմամբ հոգածութիւն ցուցաբերելու առումով: Քարոզիչ հայրը յորդորեց՝ կատարելով որդիական պարտականութիւնները, խնամել ու հոգալ ծնողներին՝ նրանց աղօթքների շնորհիւ Աստծոյ ողորմութեանն ու օրհնութեանն  արժանանալու համար:

Վերջում գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը կատարեց աւանդական Խաղողօրհնէքի կարգը, որից յետոյ օրհնւած խաղողների կապոցները բաժանւեցին ներկաներին:

Հոգեպարար արարողութիւններն աւարտւելուն պէս, առաջնորդ Հայր Սուրբը քահանայից ու սարկաւագաց դասերի, ինչու չէ նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչների ընկերակցութեամբ, մեկնեց Փերիոյ գաւառի Հազարջրիբ գիւղի հայոց գերեզմանատուն, ուր Թեհրանի Փերիոյ Կրթ. միութեան նախաձեռնութեամբ եւ հրաւէրով, կատարեց սոյն գերեզմանատանն առյաւէտ հանգիստ առած պատմագիր Ստեփանոս Երէցի (Տ. Ստեփանոս քահանայ, ծնունդ՝ 1746թ., վախճան՝ 1813 թ.) շիրիմի վրայ տեղադրւած նոր գերեզմանաքարի օրհնութեան եւ հանգուցեալի յիշատակին կայացած հոգեհանգստեան արարողութիւնները: 

Սոյն եկեղեցական կարգերին ներկայ էին նաեւ նախաձեռնող միութեան ներկայացուցիչներն ու մի շարք հաւատացեալ ժողովուրդ:

Երէցը ծնւել է Հազարջրիբ գիւղում, ապա մանկութիւնն իր ծննդավայրում անցկացնելուց յետոյ անցել է Նոր Ջուղա՝ կրթւելու համար: Պատմագիրը հեղինակն է «Հանգիտագիրք» ձեռագիր մատեանի: Տ. Ստեփանոս քահանայի մասին տեղեկութիւնները հրապարակւել են  1949 թւականին անւանի բանասէր Լեւոն Գ. Մինասեանի ջանքերի շնորհիւ, իսկ նրա շիրիմը յայտնաբերւել է Թեհրանի Փերիոյ կրթ. միութեան անդամների միջոցով: Տարիներ է, ինչ սոյն միութեան անդամներից ուխտագնացութիւն են կատարում դէպի Հազարջրիբ գիւղի գերեզմանատուն՝ իրենց նախնիների գերեզմաններին այցելելու նպատակով:

«Պատմութիւն Նոր Ջուղայի» գրքի հեղինակ Յարութիւն Տէր-Յովհանեանն իր աշխատութիւնը գրի առնելիս բաւականաչափ օգտւել է «Հանգիտագիրք»-ում յիշատակւած տեղեկութիւններից:

Թղթակից (Նոր Ջուղա)