Սիրելի հայրենակիցներ առաջիկայ ուրբաթ՝ մայիսի 19-ին (օրդիբեհեշթի 29) տեղի են ունենալու Իրանի Իսլամական Հանրապետութեան 12-րդ Նախագահական ընտրութիւնները:

Համարեայ մէկ ամիս տեւած նախընտրական եռուզեռը եւ առաջադրւած թեկնածուների ծաւալած քարոզչական աշխատանքները եզրափակւելու են մի քանի օրից եւ Իրանի ժողովուրդն իր քւէարկութեամբ  ընտրելու է երկրի գործադիր իշխանութիւնը գլխաւորող Հանրապետութեան Նախագահին՝ ապագայ չորս տարիների համար:  

Իրանի պատմութեան ընթացքում հասարակական, քաղաքական  ու մշակութային բոլոր բնագաւառներում իրանահայութիւնը միշտ ունեցել է իր ուրոյն եւ դրական ներկայութիւնն ու դերակատարութիւնը, միշտ եղել է հաւատարիմ քաղաքացի եւ զգօն դատողութեամբ ու պետական մտածողութեամբ իր գործօն մասնակցութիւնն է բերել երկրի ամբողջականութեան, զարգացման եւ կայունութեան ուղղութեամբ տարւող բոլոր աշխատանքներին՝ խաղաղ թէ դժւար պայմաններում, երկրի սահմանները պաշտպանելիս, առօրեայ ստեղծագործ աշխատանքով թէ համապետական ու տեղական ընտրութիւններին մասնակցելով: 

 Այս վերաբերմունքը դարձեալ մղելու է իրանահայութեանը` իր   քաղաքացիական պարտքի եւ իրաւունքի հիմամբ մասնակցելու 12-րդ Նախագահական ընտրութիւններին:

Հետեւաբար անձամբ իմ եւ Սպահանի Հայոց Թեմի ժողովականութեան ու մարմինների անունից եւ Թեմի բոլոր միութիւնների կողմից կոչ ենք ուղղում մեր թեմի բոլոր զաւակներին, ինչպէս միշտ, ներկայանալ ընտրատեղամասեր եւ խուռներամ  մասնակցութիւն ունենալով ընտրութիւններին՝ քւէարկել իրենց նախընտրած թեկնածուին իբրեւ երկրի եւ իրենց ապագայի նկատմամբ նախանձախնդիր քաղաքացիներ:

14 Մայիս 2017                                                                              ՍՀԹ Կաթողիկոսական Փոխանորդ
Ս. Ա. Վանք - Նոր Ջուղա                                                                    Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեան