Աղբիւր՝ www.alikonline.ir

«alikonline.ir» - Թեհարնի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Երեւանում հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը, Թեմակալ առաջնորդն անդրադառնալով Իրանում տարբեր ազգաութիւնների եւ կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութեանը նշել է, որ իրանահայութիւնը դարեր շարունակ իր միւս հայրենակիցների կողքին վարել է խաղաղ ու համերաշխ կեանք՝ ընդգծելով, որ Իրանը մշտապէս եղել է հայերի ապահով ապաստանը:

«Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, իսկ Իրանը մեր, եւ մեր պապերի ծննդավայրը՝ որտեղ, տարիներ շարունակ ապրել ենք խաղաղ եւ համերաշխ պայմաններում: Ես այսօր այցելել եմ իմ երկրի դեսպանատունը»,- ասել է Սրբազան հայրը՝ յաւելելով. «Հայերը, աշխարհի որ վայրում էլ, որ ապրելիս լինեն, լինի դա Եւրոպան, Ամերիկան կամ էլ Ասիան, սիրով են վերաբերւում Իրանի նկատմամաբ եւ ուշադրութեամբ հետեւում են երկրի իրադարձութիւններին, քանզի դժւարին օրերին Իրանը մշտապես եղել է հայերի ապաստանը»:

Դեսպան Սաջջադին էլ իր գոհունակութիւնն է յայտնել հանդիպման կապակցութեամբ՝ նշելով, որ իր պաշտօնավարութեան ողջ ընթացքում հետեւել է հայ-իրանական յարաբերութիւնների ընդլայնմանը. «Հայաստանում Իրանի դեսպանի պաշտօնն ստանձնելուց ի վեր թիրախաւորել ենք տարբեր ասպարէզներում երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնում, որպէսզի հայերն ու իրանցիներն օգտւեն դրանց արդիւնքներից»,- ասել է նա:

Անդրադառնալով Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդների, ինչպէս նաեւ՝ Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների հոգեւորականութեան հետ իր հանդիպումներին, դեսպան Սաջջադին ասել է. «Երկու երկրների հայ հոգեւորականութեան հետ յարաբերութիւնն այնպիսին են եղել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն անձամբ է ներկայ գտնւել Իրանի դեսպանատանը եւ ստորագրել Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 38-ամեակի յուշամատեանը»: