Երկուշաբթի՝ Ապրիլի 24-ի երեկոյեան, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր ժողովուդրն այս անգամ համախմբւեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակին նւիրւած դասախօսական-գեղարւեստական միջոցառմանը:

Երեկոյին ներկայ էին՝ թեմիս կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, Հայաստանից հրաւիրւած բանասիրական գիտութիւնների դոկտոր եւ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը, ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ եւ հոծ ժողովուրդ:

Ծրագիրը բացւած յայտարարւեց Մանիա Ղուկասեանի հաղորդավարութեամբ, ապա դասախօսութեամբ ելոյթ ունեցաւ Վարդան Դեւրիկեանը, ով իր խօսքի սկզբնական բաժնում անդրադառնալով իրանահայ համայնքի պատմութեանը, նշեց՝ թէեւ սոյն համայնքը Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով առաջացած գաղութներից չի եղել, սակայն կենդանիօրէն կապւել եւ յարաբերւել է Հայոց Ցեղասպանութեան հետ:

Պրն. Դեւրիկեանն իր խօսքի մի այլ բաժնում ընդգծելով, որ Հայոց Ցեղասպանութիւնը նւազագոյնը շարունակւել է սպիտակ ջարդի եւ մշակութային ցեղասպանութեան ուղղութիւններով, որպէս մշակութային ցեղասպանութիւնից նմուշներ, թւարկեց՝ հայութեան գոյութեան մասին վկայող կոթողների, ձեռագիր մատեանների ու տեղանունների ոչնչացումը՝ շեշտելով, որ սոյն ցեղասպանութիւնը նոր երեւոյթ չէ եւ այն սկսւել է Հայոց Ցեղասպանութիւնից առաջ:

Բանախօսը մատնանշելով, որ հայ ժողովրդին անղեկավար թողնելու նպատակով՝ թուրքը ամենասկզբում սպանդի ենթարկեց հայ մտաւորականութեանն ու հոգեւորականութեանը, աւելացրեց, որ այսօր հենց այս հանգամանքը մեզ աւելի է պարտաւորեցնում, որպէսզի համախմբւելով մեր ազգային ու եկեղեցական կառոյցների շուրջ, լծւենք Հայ Դատի աշխատանքներին:

Նա վերջում մէջբերելով երջանկայիշատակ Գարեգին առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Ժողովուրդն է մեր պատմութեան մեծագոյն ոսկին» խօսքը, կարեւորութեամբ ընդգծեց, որ չպէտք է նոսրանայ հայրենիքի մեծագոյն հարստութիւնը՝ ժողովուրդը, քանի որ Հայաստանի Հանրապետութեան հզօրացումը Հայ Դատի կարեւորագոյն գործօններից է:

Գեղարւեստական ծրագիրը յագեցած էր երգերով, ասումքներով ու պարային կատարումներով: Ընթացքում Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի մեներգիչներ՝ Արսինէ Ալեքսանդրեանը, Փարելի Թահմազեանն ու Լալա Ալեքսանդրեանը կատարեցին «Սուրբերի աչքեր»-ը, դոկտ. Արբի Բաբումեանի դաշնամուրի նւագակցութեամբ «Կիլիկիա»-ն մեներգեց Վանանդ Իսաղուլեանը, «Անի» եւ «Դլէ եաման» պարային կատարումներով ելոյթ ունեցաւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան «Կռունկ» համոյթի պարախումբը, իսկ նոյն համոյթի ասմունքի խմբից՝ «Ռեքւիեմ»-ը կատարեց Լեռնիկ Ծատուրեանը եւ «Շառաչող շղթաներ»-ը՝ Կարէն Խանլարեանը: Ծրագրի ընթացքում «Ապրելու ապրիլ»-ը զուգերգեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի մենակատարներ՝ Թանիա Մինասեանն ու Վանա Շիրւանեանը, իսկ «Արժանի» երգը զուգերգեցին գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը եւ Վանանդ Իսաղուլեանը:

Երեկոյի գեղարւեստական խմբերի ելոյթների իրականացման ուղղութեամբ յանձնախմբի հետ համագործակցել էին՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի խմբավար Համիկ Ալեքսանդրեանը, Ն. Ջ. Հայ Մ. Մ.  «Արարատ» միութեան «Կռունկ» համոյթի պարուսոյց Նունէ Մկրտչեանը, նոյն համոյթի ասմունքի խմբի ղեկավար Ռիմա Սիմոնեանը եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի խմբավար Արմէն Ամիրխանեանը:

Ծրագիրն իր աւարտին հասաւ կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի պատգամով: Սկզբում նա դրւատանքով արտայայտւեց անցնող օրերի ընթացքում իրականացւած ոգեկոչման միջոցառումների եւ ժողովրդի խուռներամ մասնակցութեան կապակցութեամբ, ապա նշելով, որ այսօր՝ Ապրիլ 24-ը ոգեկոչելուն զուգահեռ, ոգեկոչում ենք նաեւ Պոլսի «Ակօս» թերթի խմբագիր Հրանդ Դինքի սպանութեան 10-ամեակը, աւելացրեց. «Թուրք ցեղասպանի ժառանգորդները՝ նոյն ոճրագործներն են, ովքեր կարծում էին Հրանդին սպանելով կարող են լռեցնել ու չէզոքացնել հայ ժողովրդին: Հրանդը որպէս մի հատիկ ընկաւ, սակայն նրա փոխարէն մի ոսկեայ հունձ բուսնեց աշխարհում եւ յատկապէս մեր ժողովրդի մէջ, որի մեծագոյն ապացոյցներից է Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը»: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը կոչ արեց՝ միասնաբար ուխտել՝ որպէս ոսկեայ հունձ փոխարինել մեր ազգի ընկած պողպատեայ գործիչներին, որպէսզի Հայ Դատի յաղթական աւարտը մեզ համար լինի ոչ թէ հեռանկար այլ յստակ պատկեր:  

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ «Ֆոտօ Հայկ»