Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ չորեքշաբթի՝ մարտի 15-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, կազմակերպւել էր «Նոր Ջուղա եւ նորջուղայեցիներ» խորագրով բանախօսական երեկոյ, ուր ելոյթով հանդէս եկաւ նոյն խորհրդի հրաւէրով Հայաստանից ժամանած տնտեսական մշակութաբան, հրապարակախօս եւ պատմաբան Խաչատուր Դադայեանը:

Երեկոյին ներկայ էին՝ թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների, հոգեւորականաց դասի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչներ, մի շարք այլ հրաւիրեալներ եւ ժողովուրդ:

Սկզբում բացման խօսքով եւ թեմայի մասին մի շարք բացատրութիւններով հանդէս եկաւ հաղորդավարուհի Սօսէ Պօղոսեանը, որից յետոյ իր ելոյթը ծաւալեց բանախօս Խաչատուր Դադայեանը:

Նա ազգային նպատակներին ծառայեցւող դրամագլուխը, ազգային կապիտալ անւանելով, նշեց, որ ժամանակին եղել են ազգային կապիտալի չորս օջախներ՝ Նոր Ջուղայի, արեւմտահայութեան, արեւելահայութեան ու եւրոպահայոց ազգային կապիտալները, որոնց բոլորի մէջ էլ էական դեր են ունեցել նորջուղայեցի վաճառականները: 

Բանախօսն իր խօսքում յիշեց յատկապէս երկու անգամ հովւապետական այցով Հնդկաստան մեկնած Թորգոմ արք. Գուշակեանին, ով հանդիպելով տեղի նորջուղայեցիներին ասել էր, թէ ջուղայեցին՝ հայութեան ամենաազնիւ եւ ուշիմ տիպարը, մեր ժողովրդի այն տարրն է, ով ամենաճիշտ ու գեղեցիկ կերպով է պարզում իր ցեղային նկարագրի բարի կողմերը եւ զարմանալի արագութեամբ է օգտագործում իրեն ընձեռւած նպաստաւոր պայմանները՝ իր ազգային բարեմասնութիւնները զարգացնելու համար: 

Պրն. Դադայեանն իր ելոյթի շարունակութեան մէջ, հիմնականում հետաքրքիր դրւագների անդրադարձ ունենալով՝ մատնանշեց նորջուղայեցիների կենցաղային առանձնայատկութիւնները, սովորութիւնները եւ վաճառականութեան ոլորտում նրանց ունեցած հմտութիւններն ու օրէնքները, յատկապէս շեշտելով, որ այս շրջանի վաճառականները, առեւտուր անելիս փոխանակում էին նաեւ քաղաքակրթական արժէքները եւ հային բնորոշ էութիւնը, ազնւութիւնն ու պարկեշտութիւնը:

Վերջում բանախօսը պատասխանեց հնչած հարցերին:

Թղթակից (Նոր Ջուղա)