Քրիստոսին հաւատացող մեր առաջին թագաւոր Ս. Աբգարի տօնի առթիւ եւ 1841 թւականին Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում կանգնեցւած «Հայկեան Հայրենասիրական» դպրոցի հիմնադիր Աբգարեան բարերար գերդաստանի յիշատակին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց երեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում:

Օրւայ պատարագիչն էր նոյն եկեղեցու ծխատէր քահանայ հայր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Արարողութեանը մասնակցել էին նաեւ թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերը, իսկ շարականների երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: 

Ս. պատարագին ներկայ էին հաւատացեալ ժողովուրդ եւ աւանդոյթի համաձայն Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի սաները՝ դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի ու ծնողական խորհրդի ընկերակցութեամբ:

Արարողութեան ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց պատարագիչ քահանայ հայրը: Նա ներկայացնելով Ս. Աբգար թագաւորի կեանքը, տօնի խորհուրդը եւ նրա իմաստն ու նշանակութիւնը մեր կեանքում եւ յիշելով Աբգարեան բարերար գերդաստանին՝ գնահատեց տարիների ընթացքում այս տօնի շրջագծում ձեւաւորւած գեղեցիկ աւանդոյթը՝ մանկապարտէզ-նախակրթարանի սաների ներկայութիւնն արարողութեանը: Քահանայ հայրը վերջում բոլորին յորդորեց, որ առաւել բծախնդրութեամբ եւ ուշադրութեամբ զբաղւեն իրենց կեանքի ու ընտանիքի հարստութիւնների՝ զաւակների, դաստիարակութեան եւ ուսման հարցերով: 

Աւարտին մանկապարտէզ-նախակրթարանի բոլոր սաներն ու ներկայ ժողովուրդը հաղորդութիւն ստացան:

Ս. պատարագից յետոյ, եկեղեցու բակում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան յանձնարարութեամբ եւ մանկապարտէզ-նախակրթարանի ծնողական խորհրդի միջոցով պատրաստւած մրգերը բաժանւեցին սաներին, ապա Սբ. Աստւածածին եկեղեցու Տիկնանց յանձնախմբի կազմակերպութեամբ եկեղեցու սրահում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն, որտեղ մանկապարտէզի սաներից ոմանք իրենց գեղեցիկ ասմունքներով բազմապատկեցին ներկաների խանդավառութիւնը: 

Հիւրասիրութեան աւարտին թեմիս Կաթողիկոսական փոխանորդն իր օրհնութիւնը փոխանցելով բոլորին, գնահատանքի խօսք ուղղեց օրւայ կազմակերպական աշխատանքներում դերակատարներին եւ մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեանը, ուսուցչական կազմին ու ծնողական խորհուրդին՝  սաների մասնակցութիւնն ապահովելու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)