Երկուշաբթի՝ հոկտեմբերի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում համախմբւել էին հայորդիներ՝ տօնելու Ս. Ա. Վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» մայր եկեղեցու անւանակոչութեան տօնը, որը նշւած է իբրեւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի տօն:

Յետմիջօրէի ժամը 5:30-ին, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ: Արարողութեանը մասնակցում էին հոգեւորականաց եւ դպրաց դասերը, իսկ ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ խմբավար Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ: Հոգեպարար արարողութեանը եւ յաջորդող գեղարւեստական յայտագրով ծրագրին ներկայ էին բազմաթիւ հաւատացեալներ:

Ս. պատարագի ընթացքում՝ քարոզի պահին, պատարագիչ Հայր Սուրբը ներկայացնելով Աւետարանի մէջ Յովսէփ Արեմաթացու միջոցով Պիղատոսին կատարած դիմումի եւ Յիսուսի մարմինը խաչից իջեցնելու դրւագը, անդրադարձաւ Յովսէփ Արեմաթացու առաքինութիւններին եւ յատկապէս նրա պարտականութեան գիտակցութեանը, ով քաջութիւն ունեցաւ Յիսուսին հաւատարիմ մնալ Նրա մահից յետոյ, նոյնիսկ այն պայմաններում, երբ առաքեալներն անգամ լքել էին Աստւածորդուն: Գերպ. Հայր Սուրբը դրւատելով Ս. Յովսէփ Արեմաթացու արարքը, այսօրւայ դրութեամբ եւս անհրաժեշտութիւն նկատեց պարտաճանաչութեամբ աշխատելը, եւ յորդորեց հաւատացեալներին՝ ինքնաքննութեամբ եւ ինքնասրբագրութեամբ սուրբին օրինակ դարձնեն իրենց կեանքում եւ պարտաճանաչութիւնն ու պարտականութեան գիտակցութիւնը դրսեւորեն երկու ուղղութեամբ՝ նախ Աստծու եւ ապա մեր նմանների նկատմամբ՝ սրբակեաց, բարեպաշտ ու աստւածահաճոյ կենցաղով եւ մանաւանդ բարեգործութեամբ ու մարդասիրութեամբ՝ արժանանալու համար Աստծու գթութեանն ու ողորմութեանը:

Ս. եւ անմահ պատարագի աւարտին, ս. խորան բարձրացան հոգեւորականաց ու դպրաց դասերը, եւ պատարագիչ Հայր Սուրբի ձեռամբ Ս. Յովսէփ Արեմաթացու աջով Ջրօրհնէք կատարւեց. օրհնւած ջուրը բաժանւեց ներկայ հաւատացեալներին՝ իբրեւ հաւատի ամրացման, հիւանդաց առողջութեան եւ ցաւերի փարատման միջոց:

Այնուհետեւ վանքի բակում, եկեղեցու արեւմտեան մասում, հոգեհանգստեան կարգ կատարւեց Ս. Ամենափրկչեան Վանքում պաշտօնավարած ննջեցեալ հոգեւորական ու աշխարհական բոլոր սպասաւորների եւ եկեղեցու բարերարների հոգիների խաղաղութեան համար:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Վանքի բակում, հոգեւորականաց դասի, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժ Աբրահամեանի, ազգային մարմինների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի համայնքների անդամների ներկայութեամբ տեղի ունեցաւ գեղարւեստական կոկիկ յայտագրով ծրագիր՝ բաղկացած համայնքի երգչախմբերի, պարախմբերի, ասմունքի խմբերի եւ անհատ երգիչների միջոցով կատարւող ազգային-ժողովրդական երգերից, արտասանութիւններից ու պարերից: Իրենց գեղեցիկ կատարումներով հանդէս եկան Հայ Ուս. Չհարմահալ միութեան «Մեղեդի» մանկական երգչախումբը՝ “«Անուշ խաղող» եւ «Երկիր հարազատ» խմբերգերով՝ խմբավար Համիկ Ալեքսանդրեանի գեղարւեստական ղեկավարութեամբ եւ Արսինէ Մարգարեանի ուսուցմամբ, Փերիոյ կրթ. միութեան «Էրեբունի» պարախումբը՝ «Տաւիղ» եւ «Նազ պար» պարերով՝ ղեկավարութեամբ պարուսոյց Ալինա Գրիգորեանի, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մշակութային միաւորի «Կռունկ» պարախումբը՝ «Կապոյտ թռչուն» եւ «Էրզրումի շորոր» պարերով՝ ղեկավարութեամբ պարուսոյց Նունէ Մկրտչեանի, Ռիմա Սիմոնեանի ղեկավարութեամբ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամ Ալինա Ալեքսանդրեանը՝ «Սփիւռքահայեր» արտասանութեամբ, Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամ Վանէ Շահնազարեանը՝ Չարենցի տաղարանի մի հատւածի արտասանութեամբ: Յաջորդիւ մեներգեցին Այլին Քեշիշեանը՝ աշուղ Լէյլիի «Ով բախտ անարդար» եւ Հարմա Կարապետեանը՝ «Ախպէրս ու ես», Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը՝ «Քամիները տանում են» երգերը, ապա Ս. Ամենափրկչեան վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ խմբավարութեամբ Համիկ Ալեքսանդրեանի՝ «Վերէն ի վար», «Ճախրա մանող» եւ «Նոր Ջուղա» խմբերգերի կատարումներով եզրափակեց գեղարւեստական ծրագիրը:

Ծրագրի հաղորդավարութիւնը կատարեց Վեհանուշ Խուդաբախշեանը, ով գեղարւեստական կատարումների ընթացքում, մէջընդմէջ համապարփակ կերպով ներկայացրեց Ս. Ա. Վանքի եւ «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու կառուցման հանգամանքները, եւ վերջում Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ու կազմակերպիչ յանձնախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն կազմերին ու անհատներին, ովքեր համագործակցել էին ծրագիրն իրականացնելու համար:

Հանդիսութեան եզրափակումն եղաւ կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի խօսքը: Գերպ. Հայր Սուրբը գնահատանքի եւ շնորհակալութեան խօսքեր ասաց կազմակերպիչներին ու մասնակիցներին, եւ «Անուշ խաղող» երգի բառերը փոխ առնելով՝ շեշտեց, որ Նոր Ջուղան՝ նման խաղողի որթատունկի՝ հայրենիքից սնւած, աւիւն ու աւիշ ստացած այն համայնքն է, որը դարերի ընթացքում իր փայլքը արժանի կերպով ցոլարձակել է իր շուրջ: Վերջում նա բոլորին շնորհաւորեց տօնի կապակցութեամբ:

Ձեռնարկի աւարտին տօնի կազմակերպիչ յանձնախմբի միջոցով տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան