Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ յունիսի 29-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի յետնաբակում կազմակերպւեց գնահատման երեկոյ, որտեղ մեծարւեցին Հայոց Ցեղասպանութեան 100 եւ 101-ամեակների, ՀՀ հիմնադրման 97 եւ 98-ամեակների ու թեմի նախկին առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի բարի երթի միջոցառման կազմակերպիչ յանձնախմբերը:

Հարկ է նշել, որ ժամանակի Թեմական խորհրդի կողմից 2013 թւականին կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախումբը եւ նրա ենթայանձնախմբերը, 2015 թւականին, համապատասխան միջոցառումներով ոգեկոչեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, եւ նկատի ունենալով, որ մի շարք երկարաժամկէտ նախաձեռնութիւններ աւարտւեցին 2016-ին, Թեմական խորհուրդը յարմար նկատեց Կենտրոնական յանձնախմբի եւ ենթայանձնախմբերի գնահատման միջոցառումը կազմակերպել ընթացիկ տարեշրջանում մի շարք այլ աշխատանքների իրագործման համար կեանքի կոչւած յանձնախմբերի գնահատանքի հետ միասնաբար:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:

Երեկոն սկիզբ առաւ Թեմական խորհրդի անդամ Քարոլին Դիլանչեանի խօսքով, ով ընդգծեց, որ խորհուրդը սոյն գնահատման երեկոյի կազմակերպմամբ ցանկացել է իր երախտիքի խօսքն ուղղել նրանց, ովքեր անձնւիրաբար իրենց բոլոր կարողութիւնները ի սպաս են դրել ազգային աշխատանքների իրականացման գործին: Նա անդրադառնալով անցնող երկու տարիների ընթացքում համահայկական առումով տեղի ունեցած ակնառու իրադարձութիւններին՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումներին, նշեց, որ Սպահանի հայոց թեմը հեռու չի մնացել համահայկական ծրագրերից եւ իր բազմաբնոյթ աշխատանքների իրականացման համար ոտքի է հանել համայնքի կարող ուժերին:

Այնուհետեւ Թեմական խորհրդի անունից արտայայտւեց ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, ով սկզբում հանդէս եկաւ շնորհակալական խօսքով ուղղւած բոլոր այն անհատներին, ովքեր նշւած յանձնախմբերի կազմերում իրենց ջերմեռանդ աշխատանքով լաւագոյնն են կատարել ծրագրերի իրագործման համար: Նա հայ ժողովրդի միասնականութիւնը 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկների կարեւորագոյն ձեռքբերումը նկատեց եւ ասաց, որ աշխարհասփիւռ հայութիւնը նոյն միասնական ոգով իր երթը շարունակում է, որի ականատեսը եղանք յատկապէս Արցախում ապրիլեան քառօրեայ պատերազմի ընթացքում: Պրն. Տէր-Մարտիրոսեանն իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով նաեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի ընդունմանը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցելութեանը՝ աւելացրեց, որ նման իրադարձութիւնները մեզ պարտաւորեցնում են առաւել ոգեշնչւած ու գօտեպնդւած աշխատել:

Ծրագրի շարունակութեան մէջ արտայայտւեցին 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Նոէլ Մինասեանն ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Աշոտ Դաւթեանը:

Պրն. Մինասեանը նախ նշեց, որ 100-րդ տարելիցի շրջագծում իրականացւած յաջողութիւններն ողջ հայ ժողովրդի ձեռքբերումն է, ապա ամփոփ զեկոյցով հանդէս եկաւ թեմի 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի եւ ենթայանձնախմբերի նպատակների ու ծաւալած գործունէութեան շուրջ: Նա յատկապէս անդրադարձաւ կարեւորագոյն աշխատանքներին՝ Ս. Ամենափրկիչ վանքի յուշարձանի յարակից տարածքի ու թանգարանի Հայոց Ցեղասպանութեան տաղաւարի բարեկարգմանը եւ «Հայոց Ցեղասպանութիւն, պատմութիւն, դատապարտում եւ փոխհատուցում» խորագրով խորհրդաժողովին՝ յայտարարելով, որ սոյն ժողովին ներկայ բարձրաստիճան եւ արտասահմանեան հիւրերը աշխատանքը գնահատել են պետական մակարդակի գիտաժողովներին համազօր մի իրադարձութիւն: Վերջում Նոէլ Մինասեանը երախտիքի խօսք ուղղեց Կենտրոնական յանձնախմբին օժանդակութիւն ցուցաբերած բոլոր անհատներին:

Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Աշոտ Դաւթեանը հպարտանքի առիթ համարեց այն փաստը, որ թեմի հասարակութիւնը որեւէ ջանք չի խնայում համազգային ծրագրերին մասնակցութիւն բերելու ուղղութեամբ: Նա աւելացրեց, թէ 100-րդ տարելիցի միջոցառումներով երկու կարեւոր պատգամ փոխանցւեց աշխարհին. առաջին՝ հայ ժողովուրդը միասնական է եւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ հրապարակւած Համահայկական Հռչակագիրը այդ միասնականութեան վառ ապացոյցն է. երկրորդ՝ Հայ Դատի աշխատանքները ճանաչման փուլից տեղափոխւել են հատուցման հանգրւան: Պրն. Դաւթեանը վերջում շնորհակալութիւն յայտնեց Հայ Դատի շրջանակում գործունէութիւն ծաւալած բոլոր անհատներին:

Այնուհետեւ տեղի ունեցաւ գնահատագրերի բաշխման արարողութիւն, ուր յանձնախմբերի անդամների համար Թեմական խորհրդի կողմից պատրաստւած գնահատագրերը ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի միջոցով յանձնւեցին պատկան կազմերի նախագահներին եւ համակարգողներին:

Որպէս երեկոյի եզրափակիչ խօսք՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանն իր պատգամը ուղղեց բոլորին՝ ուրախութիւն յայտնելով, առ այն, որ մէկ անգամ եւս թեմի զաւակների միասնականութիւնն արտացոլւեց՝ ազգային ու պահանջատիրական աշխատանքների իրականացման ուղղութեամբ՝ իրենց խուռներամ մասնակցութեամբ ու ներդրումով: Այնուհետեւ Հայր Սուրբը նշելով Հայ Դատի առումով վերջին ձեռքբերումները՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը արդարութեանը ձգտող իւրաքանչիւր երկրի եւ պետութեան պարտականութիւնը համարեց: Նա վերջում իր գնահատանքի խօսքն ուղղեց շրջանի Հայ Դատի յանձնախմբին՝ իր ծաւալած նւիրական գործունէութեան, Թեմական խորհրդին՝ իր կազմակերպական ճիշտ աշխատանքների եւ յատկապէս երեկոյին ներկայ յանձնախմբերին:

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Թղթակից (Նոր Ջուղա)