Չորեքշաբթի՝ 2016 թւականի յունւարի 27-ի առաւօտեան ժամը 11։30-ին, Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը եւ Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր-Մարտիրոսեանը Սպահանի նահանգապետ պրն. Զառգառփուռի կողմից հրաւիրւել էին նահանգապետարան, որտեղ նահանգապետի, Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, պետական եւ հոգեւորական այլ պատւիրակութիւնների հետ հանդիպում ունեցան Հարաւային Կորէայի Գուանգջու քաղաքի կաթողիկէ համայնքի արքեպիսկոպոսարանի աւագ հոգեւորական արքեպիսկոպոս Կիմ Հի-Ջունգին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը։ Արք. Հի-Ջունգը Հարաւային Կորէայի կաթոլիկ եպիսկոպոսական կոնֆերանսի Քրիստոնեայ Աշխարհի Յարաբերութեան եւ Կրօնների Երկխօսութեան Յանձնաժողովի ատենապետի հանգամանքով հրաւիրւել էր Իրան՝ մասնակցելու Իսլամական Մշակոյթի եւ Հաղորդակցութեանց Հիմնարկութեան կողմից կազմակերպւած «Կրօնների եւ Քաղաքակրթութիւնների Երկխօսութեան Հինգերորդ Նստաշրջան»-ին։

Կորէացի պատւիրակութեանը մաս էին կազմում «Կրօնները՝ Հարաւային Կորէայի Համար Խաղաղութեան Կոնֆերանս»-ի նախագահ քահանայ Կիմ Գուանգ-Ջունը, «Խաղաղութիւն եւ Կրօն» պարբերականի խմբագիր Հիունդօ Փառքը եւ ուրիշներ։

Հանդիպման ընթացքում երկու երկրների միջեւ եւ ի հետեւումն դրա՝ միաստւածեան կրօնների հետեւորդների միջեւ բարի-դրացիական յարաբերութիւնների զարգացման համար մտածումներ փոխանակւեցին ներկաների միջեւ եւ կարեւոր երեւոյթ նկատւեց այս ուղղութեամբ տարւող աշխատանքների ծաւալումը։

Հանդիպման աւարտին, Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը Կորէացի պատւիրակութեանը Ս. Ամենափրկչեան Վանք հրաւիրեց, որտեղ նրանք, Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցին այյցելելուց յետոյ, հիւրընկալւեցին Ծաղկեայ դահլիճում։ Հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերը եւ հոգեւորականաց դասի ներկայացուցիչներ։

Ներկաները աշխարհում խաղաղութեան, համերաշխութեան, քրիստոնէական սիրոյ տարածման եւ ազգերի ու կրօնների միջեւ համակեցութեան ու հանդուրժողականութեան համար կարեւոր համարեցին նման հանդիպումներն ու ծանօթացումները։ Արք. Հի-Ջունգն իր ուրախութիւնը յայտնեց, որ Իրանը ապահով եւ ընդունելի մթնոլորտով երկիր է միաստւածեան կրօնների հետեւորդների համար։ Նա նշելով, որ Հարաւային Կորէայում եւս կողք-կողքի ապրում են յիսունից աւելի կրօնների հետեւորդներ, շեշտեց, որ Իրանն ու Հարաւային Կորէան կարող են գեղեցիկ օրինակ հանդիսանալ այլ երկրների համար։

Հանդիպումից, յուշանւէրներ փոխանակելուց եւ հիւրասիրւելուց յետոյ, պատւիրակութիւնն այցելեց Ս.Ա. Վանքի «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարան, որից յետոյ հրաժեշտ տւեցին ազգային առաջնորդարանի պատասխանատուներին։