Թւականիս յունւարի 15-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Ուսանողական Միաւորի վարչութիւնը, միութեան յարկի տակ ընդունեց ուսումնական ընթացիկ տարեշրջանում, բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում ընդունւած Նոր Ջուղայի եւ Շահինշահրի երիտասարդ-ուհիներին: Ներկաներին ողջունեց Ուսանողական միաւորի վարչութեան նախագահ՝ Ռուբէն Մինասեանը: Նա շնորհաւորելով ուսանողների մուտքը համալսարան, անդրադարձաւ հանդիպման նպատակներին, ապա ըստ միաւորի արխիւային տւեալների, ներկայացրեց միաւորի վարչութեան միջոցով պատրաստւած մի տւեալների վերլուծութիւն, որով ներկայացւում էր վերջին հինգ տարիներում համալսարան մուտք գործած երիտասարտ-ուհիների թւային աճի եւ նւազման պատկերը: Երկրորդ բաժնում, լուսանկարների ցուցադրմանը զուգահեռ, ներկայացրեց վերջին ժամանակաշրջանում միաւորի ծաւալած գործունէութիւնից համառօտ զեկոյց: Յաջորդիւ նա բնութագրեց դպրոցի միջնակարգ օղակի եւ համալսարանի հիմնական տարբերութիւնները:

Ներկաներն առիթ ունեցան նաեւ դիտելու «Ստիւ Ջաբզ»-ի ելոյթը՝ նրա կենսագրութեան երեք կարեւոր փուլերի մասին տեսաժապաւէնը: Ռ. Մինասեանը բացատրելով տեսանիւթի հիմքում ընկած պատգամը, որպէս յաջողակ ուսանող եւ երիտասարդ գիւտարար, ուսանողներին խորհուրդ տւեց օրւայ պահանջների հիման վրայ ուղղւածութիւն տալ իրենց նախասիրութիւններին, տիրապետել ուսումնասիրելու մեթոդներին, զարկ տալ նիւթի փոխանցման կարողութիւններին, որի համար շեշտը դրեց գործնական աշխատանքի վրայ, կարեւորելով անգլերէն լեզւի իմացութիւնը:

Այնուհետեւ շնորհաւորական խօսքով ելոյթ ունեցաւ միութեան Կենտրոնական վարչութեան անդամ եւ միաւորի կապ Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, եւ ներկաներին առաջարկեց ցանկութեան դէպքում նրանց անդամակցութիւնն ու համագործակցութիւնը միաւորի հետ: Վերջում որպէս շնորհաւորանքի արտայայտութիւն եւ գնահատում, նորամուտ ուսանողներին շնորհւեց գնահատագրեր:

Հանդիպումն աւարտւեց խմբական լուսանկարւելով եւ համեստ ընդունելութեամբ:

Նշելի է, որ հանդիպմանը հրաւիրւած էին գերդիպլոմ, լիսանս, գերլիսանս եւ դոկտորայի մակարդակում ընդունւած ուսանող-ուհիները:

Միաւորին այժմ անդամակցում են 30 ուսանող-ուհի:

Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան թղթակից

Երանուշ Թահմազեան