Ուրբաթ` 31 յուլիս 2015 թւականի առաւօտեան Նոր Ջուղայի Խոջա-Պետրոս պողոտան մարդաշատ էր: Բազմութեան հիմնական մասը մարզիկ-ուհիներ էին, ովքեր մեկնում էին հայրենիք` մասնակցելու Համահայկական 6-րդ խաղերին: Բարի երթի արարողութեանը ներկայ էին Տէր Մեսրոպ Աւ. Քհնյ. Գալստանեանը, Ազգային մարմինների ներկայացուցիչները եւ մարզիկների ծնողները:

Քահանայ Հայրն աղօթեց եւ բարի երթ մաղթեց մարզիկներին, այն յոյսով, որ մարզական բարձր ոգով ու տրամադրութեամբ թողնելու են Նոր Ջուղան եւ վերադառնալու են յաղթանակներով: Մարզիկներին իր բարեմաղթանքները փոխանցեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը:

Սպահանի Հայոց թեմի պատւիրակութեան թիւը 84 հոգուց է բաղկացած, ներառեալ մարզիկներ, մարզիչներ եւ պատասխանատուներ: Պատւիրակութիւնը մասնակցելու է ֆուտբոլ, բասկետբոլ (օրդ. եւ տղ.), թեթեւատլետ (օրդ. եւ տղ.), թենիս (տղ.), լող (օրդ. եւ տղ.), բազկամարտ (տղ.), սեղանի թենիս (օրդ. եւ տղ.), հեծանւասպորտ (տղ.) եւ շախմատ (տղ.) մարզաձեւերով:

Յաջողութեան մաղթանքներով, բարի երթ եւ բարի վերադարձ ենք ցանկանում Սպահանի Հայոց Թեմի պատւիրակութեան բոլոր անձնակազմին:

Թղթակից՝ Նոր Ջուղա
Լուսանկարները՝ Երանուշ Թահմազեանի