Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով, ապրիլ 23-ի երեկոյեան ժամը 5:30-ից, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր հայորդիները համախմբւել էին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. "Արարատ" միութեան սրահում, որտեղ միասնաբար էկրանի վրայ դիտեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնից ուղիղ հեռարձակւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի հաւաքական Սրբադասման հոգեպարար արարողութիւնը, իսկ նախքան արարողութեան մեկնարկը Ադրինէ Ղեւեանի միջոցով պատշաճ բացատրութիւններ տրւեց Սրբադասման կագի կապակցութեամբ: Հեռարձակման աւարտին Ս. Ա. վանքի "Կոմիտաս" երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի, հնչեց "Սուրբ-սուրբ" աղօթքը, իսկ նոյն այդ պահից սկսած Նոր Ջուղայի բոլոր եկեղեցիների զանգերը ղօղանջեցին եւ որպէս 100-ամեակի խորհրդանիշ զանգերի 100 հարւածի խորհրդաւոր ձայնը ողողեց ամբողջ հայաբնակ թաղամասերը:

"Արարատ" միութիւնում իրականացւած ծրագրին ներկայ էին նաեւ Տ. Արտակ աբղ. Արաբեանը, քահանայից դասը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Իրանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան ազգութեամբ հայ Լեւոն Ջագարեանը եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու ազգային մարմինների անդամները:

Այնուհետեւ հոգեւորականաց դասի, ազգայինների եւ խորհրդարանի պատգամաւորի առաջնորդութեամբ, պահանջատէր ժողովուրդը մոմերի խորհրդաւոր լոյսերի ներքոյ, լուռ քայլերթ սկսեց "Արարատ" միութիւնից, որն ընթացաւ Խաղանի, Հաքիմ Նեզամի եւ Արեւելեան Նազար գլխաւոր պողոտաներով ու աւարտւեց Ս. Ամենափրկիչ վանքում:

Երթն աւարտւելուն պէս՝ մոմերը տեղադրւեցին վանքում վեր խոյացած Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանի մօտ, ինչպէս նաեւ պատւանդանին տեղադրւած Դեր Զորից բերւած հայ նահատակների մասունքների շուրջ:

Այնուհետեւ սկիզբ առաւ բողոքի համահաւաքը, որտեղ բացման խօսքով հանդէս եկաւ երեկոյի հաղորդավար Ադրինէ Ղեւեանը, իսկ ելոյթների շարանում հերթաբար արտայայտւեցին Սպահանի հայոց թեմի Թեմական Խորհրդի անունից Քառոլին Դիլանչեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, "Թադէոս Թադէոսեան" պատանեկան միութեան վարչութեան կողմից Անիա Անդրիասեանը եւ որպէս եզարփակիչ խօսք Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի պատգամը փոխանցեց Տ. Արտակ աբղ. Արաբեանը:

Ընթացքում Ս. Ա. վանքի "Կոմիտաս" երէցների եւ երիտասարդական երգչախմբերի միջոցով  կատարւեցին հայ կոմպոզիտորներից երգչախմբային ստեղծագործութիւններ, իսկ խմբի մենակատարներ՝ Թանիա Մինասեանի, Վանա Շիրւանեանի եւ Հարմա Կարապետեանի միջոցով հնչեցին երգեր:

Համահաւաքն աւարտւեց ժողովրդական մոմավառութեամբ:

Յատկանշական է, որ նոյն օրը կէսօրից յետոյ, "Թադէոս Թադէոսեան" պատանեկան միութեան նախաձեռնութեամբ 24-ժամեայ նստացոյց էր կազմակերպւել՝ համայնքի պատանիների մասնակցութեամբ, իսկ երեկոյի ամբողջ ընթացքում Եղեռնի զոհերի յուշարձանի շուրջ անմար ջահերով հսկումի արարողութիւն կատարւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. "Արարատ" միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով:

Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մասին առաւել բարձրաձայնելու համար՝ "Ռուբէն" երիտասարդական միութեան կազմակերպութեամբ վանքի շրջափակում տեղադրւել էր կրպակ, որտեղ ցանկացողներն առիթ ունեցաւ "A-G" նշաններով լուսանկարւելու եւ հաշթագ AG արշաւին միանալու նպատակով՝ իրենց լուսանկարները համացանցում տարածելու:
Աւանդոյթի համաձայն տեղի ունեցաւ նաեւ արեան տւչութիւն:

Լուսանկարիչ` Գեւիկ Խաչատրեան