Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը ուղեկցութեամբ դպրոցների տեսչութիւնների, ուսուցչական կազմերի եւ ծնողական խորհուրդների, ներկայանալով Ս. Ամենափրկիչ վանքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանի մօտ, պահանջատիրական կարգախօսների վանկարկումով ու ծաղիկների մատուցմամբ, ոչ միայն իր յարգանքի տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի բիւրաւոր զոհերի անթառամ յիշատակին, այլեւ իր պահանջատիրական ձայնը լսելի դարձրեց աշխարհին:

Կիրակի, ապրիլի 19

Առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Ջուղայի պահանջատէր աշակերտութեան ամենափոքրիկ ներկայացուցիչները, Ն.Ջ. հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի սաները, անմոռուկ ծաղիկը խորհրդանշող կրծքանշաններով եւ տարբեր լեզուների թարգմանւած «Յիշում եմ ու պահանջում» կարգախօսի եւ այլ լոզունգների ցուցանակներով, առաջնորդանիստ վանքում, պաշտպանը հանդիսացան համայն հայութեան արդար դատի: Սկզբում օրւան պատշաճ խօսքով հանդէս եկաւ նոյն դպրոցի ուսուցչուհի Սքարելտ Հայրապետեանը, ապա սաները 100-ամեակին նւիրւած իրենց ծրագիրը ներկայացրին, որը ողողւած էր խմբական երգերով ու արտասանութիւններով եւ յատկապէս պահանջատիրական վանկարկումներով:

Ծրագրում Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի առաջնորդութեամբ ներկաները միասնական աղօթեցին բիւրաւոր զոհերի յիշատակի համար, որից յետոյ Քահանայ Հայրը գնահատելով փոքրիկների հայերնասիրական եւ պահանջատիրական ելոյթը, աշակերտներին կոչ արեց, որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին իրենց արդարութիւն պահանջող ձայնն առաւել լսելի դարձնեն համայն աշխարհին՝ մինչեւ թուրքը ներողութիւն խնդրի իր կատարած ոճրագործութեան համար եւ յետ վերադարձնի հայ ազգից խլւած իրաւունքները:

Ծրագիրն աւարտւեց աշակերտական ծաղկեմատոյցով:

Երկուշաբթի, ապրիլի 20

Կէսօրին՝ ժամը 12:30-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի աշակերտութիւնը ներկայացաւ Ս. Ասենափրկիչ վանք՝ իր յարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր զոհերի յիշատակին:

Սկզբում աշակերտները, որոնք իրենց կրծքին էին կրում 100-ամեակի խորհրդանիշը, դպրոցի կողմից պատրաստւած ծաղկեպսակը տեղադրեցին յուշարձանի մօտ, ապա ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը հանդէս եկաւ օրւայ բացման խօսքով:

Յաջորդիւ աշակերտական ելոյթների շարանում հայերէն խօսքն ընթերցեցին Նարինէ Խուդաբախշեանն ու Շիրակ Դիլանչեանը, պարսկերէնը՝ Վահագն Թահմազեանը, Սէրլի Նազարեանը եւ Բրայեան Փանոսեանը, իսկ անգլերէն խօսքը հնչեց Լիլիթ Գէորգեանի եւ Անի Սիմոնեանի միջոցով:

Ծրագիրը շարունակւեց Վարանդի գրչին պատկանող «Եղեռնագործներին» ստեղծագործութեան ասմունքով՝ աշակերտներ՝ Նոյեմի Ղարիբեանի, Փարելի Ղազարեանի, Արսինէ Հայրապետեանի, Մհեր Մինասեանի եւ Մինելի Յակոբեանի կատարմամբ: Վերջում դպրոցի երգեցիկ խմբի միջոցով կատարւեցին «Զարթիր որդեակ» եւ «Երկիր հարազատ» երգերը:

Միջոցառումն եզրափակւեց Տ. Արտակ աբղ. Արաբեանի պատգամով, ով  աշակերտների ներկայութիւնը կարեւորեց որպէս Հայոց Ցեղասպանութիւնից 100 տարիներ անց հայ ազգի գոյատեւման եւ վերապրումի կարեւոր փաստ եւ դպրոցի պատասխանատուներին փոխանցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի գնահատանքի խօսքը: Ծրագրի աւարատին հնչեց միասնական աղօթք եւ տեղի ունեցաւ աշակերտական ծաղկեմատոյց:

Երեքշաբթի ապրիլ 21

Կէսօրին՝ ժամը 12:30-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների ու Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց»  եւ «Մասիս» դպրոցների աշակերտները համախմբւեցին Ս. Ա. վանքում, որտեղ ուժգին վանկարկումներով, աշակերտական ելոյթներով ու ծաղիկների մատուցմամբ մի անգամ եւս ապացուցեցին, որ իրենք հայկական արդար Դատի անխոնջ պաշտպաններն են լինելու:

Բոլորը կրում էին 100-ամեակի կրծքանշանները, իսկ Շահինշահրի աշակերտութիւնը հագել էր անմոռուկ ծաղկի պատկերով հագուստներ՝ իր հետ ունենալով պահանջատիրական խօսքերի ցուցանակներ: «Քանանեան» դպրոցի աղջիկները պատրաստել էին Ցեղասպանութեան թեմային առնչւող պատի թերթեր եւ պաստառներ« որոնց նոյնպէս կրում էին իրենց հետ:

Միջոցառումը վարեց եւ օրւայ բացման խօսքն ընթերցեց ուսուցչուհի Սօսէ Պօղոսեանը, ապա «Սրբոց Վարդանանց» դպրոցի կողմից աշակերտական խօսքն ընթերցեց Մելինէ Մարգարեանը, ասմունքեցին՝ Մեգան Բար‎ֆեանը` «Պատգամ» եւ Վանա Յակոբ Չաքերեանը «Ամենայն սրտով» բանաստեղծութիւնները: Ելոյթն աւարտւեց «Կռւեցէք տղերք» երգի միասնական կատարմամբ:

Շարունակութեան մէջ «Քանանեան» դպրոցի անունից Աւետիս Ահարոնեանի գրչին պատկանող «Յարգանք քեզ»-ը արտասանեց Նարէ Վարդանեանը եւ «Ծիծեռնակներին» բանաստեղծութիւնն ասմունքեց Շաղիկ Մատթէոսեանը, իսկ «Կռունկ» երգը կատարեց Թանիա Մինասեանը:

Աշակերտական ելոյթները եզրափակւեցին «Կատարինեան» դպրոցի աշակերտական խօսքով, որն ընթերցւեց Արգիշտի Ղարիբեանի եւ Գէորգ Մովսիսեանի միջոցով:

Իր պատգամը փոխանցեց Տ. Արտակ աբղ. Արաբեանը` աշակերտներին յորդորելով, որպէս երիտասարդներ՝ առաւել լուրջ մօտենալ Հայոց Ցեղասպանութեան խնդրին եւ հայ ազգի նպատակներին հասնելու համար լինել միասնական: Նա իր արտայայտութիւններն աւարտեց թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի գնահատանքի խօսքով՝ ուղղւած դպրոցի անձնակազմին եւ աշակերտութեանը: Վերջում հնչեց «Տէրունական» աղօթքը, ապա աշակերտները «Սարդարապատ»-ը երգելով իրենց ծաղիկները տեղադրեցին բիւրաւոր նահատակների յուշակոթողի մօտ:

Վերոնշեալ բոլոր ծրագրերին ներկայ էին նաեւ ազգային մարմինների եւ 100-ամեակի ոգեկոչման միջոցառումների կազմակերպիչ ենթայանձնախմբերի ներկայացուցիչներն ու համայնքի անդամները:

 

Լուսանկարիչ` Գեւիկ Խաչատրեան

{gallery}photo_report/2015_04/01_ashakertakan_tsaghkematouyts{/gallery}