Ուրբաթ՝ փետրւարի 20-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ Կրօնական խորհրդի, տեղի ունեցաւ շնորհաշատ երաժիշտ եւ Ս. Ամենափրկչեան վանքի «Տաթեւ» երգչախմբի խմբավար Համիկ Ալեքսանդրեանի «Թիթեռնիկների պարը» դաշնամուրային ստեղծագործութիւնների ձայնասկաւառակի համերգ-շնորհանդէսը: Շնորհանդէսին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդը, քահանայից դասը, ազգային մարմինների, հայոց ազգային դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները« հեղինակի հարազատները, արւեստագէտներ ու հոծ բազմութիւն:

Ողջոյնի խօսքով երեկոն բացւած յայտարարեց հանդիսավար` Մանիա Ղուկասեանը, ով ակնարկելով սկաւառակում տեղ գտած երաժշտութիւնների ստեղծմանը, կարեւորութեամբ ասաց, որ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանն իր ստեղծագործութիւնների առաջին ալբոմը նւիրել է իր ծնողներին՝ որպէս որդիական երախտագիտութեան դրսեւորում:

Ծրագրի առաջին բաժնում Համիկ Ալեքսանդրեանը կատարեց «Թիթեռնիկների պարը», «Մայրիկ», «Կեանքի անցում», «Երազ», «Հայկական պար», «Ծովի զեփիւռ», «Շառաչուն ալիքներ» եւ «Արտոյտ» ստեղծագործութիւնները, որոնցով գերեց արւեստասէր ներկաների սիրտն ու հոգին եւ փոխադարձաբար նրանցից ստացաւ բուռն ծափողջոյններով արտայայտւող դրական լիցքերն ու գնահատանքը: Ուշագրաւ էր յատկապէս երաժշտութիւններից հանդիսատեսին փոխանցւող անդորրը:

Առաջին բաժնի աւարտին հանդիսավարի միջոցով ընթերցւեց հեղինակի համառօտ կենսագրութիւնը, ապա համերգը շարունակւեց «Նոր Ջուղա», «Յուշեր», «Թանգօ», «Երկնային», «Զայանդեռուդ», «Հայրենիք» եւ «Մանկական եռանդ» ստեղծագործութիւնների կատարմամբ, որոնց, ինչպէս նախորդ բաժնում հնչած երաժշտութիւնները, մեծ հաճոյքով ունկնդրեցին ներկաները:Բուռն ստեղծագործական երեկոյի աւարտին արտայայտւեց Համիկ Ալեքսանդրեանը, որը փոխանցելով իր յոյզերն ու մտորումները՝ իր խորին շնորհակալութիւնները յայտնեց բոլոր նրանց, ովքեր համերգի կազմակերպման գործում համագործակցել են իր հետ կամ իր երաժշտութիւնների ստեղծագործման խթանն են հանդիսացել: Նա շնորհակալութիւն յայտնեց յատկապէս ձայնասկաւառակի հնչիւնային ռեժիսոր` Անդրէ Պարսամեանին, գրաֆիկական ձեւաւորող՝ Արին Օհանեանին, բացատրական գրութեան թարգմանիչ՝ Հայդուկ Վարդեւանին, Յովիկ Բաղումեանին, Ռիմա Սիմոնեանին եւ համերգի բեմայարդարման աշխատանքը կատարող` Լուսինէ Մարուքեանին: Մայեստրօն իր խօսքն աւարտեց  կարեւորութեամբ նշելով, որ իւրաքանչիւր արւեստագէտ լսելով հանդիսատեսի կարծիքը եւ ստանալով նրա դրական լիցքերը, սկսում է արարել:

Վերջում իր հայրական օրհնանքը փոխանցեց առաջնորդ Սրբազան Հայրը: Տ. Բաբգէն արք. Չարեանը շնորհաւորելով եւ գնահատելով երիտասարդ երաժիշտ-խմբավարին, աւելացրեց. «Աւելի քան մէկ ու կէս ժամ ապրեցինք եւ վայելեցինք երաժշտական համարները: Համիկ Ալեքսանդրեանն իր մատների հարւածներով իր բոլոր ապրումներն ու զգացմունքները դրսեւորեց եւ մենք վայելեցինք այդ բոլորը: Նրա իւրաքանչիւր երաժշտական համարը, որը լսեցինք մի քանի րոպէների ընաթցքում, երկար տարիների ապրումների արդիւնք էր»: Թեմակալ առաջնորդը վերջում երիտասարդներին յորդորեց՝ նման ասպարէզների մէջ մտնելով, աշխատեն ու մասնագիտանան: