Երեքշաբթի՝ 2014 թւականի հոկտեմբերի 21-ին, միօրեայ այցով Նոր Ջուղա ժամանեց Հայաստանի հանրապետութեան վարչապետ պրն. Յովիկ Աբրահամեանը: Նոյն օրը կէսօրին՝ ժամը 12:40-ին, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի աշակերտութեան զւարճալի բացականչութեան ներքոյ կրթարան մուտք գործեց յարգելի վարչապետը եւ նրան ընկերակցող Հայաստանի հանրապետութեան նախարարներից ու պետական բարձրաստիճան այրերից բաղկացած պատւիրակութիւնը, Իրանում Հ.Հ.-ի դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանը, Հ.Հ.-ում Իրանի դեսպան պրն. Մոհամմադ Ռէիսին, Սպահանի նահանգապետ պրն. Ռասուլ Զառգառփուռը եւ Հայաստանի հանրապետութեան ու Սպահանի պետական պաշտօնատար անձինք:

Յարգելի հիւրերին դպրոցի մուտքի մօտ դիմաւորեցին Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի, Սպահանի կրթա-դաստիարակչական հիմնարկի եւ հայոց դպրոցի պատասխանատուները, ապա պատւիրակութիւնը մօտեցաւ դպրոցի բակում շարքեր կազմած աշակերտութեանը, ովքեր Իրանի իսլ. հանրապետութեան եւ Հայաստանի հանրապետութեան դրօշների ծածանումով եւ ուրախ կանչերով ողջունեցին հիւրերին:

Կրթական Խորհրդի կողմից բարիգալստեան խօսք ընթերցեց պրն. Ջանսոն Աղաբաբայեանը, համալիրի պատմութեան համար փայլուն մի էջ համարելով Հ.Հ.-ի վարչապետ պրն. Յովիկ Աբրահամեանի եւ նախարարների ու բարձրաստիճան պատւիրակութեան ներկայութիւնը: Ապա հայոց դպրոցի տարբեր բաժանմունքների աշակերտներն անհատական եւ խմբական ասմունքներ, երգեր ու խօսքերի մի կոկիկ յայտագիր ձօնեցին վարչապետին եւ հիւրերին:

Գեղարւեստական ծրագրից յետոյ արտայայտւեց պրն. Յովիկ Աբրահամեանը, ով իր գնահատանքի խօսքն ուղղեց աշակերտութեանը եւ ուսուցիչներին: Պրն. վարչապետը ի ուրախութիւն բոլորի, յայտնեց, որ Հայաստանի Հանարապետութեան պատկան մարմիններն իրենց ամբողջական զօրակցութիւնը կը բերեն կրթահամալիրի բոլոր ձեռնարկների իրականացման ուղղութեամբ եւ ոչ մի ջանք չեն խնայելու կրթարանի վերելքի համար:

Հանդիպման աւարտին պրն. Վարչապետը մօտկից շփւեց եւ զրուցեց աշակերտութեան հետ: