Նախաձեռնութեամբ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի եւ համագործակցութեամբ միութեան ֆուտբոլի յանձնախմբի, թւականիս օգոստոսի 2-ից 8-ը, միութեան մարզական բաժնում տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցաշար՝ նւիրւած Լիսբոնի հինգ անձնազոհ մարտիկների ողջակիզման 31-ամեակին:

Մրցաշարի բացման հանդիսաւոր արարողութիւնը մեկնարկեց ողջոյնի եւ բացման խօսքերով, որով հանդէս եկաւ Անի Ղազարեանը, ապա աւագ խմբապետ Ռոբերտ Սիմոնեանի հրահանգով՝ դրօշակագարդի ուղեկցութեամբ տեղի ունեցաւ շքերթ, որի մասնակիցները կրում էին հինգ անձնազոհ մարտիկների պատկերները: Միջոցառման ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին նահատակ մարտիկների յիշատակը, որին յաջորդեց Սկաուտական միաւորի խօսքը, որն ընթերցեց Վանիա Պետրոսեանը: Նրա խօսքում ասւած էր՝«Երեսուն մէկ  տարիներ են անցել 1983 թ. յուլիսի 27-ից, սակայն այսօր եւս հինգ քաջարի մարտիկների սխրագործողութիւնը նոր պատգամ է փոխանցում. պատգամ ուղղւած Թուրքիոյ իշխանութեանը՝ ընդունելու Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու վերականգնել արդարութիւնը, պատգամ ուղղւած հայ երիտասարդութեանը՝ պահել իրենց ազգային դիմագիծն ու դառնալ պահանջատէր եւ մարտունակ, պատգամ ուղղւած հայ ազգին՝ պահանջատիրական իր պայքարի մէջ մնալ միասնական ու անզիջող եւ սատարել հայրենիքի վերելքին: Այժմ պահանջատիրական համահայկական մեր երթը ուղղւած է դէպի Ցեղասպանութեան 100-ամեակ եւ պայքարը նոյն թափով ու վճռականութեամբ պիտի շարունակենք, մինչեւ Հայ Դատի արդարացի լուծումն ու ազատ, անկախ եւ ամբողջական Հայաստանի կերտումը:

Խաղերի գնդակը օրհնելու համար հրաւիրւեց Տ. Մեսրոպ աւագ քհնյ. Գալստանեանը: Նա եւս անդրադառնալով հինգ հերոսների քաջագործութեանը ասաց. «Մրցութեան մէջ լինում են յաղթողներ եւ պարտւողներ, սակայն այս պարագային դա էական չէ. կարեւորն այն է, որ այս մրցաշարով եւ մեր ներկայութեամբ յարգում ենք հինգ մարտիկների յիշատակը, եւ մեր երախտագիտութիւնն ենք յայտնում ոչ միայն այս նահատակներին, այլ նաեւ բոլոր այն հերոսներին, ովքեր  իրենց կեանքը նւիրեցին յանուն հայրենիքի  եւ Հայ Դատի արդար լուծման: Քահանայ Հայրն իր խօսքի աւարտին որպէս՝ այս սուրբ գաղափարին նւիրւած խաղերի մեկնարկ՝ ներկաներին հրաւիրեց միասնական աղօթքով մասնակից դառնալ գնդակի եւ խաղերի օրհնելու արարողութեանը:

Հնգօրեայ մրցաշարի ընթացքում մրցադաշտ իջան համայնքի  երիտասարդներից կազմւած՝ «Արարատ», «Արցախ», «Ախթամար», «Լիսբոն», «Սարդարապատ» եւ «Րաֆֆի» խմբերը:

Եզրափակիչ փուլում մրցակցեցին «Արարատ» եւ «Արցախ» խմբերը։ Խաղը 1-1 հաշւով աւարտւեց ոչ ոքի, սակայն 11-մետրանոց (փենալթիի) հարւածների արդիւնքում 5-4 հաշւով մրցադաշտից յաղթող դուրս եկաւ «Արարատ» խումբը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց «Արցախ» խումբը:  Յաղթողները պարգեւատրւելու են գնահատագրով եւ յուշանւէրով։

Նշել է, որ մրցավարութիւնը սիրայօժար կերպով ստանձնել էին՝ Ռուբիկ Պարսամեանը, Ռազմիկ Նազարեանը, Մելքոն Քեշիշեանը եւ Արին Խաչիկեանը, իսկ Կազմակերպիչ յանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Սիրջանեանը, Սեպուհ Վարդանեանը, Մանիա Բէգիջանեանը, Թադէ Ղարիբեանը, Անի Ղազարեանը, Սասուն Սիմոնեանը, Արայիկ Սիմոնեանը, Էմանուէլ Սիրջանեանը եւ Ռոմիկ Թահմազեանը:

Թող յաւերժ վառ մնայ Լիսբոնի հինգ հերոսների յիշատակը: